«Հրապարակ». Դե հեգնեք ադրբեջանցիների ոչմիթիզականությունը, ինչո՞ւ չեք հեգնում

«Հրապարակ». Դե հեգնեք ադրբեջանցիների ոչմիթիզականությունը, ինչո՞ւ չեք հեգնում

«Խաղաղության պայմանագիր չի լինելու՝ դա լինելու է Հայաստանի նվաստացման պայմանագիր։ Դա նմանվում է Ալեքսանդրապոլի դաշնագրին, որը նույնպես խաղաղության պայմանագիր էր»,- մեզ հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նա կարծում է, որ Ադրբեջանը մեզ սովորեցնում է, թե ինչպես մեզ պահենք, որպեսզի չհարձակվի մեզ վրա։ Խաղաղության դեպքում կողմերն ընդառաջ քայլեր են կատարում, իսկ Ադրբեջանը նման վերաբերմունք ցույց չի տալիս։

«Ալիեւը սովորեցնում է մեզ, թե ինչպես մեզ պիտի պահեինք 1994 թվականին, ինքը ցույց է տալիս, որ 1994 թվականին, երբ դուք հաղթած էիք, դուք այդպես պիտի վարվեիք մեզ հետ՝ չվարվեցիք, չպարտադրեցիք մեզ խաղաղության պայմանագիր այն ժամանակ, վախեցաք, ընկրկեցիք, Նախիջեւանը չազատագրեցիք, Գանձակը չազատագրեցիք, կանգնեցիք եւ չստիպեցիք մեզ խաղաղություն, չստիպեցիք մեզ կապիտուլյացիա, հիմա մենք ձեզ կստիպենք կապիտուլյացիա. սովորեք։ Սովորեցնում է»,- ասաց Սրբազանը։

Շիրակի թեմի առաջնորդն Արցախը կորսված է համարում ու Արցախ վերադառնալու մասին հայտարարությունները որակում է մերկապարանոց՝ որքան Մուշ եւ Արդահան վերադարձանք, որքան Կարս վերադարձանք, այնքան էլ Արցախ կվերադառնանք։ «Մենք պարտվել ենք մեր վախկոտությանը, մեր ֆոբիաներին, իսկ Ադրբեջանը ոչմիթիզական է, Ադրբեջանը նաեւ սովորեցնում է, թե ինչպես պետք է լինել ոչմիթիզական։ Այդ հայերն էին, որ հեգնում էին միմյանց ոչմիթիզականությանը՝ դե հեգնեք ադրբեջանցիների ոչմիթիզականությունը, ինչո՞ւ չեք հեգնում։ Մեծ երկիր, Հայաստանից ավելի մեծ երկիր, թող երկու թիզ էլ զիջի Հայաստանին՝ չի զիջում։ Ինչո՞ւ հայ ոչմիթիզականներին հեգնում էին, դե թող ադրբեջանցի ոչմիթիզականությունը հեգնեն։ Այս տարածաշրջանում կապրի նա, ով ոչմիթիզական է»,- նկատում է Սրբազանը։

Ադրբեջանցիները մեծագույն դաս տվեցին մեզ, բայց մենք այդ դասն էլ ունակ չենք հասկանալ, ինչպե՞ս կարելի է երեսուն տարի սպասել ու երեսուն տարի չհրաժարվել հողային պահանջից։ Մեր հարցին՝ եթե Ադրբեջանի մոտ ստացվեց, ուրեմն ինչո՞ւ մեզ մոտ չպիտի ստացվի, մեր զրուցակիցն ասաց․ «Որովհետեւ մենք հոգնած ազգ ենք, մենք մեր ծրագրերը նախատեսում ենք մեր ընտանիքից ներս եւ մի սերունդ, երկու սերունդ, առավելագույնը երեք սերունդ պերսպեկտիվով։ Մենք պետականաստեղծ ազգ դուրս չեկանք, մենք ազգային պետություն ստեղծելու ունակ ազգ չեղանք»։ Հայկական պետությունը բուտաֆորիա է, ու հիմնական խնդիրն է քարտեզի վրա պահել Armenia-ն՝ սա է այս իշխանությունների պետականության տեսլականը, սակայն արդյո՞ք այդ Armenia-ն կունենա պետության բովանդակություն»։

Անդրադառնալով Սուրբ Աթոռի կողմից նախաձեռնված «Գավիթ» քննարկումների հարթակին՝ Սրբազանը նշում է, որ այն սառեցման փուլում է, քանի որ փաստացի այն իր նպատակին չկարողացավ ծառայել։ Հարթակի նպատակն էր գաղափարներ գեներացնելը, առաջարկներ ներկայացնելն իշխանությանը։ «Իշխանությունը լսելու որեւիցե ցանկություն չունի, կարողություն էլ չունի լսելու, իրենք ինքնաբավ են, իրենք որեւիցե մեկին լսելու բան չունեն, հեղափոխություն են արել՝ մի բան են արել, որ աննախադեպ է։ Իրենք ումի՞ց պիտի սովորեն, մի բան են արել, որը ոչ մեկին չի հաջողվել. իրենք հայրենիք են հանձնել, որը ոչ մեկին չի հաջողվել։ Այսինքն, շատ բաներում իրենք իրոք «բացառիկ» են դրսեւորել իրենց՝ իրենք ումի՞ց պիտի սովորեն։ Առավել եւս՝ եկեղեցուց, որին հայտարարել են պետության թշնամի՝ հինգերորդ շարասյուն»,-ասաց Աջապահյանը։

Այս իշխանության համար գոյություն ունի երեք կառույց, որոնց դեմ պայքարելու են՝ Արցախ, Սփյուռք եւ Հայ առաքելական եկեղեցի։ Արցախի ու Սփյուռքի հարցը լուծել են, բայց եկեղեցու հարցը չեն կարող լուծել։ «Որոշ ճակատամարտեր կարող են շահել, բայց պատերազմը տանուլ կտան»,- վստահ պնդեց Սրբազանը։
Ինչպիսի՞ն պետք է լինի հայոց պետականության մոդելը, որպեսզի կարողանա դիմագրավել բոլոր մարտահրավերներին։ Սրբազանը համոզված է. «Հայկական պետականությունը պետք է կենտրոնանա եւ հավաքվի եկեղեցում եւ եկեղեցու շուրջ։ Հայկական իրականությունը ցույց է տվել եւ այսօր էլ ցույց է տալիս, որ ինքը ոչ մի հարցում կենսունակ չէ, բացի եկեղեցական ասպարեզում։ Միակ կենսունակ ասպարեզը հայ իրականության մեջ եկեղեցին է։ Բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է վերանան։ Դրանք միայն աղետ են բերել այս ազգի գլխին՝ միայն աղետ»։

Դեմոկրատական համակարգը չի կարող հաղթել տոտալիտար համակարգին, ինչն այնքան պարզ երեւաց արցախյան վերջին պատերազմի ժամանակ։ Եվ հայ ժողովրդի հմայվածությունը դեմոկրատիայով, եթե ոչ հիմարության, ապա միամտության մասին է խոսում՝ կարծում է Միքայել Աջապահյանը։ Նա գտնում է, որ հոգեւորականը պետք է անկեղծ խոսի խնդիրների մասին ու զգուշացնի, որ եթե այսպես շարունակվի, ապա վերջը դժոխքն է լինելու, այն էլ՝ Երկրի վրա։ Անդրադառնալով հայ-թուրքական փոխհարաբերություններին, Շիրակի թեմի առաջնորդը շեշտում է, որ, անկախ հանգամանքից՝ թուրքական գործոնը լավն է, թե վատը, թուրքական տարրը սպառնալիք է հայկական գոյությանը։ Սակայն դա չի նշանակում, որ թուրքին պետք է վերացնել, դա նշանակում է հայրենիքի սահմաններն անառիկացնել ու ապահովել սեփական անվտանգությունը, որպեսզի հազար տարի հետո շարունակենք գոյություն ունենալ։ Իսկ «խաղաղության պայմանագրով» Հայաստանը դառնալու է անցանկապատ պարտեզ, անկադաստր տարածք։
«Անցանկապատ պարտեզ լինելով, ով ասես պիտի մտնի եւ պտուղը քաղի, որովհետեւ այդ պարտեզը նույնիսկ պահակ չունի, եթե պահակ էլ ունի՝ պահակի ձեռքին մահակ չկա։ Եվ, ի վերջո, գալու է մի օր, երբ որ Հայաստանում գերակշռող տարրը հայը չի լինելու՝ դա չենք էլ գիտակցելու։ Հայը դա չի զգալու, որովհետեւ վտանգի զգացողությունը բթացած է, եւ ինքը թույլ է տալու, որ օտար տարրը գերակշռի երկրում։ Դա չեմ ասում, որովհետեւ օտար տարրը վատն է, ուղղակի օտար տարրը օտար է, եւ երբ որ օտարը գերակշռում է, այդ երկիրը դառնում է օտարինը։ Քսենոֆոբիայի հետ ոչ մի կապ չունի իմ ասածը, ես օտարատյացության մասին չեմ խոսում՝ ես խոսում եմ անվտանգության մասին։ Ես չեմ ասում՝ հնդիկներին պետք է վռնդել, ամեն ինչ պետք է կարգավորել այնպես, որպեսզի հայկական ներկայությունը ՀՀ-ում լինի 90 տոկոս»,- ասաց Սրբազանը։