Մինչև աքլորականչը երեք անգամ ինձ կդավաճանես

Մինչև աքլորականչը երեք անգամ ինձ կդավաճանես

Էդ ո՞վ է ասել, որ Փաշինյանը արևմուտքի առաջարկին է համաձայն։ Մի հատ ասեք էլի՜։ Դա իրականության հետ ոչ մի կապ չունի։ 
Ինչքան էլ անհավատալի թվա, ՔՊ համագումարում արտահայտած  Փաշինյանի մտքերն  են։ Անհամբեր սպասում եմ , որ նա կասի՝ ի՜նչ Բրյուսել, ի՜նչ արևմուտք, տո դրանց բոլորին էլ «փաթաթած ունեմ»։

Այդպես էլ տառացիորեն անում է։  ՔՊ համագումարում ասում է՝ իմը Ռուսաստանն է։ Ռուսաստանն է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Ռուսաստանն է մեր հաց ու ջուրը, մեր օդը․․․ Ակամայից հիշում եմ, երբ Հիսուսն ասում էր  Պետրոսին․ 
- Մինչև աքլորականչը երեք անգամ ինձ կդավաճանես։ 

Մինչև աքլորականչը կամ սոչիականչից առաջ Փաշինյանը Ռուսաստանին կրկին  «պրիզնատ եկավ,,։ Բոլորս էլ հասկանում ենք աթոռի, իշխանության, կյանքի փրկության հարց կա։ Բայց աթոռի համար ամեն աքլորականչի ռուսաստանաարևմտափոխ լինել ու  չմտածել, որ ախր՝ ով ով, Ռուսաստանն ու Արևմուտքը «տեսնում են իրեն» , ժողովուրդն էլ կույր չէ։ Ասում է՝ ինչ ասես պատրաստ եմ անել, ստորագրել։ Բրյուսելում էլ «նույն խոնարհ հարսն էր»։ Ախր նույն ժամանակ հնարավոր չէ երկու տան հարս լինել։ Սա ի՞նչ թատերական շոու է։ Իզուր չէ, որ և Արևմուտքը , և Ռուսաստանը հարցնում են՝ ի՞նչ ես ուզում, փորացավդ ասա։ Արևմուտքի դիտորդներին բերել, ճերմակ վերնաշապիկներով ու գալստուկներով կանգնեցրել է իր սահմաններին, Ռուսաստանին էլ ասում է․

«Դիվանագիտական ճանապարհով աշխատանք՝ Ադրբեջանի հետ, եթե չի աշխատում այդ տարբերակը, ՀԱՊԿ-ը պետք է արդեն ուժային գործողություն պլանավորի անդամ պետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Որոշեցինք ԱԳՆ-ներին տալ հանձնարարական՝ այդ խնդիրը լուծելու»: Լավ է Պուտինին չի հանձնարարական տալիս․․․

Ռուսաստանը և Արևմուտքը հակառակ բևեռներ են՝ իրենց պետական շահերով։ Դու ո՞նց ես այդ երկուսի մեջ «խաղ տալիս»։ Երկու տարբեր բևեռների մեջ խաղ տվողը երկուսի կողմից է տուժելու։