Մեր երեխեքն էլ երևանցի երեխեքից պակաս չեն․Գյումրու ավագանին նախորդ տարվանից շատ գումար հատկացրեց ամանորյա ծախսերի համար

Մեր երեխեքն էլ երևանցի երեխեքից պակաս չեն․Գյումրու ավագանին նախորդ տարվանից շատ գումար հատկացրեց ամանորյա ծախսերի համար

Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստին ընդունվեց ամանորյա միջոցառումների  համար նախատեսված ծախսերի որոշումը: 2022-ը դիմավորելու համար Գյումրու բյուջեից կհատկացվի 10 մլն 400 հզր․դրամ, որից 5 մլնը կհատկացվի հրապարակի գլխավոր տոնածառը տեղադրելուն, 3 մլն-ը կծախսվի ամանորյա պարկեր ձեռք բերելու համար, 900 հզր-ը՝ լույսերի վառման, 600 հզրը՝ հյուրասիրության նպատակով: Համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը մինչ որոշման նախագիծը զեկուցելը, ընդգծեց․« Չեմ ասում՝ շքեղ պիտի տոնենք, բայց համեստ լինելու է: Երեկ տեսա, որ Երևանը տոնածառ է դնելու հրապարակում, մեր երեխեքն էլ երևանցի երեխեքից պակաս չեն, ուրախ եմ, որ մենք էլ պիտի տոնածառ դնենք: Ճիշտ է, մահը՝ մահ, բայց երեխեքի ուրախությունն էլ՝ ուրախություն:

10 մլն-ից քաղաքի որոշակի փողոցների դեկորային գեղեցկություն կհաղորդվի, ֆուրշետ դահլիճում մեր աշխատակիցներին ու ավագանիներին հյուրասիրություն կարվի»,-ասաց ֆինանսական բաժնի պետը:

Հենց այստեղ ավագանու անդամ Վարդևան Հակոբյանը նկատեց, որ Երևանում հյուրասիրությունից եւ լուսավորությունից հրաժարվեցին, որոշում կայացվեց տեղադրել միայն գլխավոր տոնածառը: Տիկին Ջիլավյանն հակադարձեց .«Մեր ավագանիների ու ընտրված քաղաքապետի  առաջին նոր տարին է․․․, մի տարի միայն բարի լույս ու ցտեսություն ենք ասել իրար, 600 հզր դրամն ինչ է էսքան կոլեկտիվի համար»: Ավագանու անդամն էլ իր հերթին համառեց․ «Ես էսքան կոլեկտիվին ավելի լավ առաջարկ ունեմ․․․»:

Նշենք, որ ավագանու անդամները նկատեցին, որ 2019 թ-ին ամանորյա ծախսերի համար բյուջեից հատկացվել էր 7 մլն․ դրամ, որը 3 մլն-ով պակաս էր այս տարվանից, այն դեպքում, երբ այս տարի անգամ հրավառություն նախատեսված չէ, որի արժեքը 1մլն դրամ է: Հիշեցնենք, որ  2020-ին համայնքի բյուջեից ընդհանրապես գումար չհատկացվեց, քանի որ Ամանորը հասկանալի պատճառներով  ողջ Հանրապետությունը չտոնեց:

Այս տարվա ծախսերի ավելացումն էլ պատճառաբանվեց, որ ձայնային տեխնիկան Երևանից է բերվելու, ինչպես նաև որոշ դեկորներ  շարքից դուրս են եկել, քանի որ անցյալ տարի դրանք չեն օգտագործվել:

Ի դեպ, ավագանու անդամաներից մեկն էլ դեմ արտահայտվեց  քաղաքի լուսավորության համար գումար խնայելուն՝ համարելով, որ Գյումրին տուրիստական քաղաք է, եւ ամանորյա դեկորները քաղաքն էլ ավելի գրավիչ են դարձնելու: