Դուք Ձեր տանն եք Վարդգես Սամսոնյան, իսկ հասարակության մեջ համայնքապետ եք.ավագանու անդամի դիտարկումը

Դուք Ձեր տանն եք Վարդգես Սամսոնյան, իսկ հասարակության մեջ համայնքապետ եք.ավագանու անդամի դիտարկումը

«Բալասանյան դաշինք»-ով Գյումրու քաղաքապետ ընտրված Վարդգես Սամսոնյանը հայտարարեց, թե ծառայողական ավտոմեքենայից հրաժարվել է՝ համայնքի բյուջեում խնայողություններ անելու համար։ «Զարթոնք» կուսակցության ավագանու անդամ Վարդևան Հակոբյանը, այսօր՝ ավագանու նիստին, անդրադառնալով նորընտիր քաղաքապետի որոշմանը, ասաց․

«Միգուցե զարմանան հիմա մարդիկ, որ ես եմ սա ասում, բայց ասեմ, որ գուցե մտածում եք պատահական են այդ ծառայողական ավտոմեքենաները, որ պետությունը տրամադրում է, պատահական չեն, դրա համար մարդիկ կան, մասնագետներ, ինստիտուտներ են աշխատում։ Ես կարծում եմ, որ այդ որոշումից պիտի հրաժարվեք, որովհետև Դուք Ձեր տանն եք Վարդգես Սամսոնյան, իսկ հասարակության մեջ Դուք համայնքապետ եք, քաղաքի քաղաքապետ, այսինքն՝ սիմվոլ։ Ես գտնում եմ, որ քաղաքապետը պետք է ունենա ծառայողական ավտոմեքենա, իսկ եթե չունի, չգիտեմ՝ ինչ միջոցներ պիտի գտնվեն՝ գնվի, ավելին՝ իր պետհամարանիշն ունենա, որ ձեզանից հետո ով էլ լինի, իմանան, որ Երևանը կլինի, թե Գյումրին, տվյալ քաղաքի քաղաքապետի ծառայողական մեքենան է։ Անձի խնդիր չէ, ասեմ ձեզ մի տարրական բան ուղղակի, զուտ անվտանգության տեսանկյունից էլ, օբյեկտիվ, սուբյեկտիվ գործոններ կան լիքը։ Իսկ խնայողության հետ կապված հիմա ես ձեզ մի օրինակ կասեմ։ Կօգնենք Ձեզ լիքը բան խնայել։ Գազելներ ենք առել, կանգնեցրել, ձմեռն էլ դեռ կանգնելու են, մարտկոցներն ինչ են լինելու, 6 ամիս, մեկ տարի մնալու են, ունենալու ենք խնդիրներ դրանց հետ, էսպես լիքը խնդիրներ ենք ունենալու սպասարկման հետ կապված։Հիմա նախկինում էլ որոշումներ կային, որ խնայողությունների հետ կապված էն չեն, ավտոբուսներին նախնական տվել եք 1 մլն․ դրամ ու չեք գնել, դա խնայողությո՞ւն է, թե՞ խնայողություն չէ»։

Ավագանու անդամն առաջարկեց նաև ֆինանսական բլոկին նախագիծ մշակել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հետ կապված․ «Ես չգիտեի, որ այդքան ցածր են ստանում, քաղաքապետը ևս, մյուս մասնագետները 80-100 հզրի սահմաններում, ինչքան հնարավոր է՝ բարձրացվեն աշխատավարձերը, որպեսզի մարդիկ կարողանան պահանջել՝ նորմալ աշխատել»,-առաջարկեց Վարդևան Հակոբյանը՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք մայրաքաղաքում ավագանու անդամները վարձատրվում են։ Եթե այո, ապա ինչո՞ւ գոնե մինիմալ աշխատավարձ էլ չսահմանել մյուս համայնքների ավագանիների համար։

Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն աշխատավարձերի բարձրացմանը եւ ավագանիներին վարձատրելուն դեմ չէ, իսկ ծառայողական ավտոմեքենայից հրաժարվելու որոշմանն այլ կերպ արձագանքեց․«Ես իմ սեփական մեքենայով վարորդ եմ, բացի իմ մեքենայից ևս 5 մեքենայից հրաժարվել ենք, որոնք մաշվել են, հսկայական ծախս են , խնայում ենք, որից,  իմ կարծիքով, գործը չի տուժի»։