Ո՞վ է ցուցմունք տվել Խաչատուրովի դեմ

Ո՞վ է ցուցմունք տվել Խաչատուրովի դեմ

Մենք այստեղ իրավական պրոցես չենք տեսնում ու դա նաև այն հանգամանքով է պայմանավորված, որ մենք ամեն դեպքում փորձում ենք գտնել այդ իրավական կոմպոնենտը այս ամենում, բայց այդպես էլ չենք կարողանում։ Խաչատուրովը արդեն մայիսի 15-ին երկու ամիս կլինի, որ արգելանքի տակ է։

Այս մասին քիչ առաջ Գրիգորի Խաչատուրովին առնչվող քրեական վարույթի նախաքննության ավարտի, վերջինիս կալանավորման իրական նպատակների ու պատճառների, ինչպես նաև սույն գործընթացի հետագա փուլերի մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Հակոբ Ենոքյանը։

«Մարտի 16-ին մենք ստացանք Վերաքննիչ դատարանի որոշումը, որտեղ Վերաքննիչն ամեն դեպքում փորձել էր հիմնավորումներ ներկայացնել, թե ինչու պիտի Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանք կիրառվի։ Որտեղ որպես հիմք նշված էր անօրինական ազդեցություն գործադրելը։ Նաև խոսել էին փաստաթղթեր կեղծելու հավանականության մասին։ Այս ժամկետում որևէ տեղեկություն, ապացույց, նոր փաստեր, որոնք կարող էին վկայել, որ դրանց վրա կարող էր ազդեցություն ունենալ Գրիգորի Խաչատուրովը, չի ստացվել։ Վերաքննիչ դատարանը այնպիսի ձևակերպումներ է արել, որոնք անգամ բողոքող դատախազի ձևակերպումներում չկային։ Գրիգորի Խաչատուրովի հետ այս ընթացքում ոչ մի առերեսում չեն արել, ոչ էլ պլանավորած է եղել, որ դա պիտի անեն, այսինքն՝ ակնհայտ է մեզ համար եղել այն, ինչ կատարվում է այս գործով։ Փողերի լվացման մեջ է մեղադրվում Խաչատուրովը, բայց պատկերացնու՞մ եք՝ ոչ մեկ ցուցմունք չի տվել նրա դեմ, ոչ մեկ, կրկնում եմ։ Որևէ ցուցմունք, որևէ տվյալ չկա, որ պրն Խաչատուրովը փողերի լվացման հետ կապված գործողություններ է կատարել։ Մենք ուզում ենք բացատրել, որ այնպես չէ, թե Խաչատուրովը հրաժարվել է առերեսումներից, պարզապես հարցն այն է, որ դրանք ուղղակի չեն եղել»,- հավելեց նա։