Ստացվում է՝ օրենքի շրջանակներում կորելու են մշակութային արժեքներ

Ստացվում է՝ օրենքի շրջանակներում կորելու են մշակութային արժեքներ

«Հայկական պետություն» տեղեկատվական, վերլուծական եւ գիտահետազոտական նախաձեռնությունն օրերս նամակ էր հղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ մտահոգություն հայտնելով «Թանգարանների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, մասնավորապես, որ այն չի կարգավորում թանգարանային գործի բնագավառում հիմնական իրավահարաբերությունները, չի նպաստում ՀՀ մշակութային եւ բնական ժառանգության պահպանությանը, ՀՀ թանգարանային հավաքանու համալրմանը, հաշվառմանը, պահպանմանը, պահպանությանը եւ օգտագործմանը, թանգարանների եւ թանգարանային համակարգի զարգացմանը՝ մեծ հաշվով։ Ուստի, խնդրել էին Ազգային ժողովին՝ դադարեցնել «Թանգարանների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը, իսկ մշակույթի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնին հորդորել՝ ետ կանչել Ազգային ժողովի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունված «Թանգարանների մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանի նախկին տնօրեն, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախկին փոխնախարար Կարեն Արիստակեսյանն օրերս մեզ հետ զրույցում անդրադարձել էր այն ռիսկերին, որ կարող է ստեղծել այս օրենքի ընդունումը։ Նա առանձնակի մատնանշում է «Թանգարանների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետը, որտեղ ասվում է․ «Պետական թանգարանի թանգարանային եւ մշակութային առարկաները, արարողակարգային եւ աշխատասենյակների ներքին ձեւավորման նպատակով, տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, փոխվարչապետի գրասենյակին եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ պայմանով, որ ապահովի թանգարանային առարկաների պահպանությունը եւ ջերմախոնավային ռեժիմը»:

«Եթե մենք խոսում ենք պահպանությունից, ջերմախոնավային կամ լուսային ռեժիմից, ցանկացած մարդու աշխատասենյակում չի կարող այդպիսի ռեժիմ լինել, եւ ինչքան էլ դու մարդ նշանակես, որ գան նայեն, դա սուտ է։ Ստացվում է՝ նաեւ այս ձեւով կորչում են մշակութային արժեքներ։ Օրենքում, ըստ էության, օրինականացվում է այն, որ ոչ մի երկրում չկա, ինչը շատ ցավալի է, ու եթե հասկանում ես, թե ինչ նպատակով են գրել սա, ու ինչպիսի վերաբերմունք պետք է լինի մշակութային արժեքի, մշակութային ժառանգության նկատմամբ, ապա սա պարզապես նոնսենս է»,- ասում է Կարեն Արիստակեսյանն ու առնվազն տարօրինակ համարում օրենքի այս կետը, որը կարող է թանգարանային այդ առարկաների համար մի շարք ռիսկեր պարունակել։    

«Ես մեկն եմ եղել այն պաշտոնյաներից, որ ժամանակին կառավարության ընդունելությունների տնից բերել եմ այդպիսի նկարներ։ Մի մասի տեղը հազիվ ենք գտել ժամանակին, ի դեպ՝ օրիգինալ աշխատանքների մասին է խոսքը։ Հիմա անունը չտամ, բայց մասնավոր մի տարածքից Ազգային պատկերասրահ եմ վերադարձրել Հայաստանի Հանրապետության բյուրեղապակյա հավաքածուն, որն իր մեջ ներառում էր 700-ից ավելի առարկա, գործարանը լուծարվել էր, պետք էր ընդունում-հանձնում անել, ժամանակին չէին արել, մի մասն ուրիշ տեղ էին տարել, մյուս մասը՝ այլ։ Իմ՝ փոխնախարար եղած ժամանակ ես նաեւ ապօրինի դիտարկվող շրջանառությունից, դրսից բերել եմ ազգային նվագարաններին պատկանող 5 Գվարների ջութակ՝ յուրաքանչյուրը 1 մլն դոլար արժողությամբ»,- ասում է Կ․ Արիստակեսյանն ու եւս մեկ անգամ ընդգծում, որ այս կետն անընդունելի է, եւ ոչ մի տեղ նման բան չեք տեսնի։

Ի դեպ, բոլոր ժամանակներում եղել են խոսակցություններ, որ, պայմանավորված տարբեր պետական արարողակարգերով, թանգարանային այս կամ այն առարկան դուրս է բերվել թանգարանից կամ պատկերասրահից, որից հետո դրա ճակատագրի մասին այլեւս ոչ ոք տեղյակ չի լինում։ Կ․ Արիստակեսյանն ասում է, որ վերջին շրջանի մասին շատ տեղեկացված չէ, բայց երբ ինքն աշխատում էր պետական համակարգում, հիշում է նման դեպք․ «Ինձ հայտնի է նման դեպք․ 90-ականներին, ինչքան հիշում եմ՝ Հորդանան գնացել է թանգարանային մի ցուցադրություն, որն այլեւս Հայաստան չի եկել։ Ու չգիտեմ՝ դրա հետքերը գտնվեցին, թե ոչ»։