ԵԱՏՄ նիստի «արդյունքը»․ կաթսայից մեր մասնաբաժինը չի ավելացել

ԵԱՏՄ նիստի «արդյունքը»․ կաթսայից մեր մասնաբաժինը չի ավելացել

Հոկտեմբերի 1-ին Երեւանում կայացավ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որին, ի թիվս ԵԱՏՄ անդամ հինգ պետությունների ղեկավարների, մասնակցում էին նաեւ Սինգապուրի վարչապետն ու Մոլդովայի եւ Իրանի նախագահները։ Սա մեծամասշտաբ միջոցառում էր, որպիսին Հայաստանում շատ հազվադեպ է տեղի ունենում։ Եվ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս եւ շնորհիվ հիմնականում արարողակարգի ծառայության, կարողացավ այն անցկացնել բարձր մակարդակով։ Այնպես որ, չենք զլանա՝ հանուն արդարության, դրվատանքի խոսքեր հղել կառավարությանը՝ նման պատասխանատու միջոցառումն ըստ պատշաճի կազմակերպման համար։ Թեպետ նկատենք, որ դրա հիմնական պատասխանատուն եւ դափնիները կրողն արարողակարգի ծառայությունն է, որը նոր իշխանություններին ժառանգություն է մնացել նախկիններից։ Ինչեւէ, մեզ ավելի շատ հետաքրքրում էր, թե ինչ արդյունք տվեց այս միջոցառման անցկացումը Հայաստանին եւ ՀՀ-ին՝ որպես ԵԱՏՄ անդամ պետության։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հետ զրույցից հասկացանք, որ հիմնական արգասիքը մեծամասամբ Հայաստանի ջանքերով Սինգապուրի եւ ԵԱՏՄ-ի միջեւ կնքված համաձայնագրերն են, ի մասնավորի՝ ազատ առեւտրի համաձայնագիրը։ Մյուս հարցերը հիմնականում ընթացակարգային են եղել, որտեղ, ցավոք, չեն շոշափվել մեզ համար այնպիսի կարեւորություն ունեցող թեմաներ, ինչպիսին Լարսում մեր բեռնատարների կուտակման կամ, ասենք, ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքով տաքսի կամ ավտոբուս վարելու իրավունքի հարցերն են։

- Պարոն Խաչատրյան, հասկանալի է, ինչո՞վ նշանավորվեց Երեւանում անցկացված այս նիստը, որպեսզի մենք չասենք, թե սա հերթական նիստն էր, որ անցկացվեց «գալոչկայի» համար։

- Կարծում եմ՝ չափազանց կարեւոր հարցեր էին օրակարգում։ Ճիշտ է, Հայաստանի տեսանկյունից հարցի պատասխանն ավելի շուտ էր նախանշված, դա անդամ պետությունների միջեւ եկամուտների բաշխման հարցն էր, որտեղ մենք ունեինք որոշված սահմանաչափ, ամրագրվեց, որ Հայաստանի դեպքում այդ սահմանաչափն առանց փոփոխության է մնալու՝ մոտավորապես 1.22 տոկոս։

- Իսկ գուցե դրականն այն կլիներ, եթե այդ 1.22 տոկոսն ավելանա՞ր։

- Չի կարող։ Տեսեք, բոլոր մնացած պետություններն էլ ձգտում են արդարության, իսկ արդարության վերաբերյալ մեկնաբանությունները տարբեր են տարբեր կողմերի միջեւ։ Հիմնական տեսակետներից մեկն այն էր, որ որքան այդ երկրով մուտք է գործում, դա էլ պետք է ամրացվի տվյալ երկրին։ Երկու ասպեկտ կա՝ տնտեսական եւ սոցիալական։ Տնտեսական ասպեկտն այն է, որ որքան միջազգային առեւտուրն անցնում է տվյալ երկրի սահմաններով, դա է վերագրելի տվյալ տնտեսությանը։ Երկրորդ ասպեկտն այն է, որ կա նաեւ սոցիալ-տնտեսական համահարթեցման նպատակ, որը, մասնավորապես, Եվրամիության անդամ երկրներում կիրառվող օրինակով համեմատության մեջ բերվեց։ Այնտեղ, գիտեք, չեն բաշխվում այդ եկամուտները երկրների միջեւ, այլ այդ եկամուտներով իրականացվում են այնպիսի ծրագրեր, որոնք համաեվրոպական նշանակություն ունեն։ Այդպիսի ծրագրեր իրականացվում են հատկապես այն տնտեսությունների համար, որոնք ավելի նվազ զարգացած փուլում են գտնվում։

- Եթե չեմ սխալվում՝ ընդհանուր կաթսայից ամենացածրը մեր մասնաբաժինն է, ճի՞շտ է։

- Ես ուզում եմ ասել, որ դա կախված է նրանից, թե Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում սահմանը հատող ապրանքներից հարկային մուտքերը որքան են կազմած եղել դիտարկվող ժամանակահատվածում։ Այսինքն՝ փաստերն են ուղղորդել չափը որոշելիս։

- Պարբերաբար խոսվում է, որ այս տարի այսքան տոկոսով ավելացել է ապրանքաշրջանառությունն այս կամ այն երկրի հետ։ Եթե իսկապես ավելացել է ապրանքաշրջանառությունը, այդ դեպքում տրամաբանորեն չպե՞տք է նաեւ մեր մասնաբաժինն ավելանար, այլ ոչ թե մնար 1.22 տոկոսի վրա։

- Երկու բան եկեք առանձնացնենք։ Մենք ունեցել ենք Ազատ առեւտրի համաձայնագիր ԵԱՏՄ անդամ պետությունների հետ, եւ այն ժամանակ էլ ՀՀ-ից Ռուսաստան եւ հակառակը շրջանառվող ապրանքները մաքսատուրքերով չէին հարկվում։ Այսինքն՝ բոլոր դեպքերում այստեղ առարկան երրորդ երկրներից ԵԱՏՄ անդամ պետության սահմանը հատող ապրանքներից գոյացող մուտքերի մասին է։ Իսկ մենք, երբ խոսում ենք ներքին ապրանքաշրջանառության ավելացման մասին, դա արդեն, այո, ավելացել է, եւ ես վերջերս վիճակագրություն էի նայում արդեն հայտնի ամիսների թվով, եւ չնայած նրան, որ մենք ունենք արտահանման ընդամենը 4.6 տոկոս աճ ութ ամսվա արդյունքներով, բայց այդ պարագայում մեր արտահանումը դեպի ՌԴ մոտ էր 8 կամ մի քիչ բարձր տոկոսի։

- Այդ դեպքում ստացվում է, որ երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառությունն է մնացել նույն մակարդակին, չի ավելացել, որ մեր տոկոսը մնացել է նույնը։

- Ճիշտ եք ասում, եթե մի տեղ ավելացել է ավելի արագ, քան միջինը, բնականաբար, մյուս երկրներում․․․ բայց մենք միշտ էլ ասում ենք, որ մեզ համար հատկապես կարեւոր է ՌԴ շուկան, որովհետեւ դա մեր վերջնական արտադրատեսակների շուկան է։

- Բացի եղած փաստերն ամրագրելուց, որեւէ հարց եղա՞վ, որը խնդիր էր եւ լուծվեց։ Օրինակ՝ վարորդների հարցը, Լարսի հարցը։

- Ոչ, այս նիստին նման հարց չի քննարկվել։