«Հրապարակ». Դուք էլ պետք է մեր դրության մեջ մտնեք, հասկանաք, որ հեշտ չէ

«Հրապարակ». Դուք էլ պետք է մեր դրության մեջ մտնեք, հասկանաք, որ հեշտ չէ

Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը երեկ հայտարարություն տարածեց՝ կրկնելով օրեր առաջ արած առաջարկը՝ ԱԺ որոշմամբ ձեւավորել ՀՀ-ում ապաստանած արցախցիների հիմնախնդիրներով զբաղվող հատուկ ծրագրերի կոմիտե, սակայն 4 խմբակցությունները չեն համաձայնել մասնակցել նման օրակարգով խորհրդակցության։

«Միասնական հայրենիքն» առաջարկում է Արցախի ԱԺ-ի, ՏԻՄ-երի եւ ՀԿ-ների կողմից ընտրել Արցախի ժողովրդի վերադարձի կամ վերաբնակեցման հարցերով զբաղվող «Հատուկ ծրագրերի կոմիտե», որը կզբաղվի բնակչության վերադարձի շուրջ միջազգային հանրության եւ Ադրբեջանի հետ բանակցելու հարցով եւ «դրա անհնարինության պարագայում՝ ՀՀ-ում վերաբնակեցման կազմակերպմամբ»։ Փաստացի Սամվել Բաբայանը երկրորդում է ՀՀ իշխանություններին, թե Հայաստանում չեն կարող գործել Արցախի պետական ինստիտուտները։ Իսկ նշված կոմիտեն էլ, հավանաբար, պետք է ղեկավարի ինքը՝ Բաբայանը։ Զրուցել ենք Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վահրամ Բալայանի հետ։

- Սամվել Բաբայանի առաջարկած կոմիտեի գաղափարն ինչո՞ւ հավանության չի արժանացել ԱԺ խմբակցությունների կողմից։

- Ես կարծում եմ, որ տարբեր կառույցներ կարելի է առաջարկել, տարբեր անուններով, բայց նշված գործառույթով պետք է զբաղվի Արցախի Հանրապետության կառավարությունը։ Ինչ խոսք, այս պահին մենք վատ վիճակում ենք, պատերազմ ենք պարտվել, Արցախը հայաթափվել է, բայց ապագայում աշխարհաքաղաքական փոփոխություններ տեղի կունենան, հասարակության համախմբման անհրաժեշտություն կա, դրա համար ԱՀ կառավարությունը պետք է աշխատի եւ փորձի կյանքի կոչել այդ առաքելությունը։

- Դուք կողմ եք վտարանդի կառավարության, բայց ո՛չ կոմիտեի գաղափարին։

- Այո, եւ կարեւորն անձինք չեն, կարող են նոր մարդիկ լինել, 25 թվականը մոտենում է, ցանկալի կլինի նոր ընտրություններ կազմակերպել, բայց պետական մարմինները պետք է պահպանվեն 2 խնդիր լուծելու համար․ նախ՝ արտաքին ճակատում մեր դատը պաշտպանելու, ապա հասարակությանը համախմբելու համար, որպեսզի հետագայում հնարավոր լինի մեր հարցերը լուծել՝ թե՛ վերադարձի, թե՛ կարգավիճակի հետ կապված։

- Հայաստանի իշխանությունները տարբեր խոսափողներով հայտարարում են, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը, գուցե սա՞ է պատճառը, որ կոմիտե է առաջարկվում։

- Այդ կոմիտեն նույն գործառույթն է, փաստորեն, ուզում, խնդիրը նրանում է, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է կարողանան իրար հետ լեզու գտնել, որ չստացվի՝ մեկին արտոնություն տալ, մյուսին՝ ոչ․․․ Պետք է լեզու գտնել, միասին աշխատել, որ արդյունք լինի։ Վստահ եմ՝ բոլորիս խնդիրն էլ հայրենիքի ազատագրումն է, մեր իրավունքների պաշտպանությունը, պետք է ձերբազատվել անձնական ամբիցիաներից ու միասնական մոտեցում դրսեւորել։

- Սամվել Բաբայանն այդ կոմիտեի ստեղծումով իշխանությո՞ւն է ուզում ունենալ, միանձնյա անել այն, ինչ պետք է անի կառավարությունը, պետական ինստիտուտները։

- Չգիտեմ՝ որն է իր նպատակը, բայց իմ տեսակետն այն է, որ պետք է միասնական մոտեցում ու աշխատանք լինի։

- Իսկ ի՞նչն է խանգարում, որ Արցախի քաղաքական էլիտան միասնական լինի, քայլեր ձեռնարկի պետական ինստիտուտների պահպանման ուղղությամբ, ԱԺ նիստ, կառավարության նիստ հրավիրի եւ այլն։

- Այսպիսի խոսք կա, չէ՞, որ ասում են․ կա 2 հայ` 10 կարծիք։ Ամբողջ խնդիրն իրար հասկանալու, զիջելու, իրար հետ լեզու չգտնելու հարցն է։ Պետք է իրար հետ հավաքվենք, խոսենք սկզբունքների, գլխավոր հարցերի շուրջ, որ միասնական դիրքորոշում լինի, եւ ինչ-որ մեկը չասի՝ ես սա եմ ուզում, նա չեմ ուզում եւ այլն։

- Լավ, իսկ ի՞նչն է խանգարում, որ հավաքվեք ու լեզու գտնեք։

- Գիտեք, ես կարծում եմ, որ նախաձեռնողներ են պետք, մարդիկ, որոնք պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն, ներքին հակասություններ կան, որոնցից պետք է վեր կանգնել եւ առաջին պլան դնել երկրի ապագան։

- Կարծես լիդերի խնդիր էլ չունեք, Արցախի նախագահը չի՞ նախաձեռնում նման հավաքներ, թեպետ յուրաքանչյուրդ էլ կարող եք նախաձեռնել, նման փորձեր արե՞լ եք 2 ամսվա ընթացքում։

- Մի քանի նման փորձեր ունեցել ենք, բայց առայժմ գաղափարների բյուրեղացման, դրանց գործնականությունը պակասում է։

- Գուցե պատճառն այն է, որ ՀՀ իշխանությունների ճնշումների՞ց եք վախենում կամ չունեք նրանց աջակցությունը, թե՞ կարծում եք, որ Արցախը կորսված է` ձեւական քայլեր չարժե անել։

- Ինձ թվում է, որ այդ հարցերը պետք է ՀՀ իշխանությունների հետ էլ փորձել քննարկել, որովհետեւ դրա անհրաժեշտությունն էլ կա: Վերջիվերջո, մենք չգիտենք, թե այդ մարմինը որտեղ է աշխատելու, որտեղ է գտնվելու, առանց միջոցների, հնարավորությունների հնարավոր չէ այդ ամենն անել։ Պետք է գիտակցել, որ մարդիկ այնպիսի վիճակում են, որ յոլա են գնում, փորձում են ամեն օրվա ապրելու, սնվելու խնդիրը լուծել։

- Բայց հանուն հայրենիքի, սերունդների առջեւ ունեցած պատասխանատվության, կարելի է նաեւ զրկանքներ կրել, չէ՞։

- Ուզում եմ ասել, որ խնդիրները կան եւ ավելի մեղմ են` հաղթահարելի: Համագործակցություն է պետք թե տարբեր ուժերի, ինչու ոչ` նաեւ ՀՀ իշխանությունների հետ պետք է քննարկումներ լինեն։

- ՀՀ իշխանությունների դիրքորոշումը ձեզ հայտնի չէ՞, ի՞նչ եք ակնկալում նրանցից։

- Խնդիրը նրանում է, որ, այո, պարզ է իրենց հայտարարություններից, բայց չպետք է դրանով բավարարվել, պետք է խոսել, քննարկել, հարցեր կան, որ զուտ հեռախոսով նպատակահարմար չէ քննարկել, պետք է քննարկումներ կազմակերպել, օպտիմալ տարբերակներ ընտրել, որը մեկմեկու չի վնասի։

- Մի իշխանություն, որը մեկ տարի առաջ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, եւ որի քաղաքականության հետեւանքը եղան Արցախի կորուստը, հայաթափումը, ի՞նչ պետք է անի Արցախի համար, ի՞նչ քննարկում եք ակնկալում։

- Ոչ մի իշխանություն հավերժական չէ, եւ դա առիթ կամ պատրվակ չէ, որ դու ոչինչ չանես։

- Բայց Դուք ասացիք, որ այսօրվա իշխանությունից ակնկալիքներ ունեք:

- Պետք է քննարկել, դուք էլ պետք է մեր դրության մեջ մտնեք եւ հասկանաք, որ մեզնից անկախ հանգամանքներում ենք հայտնվել, եւ հեշտ չէ։

- Սամվել Շահրամանյանն ասում էր, թե գերխնդիրն արցախցիների վերադարձի հարցն է, որով զբաղվելու ենք առաջիկայում։ Որեւէ գործընթաց կա՞ այս ուղղությամբ, որի մասին մենք չգիտենք, կա՞ն վերադարձի նախադրյալներ։

- Իրականությունն այն է, որ հիմա Ստեփանակերտում անգամ Ստեփան Շահումյանի արձանն են հանել, հրապարակում թուրքերը շքերթ են անցկացնում։ Բայց, մյուս կողմից, այո, դու պետք է ապագայի համար այդ հիմքերը պատրաստես, որ վաղը հնարավոր լինի վերադառնալ։ Այս պահին, ցավոք սրտի, ես նման ռեալ հիմքեր չեմ տեսնում, բոլորը կարծես դեմ են մեզ, գուցե կան հանգամանքներ, որ ես տեղյակ չեմ, բայց, իմ գնահատմամբ, աշխարհում բոլորը մեզ դեմ են այս պահին: Երբ փոխվի աշխարհաքաղաքական իրավիճակը, գուցե ռեալ դառնա։