«Հրապարակ». Սա իրավակիրառման ցինիզմ է, օրենքի նկատմամբ արհամարհանք` բառի բուն իմաստով

«Հրապարակ». Սա իրավակիրառման ցինիզմ է, օրենքի նկատմամբ արհամարհանք` բառի բուն իմաստով

Մեր զրուցակիցն արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանն է:

- Վերջին շրջանում տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ ճաղերի ետեւում են հայտնվում՝ իրենց խոսքի համար: Իշխանությունը դա գնահատում է որպես բռնության կոչ, մինչդեռ իշխանության ներկայացուցիչները կամ համակիրները ավելի կոշտ գրառումներ են անում, սակայն նրանց նկատմամբ գործեր չեն հարուցվում, իսկ ընդդիմադիրներին կալանավորում են:

- Մենք երբեմն ասում ենք, որ օրենսդրության կիրառումը մեզանում երկակի ստանդարտներով է գործում, սա այն դեպքն է, որ անգամ չենք կարող ասել՝ երկակի ստանդարտներ, սա ուղղակի իրավակիրառման ցինիզմ է, օրենքի նկատմամբ արհամարհանք` բառի բուն իմաստով: Տասնյակ ընդդիմադիր քաղաքացիներ քրեական հետապնդումների եւ պատասխանատվության են ենթարկվում Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածով` բռնության կոչեր անելու համար․ հրապարակային կոչերի եւ քարոզի մասին է խոսքը: Այսինքն` մարդիկ մեղադրվում են իբրեւ բռնություն քարոզելու համար: Այս իշխանությունները հարցին առավել խիստ երանգներ տալու համար այդ ամենը դիտարկում են նույն հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով: Նախօրեին էլ նման մեղադրանք են առաջադրել Արագած Ախոյանին, դրանից առաջ՝ Տաթեւ Արցախի ու շատ այլ ուրիշ անձանց դեմ: Այսինքն` Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածը սրանք իրենց ձեռքի մուրճն են սարքել` մարդկանց լռեցնելու համար: Համեմատության համար կարող եմ հետեւյալ օրինակները բերել. ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հրապարակավ ականջ եւ լեզու կտրելու կոչեր արեց, սա ե՛ւ բռնության կոչ էր, ե՛ւ, կարելի է ասել, խուլիգանական արարք էր, բայց, ինչպես տեսանք, ոչինչ տեղի չունեցավ այդ անձի հետ, բայց նույն արցախցի Տաթեւիկ Վիրաբյանին` Տաթեւ Արցախին կալանավորեցին, քանի որ նա ուղղակի ինքնապաշտպանական նպատակներով կոչ էր արել հավաքվել հրապարակում: Այդ ամենը կարող ենք դիտարկել բոլոր ընդդիմադիր մարդկանց լռեցնելու փորձ:

- Առհասարակ, Ֆեյսբուքում գրառում անելը կարո՞ղ է բռնության կոչ դիտարկվել:

- Բռնության կոչը, ամեն դեպքում, բավարար չէ մարդուն կալանավորելու համար: Անձը նախ պետք է հնարավորություն ունենա՝ կոչերն իրագործելու համար: Հրապարակային կոչը չի կարող ենթադրել կոնկրետ բռնություն: Բայց օրվա իշխանությունների մեջ վախն այն աստիճան է խորացել, որ ցանկացած ընդդիմադիր գրառում դիտարկում են բռնության կոչ: Գործնականում կան տարբեր պատժի տեսակներ, մի պահ ընդունենք՝ իսկապես կա հանցագործություն, ինչպե՞ս են կալանքն ընտրում որպես խափանման միջոց: Դա ամենածանր խափանման միջոցն է եւ պետք է միայն կիրառել այն դեպքում, երբ մյուս խափանման միջոցներն իրենց չեն արդարացնում: Կալանքն այս պարագայում ունի ընդդիմադիրներին պատժելու նպատակ: Դրա համար էլ բոլորին անմիջապես կալանավորում են:

- Տնային կալանք են տալիս եւ շատերն ուրախանում են, միմյանց շնորհավորում, տպավորություն է, թե դա լավ բան է: Բայց լռեցնում են իշխանությունների դեմ ուղղված խոսքը:

- Շատ ճիշտ եք նկատել: Օրինակ` Գարիկ Գալեյանը հերոսի հայր է, ունի հիվանդություններ: Նա հայտարարում է, որ երկու տուն ունի` մեկը Եռաբլուրն է, սակայն իրեն այսօր արգելում են գնալ Եռաբլուր` որդու շիրիմին: Տնային կալանքը զուտ անձի կեցաղային վիճակի բարելավում է, բայց տնային կալանքի մեջ գտնվող մարդիկ հասարակության հետ հաղորդակցվելու ոչ մի ռեալ հնարավորություն չունեն: Գարիկ Գալեյանի խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի, բայց նրա կյանքում ոչինչ դրանով չփոխվեց: Նա անգամ որդու շիրիմին չի կարողանում այցելել: Ինչի՞ մասին է խոսքը: Նրանք անգամ չեն կարող հարցազրույցներ տալ, արտաքին աշխարհից կտրված են:

- Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է բռնակալի կերպարի մեջ մտել: Մի՞թե ընդդիմադիրներն այդքան մեծ ազդեցություն ունեն հանրության վրա:

- Հասարակության 90 տոկոսից ավելին այսօր ատում է այդ սուբյեկտին եւ իր իշխանությանը: Մարդիկ արդեն նույնիսկ չեն կարողանում զսպել իրենց նողկանքը՝ գիտակցելով, որ այդ մարդը ոչ միայն Արցախը հանձնեց, այլեւ կործանում է Հայաստանը: Սրանց մեջ վախը շատ է խորացել: Հավանաբար, նկատած կլինեք՝ ԱԱԾ-ն սատանաներ է սկսել փնտրել` Ալբերտ Բազեյանի նման վաստակաշատ քաղաքացին, ով եւս ունի առողջական խնդիրներ, մեղադրվում է ահաբեկչության փորձի մեջ: ԱԱԾ-ն մի այնպիսի տեսանկարահանում ցուցադրեց, որ անգամ ամենադիլետանտ ռեժիսորը չէր կարող նման անիմաստ բան նկարել: Փաստորեն, սրանք մի ռեժիսորի մակարդակ էլ չունեն: Վախն է միայն սրանց մեջ խորացել: Հասարակության մեջ վախի մթնոլորտ ստեղծելով՝ փորձում են իրենց վախերը քողարկել ու իշխանությունը պահել՝ որքան հնարավոր է: Մեկ բան եւս․ ամեն ինչ անում են՝ հասարակությանը հետագա քայլերից շեղելու համար: Արդեն անկլավների մասին են բացահայտ ու հրապարակավ խոսում: Առաջինը սա խոսեց, ոչ թե Ալիեւը: