Փաշինյանը խոսում է ճանապարհների ապաշրջափակման մասին, Ալիեւը՝ այդ ճանապարհները գրավելու

Փաշինյանը խոսում է ճանապարհների ապաշրջափակման մասին, Ալիեւը՝ այդ ճանապարհները գրավելու

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը շատ դժվար է հասկանալ: Նախօրդ օրը նա խորհրդարանի ամբիոնից կրկին խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային ենթակառուցվածքները բացելու պատրաստակամության մասին, իր խմբակցության անդամներին պատմել է տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով հանձնաժողովի հերթական հանդիպումից եւ ասել, որ հանդիպմանը քննարկվել է Երասխ, Օրդուբադ, Մեղրի, Հորադիզ երկաթուղու գործարկման հարցը, հերթական անգամ՝ անարդյունք: Այս երկաթուղին Ադրբեջանը կապում է Նախիջեւանի հետ, իսկ Հայաստանը դրա միջոցով տեսականորեն կարող է երկաթուղային հասանելիություն ունենալ Ռուսաստանի հետ: Փաշինյանն ասում է, որ Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերագործարկումը եւ շահագրգռված է դրանում: Մարդ բարոյական եւ մարդկային ինչ արժեքների կրող պետք է լինի, որ իր ղեկավարած երկրի տարածքի մի հսկայական մասի օկուպացիայի, իր երկրի քաղաքացիների երկարամյա գերեվարության փաստն անտեսելով, իր ղեկավարած երկրի նկատմամբ անընդհատ հնչեցվող սպառնալիքների պայմաններում խոսի թշնամի երկրի առաջ իր ենթակառուցվածքները բացելու շահագրգռվածության մասին: 

Գուցե Փաշինյանը չի տեսնում, որ չնայած իր շահագրգռվածությանը, Ադրբեջանն ընդհանրապես շահագրգռված չէ վերացնել Հայաստանի տնտեսական շրջափակումը, այդ երկրի իշխանությանն ընդհանրապես չի հետաքրքրում Նախիջեւանի հետ Հայաստանի տարածքով Ադրբեջանի հետ կապվելու հեռանկարը: Թե՞ Փաշինյանն ուզում է իր այս հայտարարություններով ավելի կառուցողական երեւալ, ուզում է Ադրբեջանին համոզել, որ Հայաստանը գրավելու կարիք չկա, ինչ ուզում եք՝ մենք պատրաստ ենք կամավոր հանձնել: Բացի իշխանությունից, թեկուզ՝ նոմինալ:
Ադրբեջանի նախագահին չեն հետաքրքրում Հայաստանի տարածքով անցնող ճանապարհն ու երկաթուղին, նա հետեւողականորեն վերացնում է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը՝ թերեւս նախապատրաստվելով Նախիջեւանի եւ Ադրբեջանի միավորմանը: Երկու ամիս առաջ Ալիեւը լուծարեց Նախիջեւանի ազգային անվտանգության ծառայությունը՝ այն միացնելով Ադրբեջանի համանման կառույցին, ընդամենը 10 օր առաջ լուծարեց Նախիջեւանի մաքսային կոմիտեն՝ այն դարձնելով վարչություն, մտցնելով Ադրբեջանի մաքսային կոմիտեի մեջ, իսկ նախորդ օրը հրաժարական տվեց Նախիջեւանի Գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 1993 թվականից՝ գրեթե 30 տարի, այդ պաշտոնում փոխարինելով Իլհամ Ալիեւի հորը՝ Հեյդար Ալիեւին: Հետաքրքիրն այն է, որ երբ Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները 1992-93 թվականներին փորձում էին Հեյդար Ալիեւին ազատել Նախիջեւանի Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնից, նա դա բնորոշեց որպես պետական հեղաշրջման փորձ եւ կարողացավ պաշտպանել իր պաշտոնը:

Հայաստանում շատերը կարծում են, որ Իլհամ Ալիեւը փորձ է անում սահմանափակել Նախիջեւանի իշխանությունների ինքնուրույնությունը եւ այնտեղ եւս հաստատել իր միանձնյա իշխանությունը: Կտրված լինելով Ադրբեջանից եւ ունենալով գործունեության բավական մեծ ազատություն եւ անձնական հեղինակություն՝ Վասիֆ Թալիբովն իսկապես տեղական հեղինակություն էր, ինչը կարող էր այնքան էլ դուր չգալ Ալիեւին: Եթե մինչեւ 2020 թվականը նա կարող էր իրեն կաշկանդված զգալ որոշ հարցերում որոշումներ կայացնելիս, հիմա, երբ ազգային հերոս է, հաղթանակի խորհրդանիշ, նրան ամեն ինչ կարելի է, այդ թվում՝ անսահմանափակ իշխանության հաստատում նաեւ Նախիջեւանում:

Մյուս կողմից, Ալիեւի՝ Նախիջեւանի փաստացի ինքնավարությունը ոչնչացնելը կարող է այլ իմաստ ունենալ: Նախիջեւանը՝ որպես ինքնավարություն, գոյություն ունի, քանի որ կտրված է Ադրբեջանից, Ադրբեջանի հետ ցամաքային կապ չունի: Հիմա Ալիեւը պատրաստվում է Ադրբեջանը եւ Նախիջեւանը միացնել իրար, իսկ Թուրքիան էլ պատրաստվում է իրար միացած Ադրբեջանն ու Նախիջեւանը միացնել իրեն: Այս օրերին զորավարժություններ են անցկացնում, որ երբ հարմար պահը հասունանա, պատրաստ լինեն այդ խնդրի իրականացմանը: Իսկ իրավիճակը, ոնց որ, շատ արագ հասունանում է. Ռուսաստանի գլուխը զբաղված է Ուկրաինայով, Իրանի իշխանություններն էլ ներքին խնդիրները չեն կարողանում լուծել: Հայաստանի մասին նույնիսկ ավելորդ է խոսելը. Հայաստանի իշխանությունը հնարավոր պատերազմին պատրաստվելու փոխարեն, բանուգործ թողած, զբաղված է պայմանագրային զինծառայողներին ատեստավորելով, որը կարող է հանգեցնել առաջնագծում կանգնածների կրճատմանը: Պայմանագրայինների մոտ արդեն խուճապ կա, որ կարող են պայմանագրերը չերկարացնել:

Հնարավոր է, որ Փաշինյանին հիմա այլեւս չի հուզում ո՛չ նոր պատերազմի հեռանկարը, ո՛չ էլ այդ նոր պատերազմի հնարավոր հետեւանքները: Նրան հիմա հետաքրքրում է, թե ում վրա կարող է բարդել դրա պատասխանատվությունը: 2020 թվականի պարտությունը բարդեց նախկինների ու բանակի վրա, 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների պատասխանատուն ՀԱՊԿ-ն էր, իսկ եթե Ադրբեջանը նոր պատերազմ սկսի միջանցք բացելու համար, դրա պատասխանատուն էլ Ռուսաստանն է: Փաշինյանն արդեն հսկայական փորձ ունի եւ նախապես է մեղավորներին գտնում ու բացահայտում, դրա մասին արդեն հոդված գրել ու հրապարակել է: Եթե մեղավորն ու պատասխանատուն գտնված են, կարելի է չանհանգստանալ, համենայնդեպս, երկրի մնացած հատվածի նկատմամբ իշխանությունը պահելու հարցում:

Ավետիս Բաբաջանյան