«Հրապարակ». Թաքուն նկարել-մկարել չլինի` հետեւիցս գցելու հավես չունեմ

«Հրապարակ». Թաքուն նկարել-մկարել չլինի` հետեւիցս գցելու հավես չունեմ

«88 թվականի երկրաշարժը «Սպիտակի երկրաշարժ» անունն է ստացել, բայց կառավարությունը միայն Գյումրիի մասին է խոսում: Շատ վիրավորական է, որ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն ասում է՝ 5 տարվա մեջ Գյումրիում կլուծեն տնակների խնդիրը, բայց մի բառ չի ասում Սպիտակի մասին, որտեղ մարդիկ ոչ թե ապրում, այլ լուռ մեռնում են»,- դժգոհություն հայտնեց վագոն-տնակում կյանքը մաշած տիկին Սիլվան:

Ցեխախառն ձյան մեջ, անհրապույր ու դատարկ փողոցում ինչ-որ մեկի ճամփին էր նայում: Մեզ նկատելով, աչքերը կկոցեց՝ տեղը բերելու համար: Երբ իմացավ, որ լրագրողներ ենք, տնակ մտնելու կտրուկ քայլ արեց: Ակնհայտ էր՝ խոսել չէր ուզում: Դժվարությամբ, բայց շփման եզրեր գտանք, պայմանով, որ «թաքուն նկարել-մկարել չլինի»: «Հետեւիցս գցելու հավես չունեմ»,- ասաց: Հետաքրքրվեցինք՝ ումի՞ց է վախենում, ասաց՝ բոլորից: «Ով տակը մի թեթեւ աթոռ ունի, կարա գա, վրեդ մատ թափ տա: Փորձի համար մի վատ բան ասեմ, մի ժամ հետո կգան-կգտնեն, բայց որ 34 տարի էս գերեզմանում ենք ապրում, ոչ մեկին չի հետաքրքրում»:

Հեռվից, դեպի մեր կողմը քայլող կնոջը տեսնելով՝ զրույցը կիսատ թողեց ու ընդառաջ գնաց՝ դիմավորելու: «Եկավ, ում սպասում էի»,- ասաց: Պարզվեց՝ եկողը երեւանաբնակ զարմուհին է, ով երկրաշարժից մի քանի տարի հետո ամուսնացել ու տեղափոխվել էր մայրաքաղաք: «Իր բախտը բերեց. 4-5 տարի ապրեց վագոնի մեջ: Քաղաքից մի լավ տղա հավանեց-տարավ: Բայց սիրտը ստեղից չի կտրվում, շուտ-շուտ գալիս է, հետն էլ Երեւանի խանութներում ինչքան ուտելու բան կա, առնում-բերում է»,- ներկայացրեց տիկին Սիլվան՝ արդեն ներսում, վաղուց դարն ապրած, ցուրտ ու խոնավ վագոն-տնակում:

Զրույցին միացավ նաեւ զարմուհին, ում կարծիքով՝ պետությունը երկրաշարժից տուժած բնակավայրերի նկատմամբ ընտրովի քաղաքականություն է վարում: «Ամեն ինչ անում են, որ Գյումրիից վերացնեն աղետի հետեւանքները: Ճիշտ է՝ շատ դանդաղ ու դժվար են անում, բայց քայլեր կան: Հետո, ով ուզում է գործ դնի, ուղղորդում են Գյումրի: Ես հասկանում եմ, որ իր մեծությամբ երկրորդն է, մշակութային ու կոլորիտային է, որ պետք է ուշադրության կենտրոնում լինի, բայց այսքա՞ն անհավասար, այսքա՞ն անարդար: Ինչ է՝ Սպիտակի վերքը ցավ չի՞ տալիս, Սպիտակը մաքրվե՞լ է անցյալի հետքերից, այստեղ մարդիկ չե՞ն ապրում… չնայած՝ ոչ էլ ապրում են. քայլող ուրվականներ են բոլորը՝ լուռ, իրենց վիճակի հետ համակերպված, օրվա հացով գոյատեւող»,- վրդովմունքը փոխանցեց տիկին Սիլվայի զարմուհին:

Նրա կարծիքով, ինչ արվել է Սպիտակում՝ աղետից հետո, շատ քիչ է, որովհետեւ կյանքը միայն կենտրոնում չէ, ոչ էլ կենտրոնի բազմաբնակարաններում: «Ճիշտ է՝ կենտրոնում շենքեր են կառուցել, ասֆալտ արել, խանութներ էլ կան, բայց իրական Սպիտակը մասնավոր տների թաղամասերում է: Տարին մեկ անգամ էլ որ ղեկավարներ են գալիս, ասֆալտից էն կողմ չեն անցնում, որ տեսնեն՝ ոնց են մարդիկ ապրում, ինչ պայմաններում են երեխա ամուսնացնում, թոռ մեծացնում, հիվանդ խնամում… Նույնիսկ փլատակները չեն վերացնում, որ ամեն անգամ մարդը չվերապրի այրվող մանկապարտեզի կամ փլուզվող տան սարսափը: Երեւի ղեկավարները վախենում են իրականության հետ առերեսվելուց, որովհետեւ իրենք էլ, նախորդների պես, խոստացան ու չարեցին. շարքային ժուլիկի պես խաբեցին: Իրենք, որ նույնիսկ իրենց կենդանիներին այս պայմաններում չեն պահի, ի՞նչ պետք է ասեն մարդկանց, որոնց երազանքները երկրաշարժի հետ փուլ եկան ու արդեն 34 տարի չեն նորոգվում: Թե բա՝ ապագա կա…»: 

Տխուր ու անգույն է նաեւ երեխաների մանկությունը: Տիկին Սիլվան կուզեր, որ իր թոռները լավ ապրեին: Ինքն ու երեխաները ցավ ու զրկանքներ շատ են տեսել, գոնե թոռները բարեկեցիկ կյանք ունենան: «Ո՛չ խաղահրապարակ կա, ո՛չ էլ մշակութային միջոցառումներ են անում, որ երեխաները զբաղվեն, զարգանան: Հեռուստացույցով են տեսնում, թե ոնց են Երեւանում տոնածառի լույսերը վառում, սալյուտ անում, ուրախանում… բերանները բաց նայում են՝ առանց ծպտուն հանելու: Հասկանում են, որ դա իրենց համար չէ, դա հարուստի հաճույք է, հարուստի ուրախություն: Իսկ իրենցն էս հոտած դոմիկն է, որ տոնական դարձնելու համար ամեն Նոր տարի զարդարում ենք փայլփլուն թղթերով»: