Մեր տարածքները թուրքին հանձնելով, փաստացի մեզ ենք հանձնում նրան 

Մեր տարածքները թուրքին հանձնելով, փաստացի մեզ ենք հանձնում նրան 

Այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագրի»՝ Հայաստանի կողմից ներկայացված առաջարկներում Հայաստանը պաշտոնապես համաձայնել է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, եւ դրա դիմաց Ադրբեջանը պետք է ընդամենը բառերով երաշխիքներ տա, որ կապահովի հայերի հետագա անվտանգությունն ու կպահպանի նրանց իրավունքների լիարժեք ապահովումը (սիրո խոստովանություն՝ հուզիչ եւ սրտաճմլիկ խոսքեր): Փաստացի ստացվում է, որ պաշտոնական Հայաստանը լիովին հավատում ու վստահում է թուրքին՝ հավատալով, որ նա հային չի նեղացնի: Մի՞թե սա ավելին չէ, քան իրական խաղաղության դարաշրջանի հաստատումը։

Մենք իրո՞ք չենք հասկանում, թե Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում՝ ինչ տեղի կունենա նրա հետ, եւ իրո՞ք չենք հասկանում, որ առանց Արցախի Հայաստան լինել չի կարող: Դեռ երեկ չէի՞ն Բաքվի եւ Մինգեչաուրի հայկական ջարդերը, որից այդպես էլ դասեր չառանք: Պետք է ընդամենը հասկանալ, որ դա է թուրքի եւ ադրբեջանցու տեսակը, որը երբեք չի փոխվելու։ 

Սիրելի հայ ժողովուրդ, վերջապես հասկացիր, որ այսօր իրոք հայտնվել ենք չափազանց ողբերգական վիճակում, եւ մեկ սխալ եւս, ու կկորցնենք ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանը: Այսօր մեզ տրված է վերջին շանսը, որ ողջ ժողովրդով միաբանվենք, ոչինչ չխնայենք, մի բռունցք դառնանք եւ մի վերջին ճիգով փորձենք Արցախն ու Հայաստանը փրկել այս ողբերգական վիճակից, որը հնարավոր է միմիայն միասնական ջանքերով՝ ոսկերչական ճշգրտությամբ գործելով: Հակառակ պարագայում մենք կորցնելու ենք ե՛ւ մեր պետությունը, ե՛ւ մեր պետականությունը, հետեւաբար՝ նաեւ մեր հայրենիքը: 

Դեռ 2014-ին «Անդին» ամսագրում գրել եմ․ «Հայերն անցել են աննկարագրելի, չափազանց դժվարին պատերազմներով, վայրիվերումներով, մաքառումներով, կորուստներով լի ճանապարհ, սակայն երբեք չեն խոնարհվել, չեն վհատվել, չեն ընկրկել, չեն նվաստացել, չնայած այն բանին, որ բավական հաճախ՝ տարբեր ժամանակներում, հանգամանքների բերումով հայտնվել են տարբեր զավթիչների տիրապետության տակ: Ու եթե անգամ մի պահ ենթադրենք՝ հայի անցած ճանապարհը մինչեւ 1915 թվականը եղել է լիովին հարթ, ապա միայն 1915թ. Հայոց մեծ եղեռնը բավական է հասկանալու համար, թե հայն ինչ արհավիրքի միջով է անցել, որը, ի դեպ, ավելի է ամրացրել նրան եւ պարտադրել հասկանալու, որ դա իր խաչն է, ու նա պարտավոր է սրբորեն եւ հպարտորեն կրել այն:

․․․Երբեմնի 40 միլիոնանոց ժողովուրդ հաշվվող եւ ծովից ծով Հայաստանից այսօր փաստացի ունենք մոտ 2 միլիոն (սփյուռքի հետ միասին՝ մոտ 10 միլիոն) ժողովուրդ, 40 հազար քառ. կմ տարածք: Այլեւս տեղ չկա նվազելու, քանզի գոյություն ունի ժողովրդի քանակի սահմանային մի թիվ, որից այն կողմ մեր սուրբ հողը կմատնվի անտերության, ինչին երախները բաց, երանությամբ սպասում են արյունռուշտ Թուրքիան եւ Ադրբեջանը: Մի՞թե պատվախնդրությունն այնքան է լքել մեզ, եւ այնքան ենք ուրացել մեր նախնիների ու զոհերի հիշատակը, որ մեր ձեռքով, մեր չկշռադատված քայլերով  մեր հայրենիքը կամովին կարող ենք հանձնել մեր հազարամյա թշնամուն, որի գերնպատակը բոլոր ժամանակներում եղել եւ մնում են հայի տեսակի իսպառ վերացումն ու վերջնական բնաջնջումն աշխարհի վրայից: 

․․․Մենք ընդամենը մի թիզ հող ունենք եւ մի բուռ ժողովուրդ ենք աշխարհի վրա: Երբեւէ տվե՞լ եք հարցերի հարցը. ինչպե՞ս է լինում, որ հազարամյակներ շարունակ մենք աշխարհի հսկաների կողքին գոյատեւում ենք, եւ մեզ չեն կարողանում վերջնականապես հոշոտել: Մի՞թե նրանք այդքան բարեգութ են: Իհարկե, ոչ: 

Մեր գոյատեւման գաղտնիքը մեր Տիրոջ, մեր արդարացիության եւ երկնքից մեր նախնիների հոգիների պահապան եռամիասնության մեջ է: Ահա այն բանաձեւը, որ մինչեւ այսօր պահել, պահպանել է Հայաստան երկիրը եւ հայ ժողովրդին»: 

Այսօր հերթական փորձությունն է թեւածում օդում: Արտագաղթն ու գործազրկությունը հասել են ահռելի չափերի: Երրորդ համաշխարհայինն ընդլայնում է իր աշխարհագրությունը, Ադրբեջանի ախորժակը նորից բացվել է, եւ, օգտվելով աշխարհի քաոսային վիճակից, դանդաղ քայլերով փորձում է վերսկսել պատերազմական գործողություններն Արցախի եւ Հայաստանի նկատմամբ: Երկրի տնտեսությունը քայքայված է, արդարությունը՝ խաթարված, կոռուպցիայի դեմ պայքարն արդյունքներ չի տալիս, ժողովուրդը վհատվում է, հուսալքվում: Գները երկրաչափական պրոգրեսիայով աճում են, հարուստները շարունակում են ավելի հարստանալ, աղքատները՝ ավելի աղքատանալ, ժողովուրդն ամեն ինչի նկատմամբ դարձել է անտարբեր, եւ այս ամենի կողքին հայրենիք ենք կորցնում: 

Բնական է, որ այս ծանր վիճակում հայրենիքն առավել, քան երբեւէ, զգում է ամեն մեկիս կարիքը, եւ մենք մեկ մարդու նման պետք է հայրենիքն առնենք մեր ափերի մեջ եւ նրա նկատմամբ թույլ չտանք որեւէ ոտնձգություն: Հարց է ծագում. այս պարագայում ո՞րն է հայրենիքի մեղքը, որ մենք խռովում, զենքը վայր ենք դնում եւ հեռանում: Իհարկե, հասկանալի է, որ մարդիկ այսօր նեղացած, խռոված են իշխանությյուններից, անարդարությունից ու հազար մի այլ բանից: Բայց հայրենիքն ի՞նչ կարող է անել մեզ համար, որ չի անում: Ի՞նչ անի, երբ մեր մեջ կան ագահներ, դավաճաններ, գողեր, ավազակներ, թալանչիներ, ստրկամիտներ, խաբեբաներ, ապաշնորհ իշխանավորներ, վախկոտներ, խառնակիչներ, կռապաշտներ: Հայրենի՞քն է այս վիճակի հեղինակը եւ մեղավորը: Հայրենիքն ընդամենը տուն է, օջախ, հող, ջուր, ծառ ու ծաղիկ, ճանապարհները, գետերը, գերեզմանները ...

Հայրենիքը սրբություն է, հոգի ու սեր է, արժանապատվություն, հայր ու մայր, եղբայր ու քույր է, զավակ։ Հայրենիքը հավասարապես է սիրում իր զավակներին, մնում է, որ զավակները սիրեն նրան...։                            
    
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ