Կարեւորը մենք ենք ու Ամերիկան կամ՝ «Մենք ենք, մեր․․․ ցավերը»

Կարեւորը մենք ենք ու Ամերիկան կամ՝ «Մենք ենք, մեր․․․ ցավերը»

- Իշխա՛ն, էս աշխարհքում քանի՞ պետություն կա: 
- Դե՛, մենք ենք, Գերմանիան, էլ ո՞վ կա՝ Թուրքիան, Ամերիկան, Ֆրանսիան, հա՝ Ավստրիան, Հունգարիան, չեխերը, Հնդկաստանը: Մի հարյուր հատ կլինի: 
- Գլխավորը մենք ենք ու Ամերիկան ա, չէ՞… 
-…Ավստրիան: 
- Կարեւորը մենք ենք ու Ամերիկան: Ավստրիան մանր երկիր է, նրա գործը հեշտ է: Մեղքս մեզ է գալիս ու Ամերիկային, մանրերն արանքում գլուխ են պահում: 

Հայկական կինոյի ոսկեֆոնդի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի այս դրվագը շատերդ, հավանաբար, մտաբերեցիք։ Մտաբերեցիք ու երեւի զուգահեռներ տարաք այն օրերի ու մեր օրերի միջեւ։ Կինոսարկազմի վրա կառուցված այս անշառ թեզը, իհարկե, աշխարհաքաղաքական առումով լուրջ փաստարկումներ չունի, մանավանդ, որ մանրերը՝ փոքր երկրները, արանքում գլուխ պահելու ոչ մի հնարավորություն ու հեռանկար չունեն։

Ռուսամետները կշտապեն, գուցե, գյուղացիների վերոնշյալ երկխոսության մեջ նաեւ որոշակի տողատակ տեսնել, թե, օրինակ, ինչու չհիշատակվեց Ռուսաստանի անունը։ Դե, դա պարզունակ է․ «մենք» ասելով՝ նկատի էր առնվում ԽՍՀՄ-ը։ Արեւմտամետները հաստատ կպարծենան, թե բա՝ տեսե՛ք, էն գլխից հայ միտքը կարեւորել է ԱՄՆ-ին, հոգացել այդ երկրի համար, կարեկցանք արտահայտել։

Օրվա իշխանությունները հաստատ մեկ փաստարկ էլ կավելացնեն իրենց «նախկիններն են մեղավոր» մաշված գզրոցում, թե Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է ոչ թե իրենց օրոք, այլ Սովետի, որովհետեւ կարեւոր երկրներին թվարկելիս Իշխանը չմոռացավ Թուրքիայի մասին։  

Սա, իհարկե, լրագրողական գրոտեսկի ժանրում է։ Իսկ իրականությունն ավելի մտահոգիչ է ու բազմաշերտ։ Այն, որ տարածաշրջանում, ցավ ի սիրտ մեզ, իրենց դիրքերն ամրապնդում են Թուրքիան ու Ադրբեջանը, օրեցօր տագնապահարույց է դառնում։ Կասեք՝ Իրա՞նը։ Դե, ռեգիոնալ խաղացողների մակարդակում, անշուշտ, կան նաեւ Թեհրանն ու Մոսկվան։ 

Թեպետ, Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Ռուսաստանն էականորեն թուլացրել է դիրքերն ու ազդեցությունը ոչ միայն աշխարհում, այլեւ Հարավային Կովկասում։ Հայաստանի հետ հարաբերությունները դժվարին ժամանակներ են ապրում, Իրանի հետ փոխադարձ շահերի վրա հիմնված բնականոն առնչություններ են, Բաքվի ու Անկարայի հետ Կրեմլը շփվում է դարձյալ երկուստեք հետաքրքրությունների հիմքով, ի տարբերություն Հայաստանի հետ կապերի, առավել սերտացող համագործակցությամբ։

Հայաստանը տարածաշրջանում խաղացող չէ․ սա է իրականությունը՝ առանց ավելորդ պաթոսի, հակառակը՝ ցավալի ու մտահոգիչ։ ՌԴ-ի հետ հարաբերությունների լարում, Վրաստանի հետ կենացային դիվանագիտություն, եղբայրության անշառ երդումներ, Իրանի հետ դեռ հռչակագրային-արարողակարգային բարեկամություն, Ադրբեջանի հետ դիվանագիտական փոխհրաձգություն՝ խաղաղության ձայնավարժություններով, Թուրքիայի հետ դարձյալ խաղաղասիրական ձեռնարկումներ, առայժմ խոստումների, հավաստիացումների մակարդակով։ Պատճա՞ռը․ զրո արտաքին քաղաքականություն, զրո օրակարգ, զրո դիվանագիտություն, զրո պետականամետություն եւ փոխարենը՝ սնապարծության, ինքնահավանության ու ապաշնորհության բազում կործանարար օրինակներ։

Վրաստանը տարածաշրջանում թերեւս ամենից հավասարակշռված քաղաքականությունն է վարում․ Թբիլիսիի հարաբերությունները բարիդրացիական են թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի ու Անկարայի, թե՛ Իրանի հետ։ Այս երկիրը բավականին զուսպ է արտահայտվում նույնիսկ իր հարեւան, բայց հայտնի պատճառներով «ոչ այնքան դրացի» Ռուսաստանի հասցեին՝ ռուս-ուկրաինական պատերազմում ունեցած դիրքորոշման համար ինչ-որ առումով արժանանալով պաշտոնական Կիեւի քննադատությանը։

Ադրբեջան-Իրան հարաբերությունները վերջին շրջանում լարված են․ միմյանց սահմաններին փոխադարձ զորավարժություններ, Երեւան-Թեհրան հարաբերությունների սերտացման ֆոնին Բաքվում խանդի տեսարաններ, Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած զինված հարձակումից հետո ուղիղ մեղադրանքներ, հողային պահանջներ եւ այլն։
Թուրքիան՝ Ադրբեջանի մեծ եղբայրը, Ռուսաստանի հետ սիրախաղի վարպետը, Վրաստանի հետ ջերմ հարաբերությունների կրողը, Իրանի հետ առնվազն ոչ լարված կապերը, Հայաստանին իր օրակարգը թելադրող տարածաշրջանային վհուկը․․․ Եթե վերլուծենք վերջին 3-4 տարիների զարգացումները, ապա ակնհայտ է, որ Հարավային Կովկասում իրենց դիրքերն առավելապես ուժեղացրել է թուրք-ադրբեջանական տանդեմը, իսկ սա արդեն լուրջ ազդակ է մեզ համար։ Փաստորեն, տարածաշրջանում սկսված մեծ խաղի մեջ Հայաստանը վերածվել է ոչ թե խաղացողի, ֆուտբոլային լեզվով ասած՝ գոնե պահեստային մակարդակով, այլ՝ Ball-boy-ի (այդպես են կոչում խաղի ընթացքում գնդակ մատակարարող տղաներին)։ 

Իսկ ովքե՞ր են խաղավարները ինչպես Կովկասում, այնպես էլ ամբողջ աշխարհում․ երեւի վերստին օգտվենք հայտնի ֆիլմի հայտնի հերոսի բառամթերքից՝ Ամերիկան, Գերմանիան, Ֆրանսիան։ Նրանք այսօր զբաղված են գերազանցապես Ուկրաինայով ու Ռուսաստանով, արանքում ԵՄ դիտորդական առաքելություն կուղարկեն ու էլի կշարունակեն դիտել Մոսկվա-Կիեւ արյունալի, բայց դիտարժան խաղը՝ խաղաղության փոխարեն սեփական շահը որոնելով այնտեղ։
Իսկ մեզնով կզբաղվեն․․․ Եթե մենք չբաղվենք՝ լրջորեն, ազգային վերածնունդ ապրելով, ճակատագրի այս ընթացքը բեկելով, ապա թշնամիներն ու երդվյալ բարեկամները հաստա՛տ կզբաղվեն։ Ընտրությունը մե՛րն է, մեզնից յուրաքանչյուրինը, եւ կարեւորը ոչ թե Ամերիկան ու Ավստրիան են, այլ մե՛նք, «մենք»-ի հավաքական գիտակցությամբ, առանց պարապ կենացախոսության։

Արա Ալոյան