Պայթյունն անխուսափելի է

Պայթյունն անխուսափելի է

«Փլուզվող կայսրություններն առաջացնում են երկու տեսակի լարվածություններ. առաջին. դրանք առաջ են բերում հարեւանների ձգտումները՝ օգտվել կայսրության կենտրոնի թուլությունից, եւ երկրորդ. հենց փլուզվող կայսրության ձգտումներն են՝ վերականգնել իր իշխանությունը նախկին հպատակ երկրներում»,-իր «Գեոպոլիտիկա» մենագրության մեջ ընդգծում է ԱՄՆ նախկին նախագահ Ռ. Նիքսոնի ազգային անվտանգության հարցերով խորհրդական եւ ԱՄՆ պետքարտուղար, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հենրի Քիսինջերը։  

Այս դիտարկումը ճշգրիտ արտացոլում է համաշխարհային քաղաքական պատմության ողջ ընթացքը. թե՛ անցյալի կայսրությունների պատմաքաղաքական ճանապարհը, այդ ճանապարհի հիշարժան իրողությունները եւ կայսրության փլուզման հետեւանքները, թե՛ ներկա համաշխարհային զարգացումների գալարապտույտները: Միապետությունից հրաժարված, երբեմնի գաղութները կորցրած, սակայն կայսերական անցյալը մտքով եւ սրտով ժառանգած պետությունները սերնդեսերունդ փոխանցում են իրենց կայսերական անցյալի, նվաճողական քաղաքականության, կայսերական հզորության մասին հիշողությունն ու պատմությունը՝ հուսալով, որ որեւէ սերունդ կփորձի վերականգնել կայսրությունն ու նրա երբեմնի սահմանները: 

Մեր մեծ տարածաշրջանի աշխարհաքաղաքական անկանգ փոփոխությունների եւ նոր իրողությունների համատեքստում Քիսինջերի վերոհիշյալ դիտարկումը ոչ միայն ուշագրավ է եւ դիտարժան, այլեւ իրականության վերածվելու լուրջ եւ նյութականացող հեռանկար ունի: Հարափոփոխ աշխարհում եւ միջազգային հարաբերություններում փոխվել է գրեթե ամեն ինչ, սակայն անփոփոխ են մնացել քաղաքականության կարծր օրինաչափությունները, այդ թվում եւ՝ կայսրությունների փլուզման անխուսափելիությունը եւ դրա հետեւանքները: Աշխարհում ոչ մի կայսրություն չի հարատեւում. դրանք քայքայվում են, մասնատվում, նրանց տեղում առաջանում են նոր պետություններ, կայսրության հպատակ ժողովուրդներն ազատագրվում են: Կայսրության փլուզման հետ վերարթնանում են ազգային ձգտումները, ձեւավորվում է նոր աշխարհաքաղաքականություն, քաղաքականության հին օրինաչափությունները դրվում են նոր զարգացումների եւ իրողությունների հիմքերում: Կայսրությունների փլուզումը հետեւանք է նրանց հարաճուն նվաճողականության, ազդեցության եւ սահմանների ընդլայնման, որ ժամանակի ընթացքում սկսում է ճեղքեր առաջացնել կայսրության ժայռի վրա, որոնք աստիճանաբար թուլացնում են նույն կայսրությունը, որը կարող է փլուզվել պատերազմներից, կոռուպցիայի եւ անարդարության խորացումից, հպատակների ազգային ձգտումները հալածելուց, հարեւանների նկրտումներից եւ այլն: 

Մեր մեծ տարածաշրջանում ներկայիս երկու պետություններ առաջացել են նախկին կայսրությունների տեղում՝ Թուրքիայի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը: Նրանք երկուսն էլ այժմ փորձում են վերականգնել նախկին կայսրությունները՝ Օսմանյան Թուրքիան եւ նախկին ԽՍՀՄ-ը կամ ցարական Ռուսաստանը: Այդ կայսրությունները վերականգնելու անթաքույց, կոշտ, նվաճողական ձգտումներն աշխարհը վերածել են եռացող հրաբխի խառնարանի, ուր կարող են մոխրանալ հենց այդ կայսրությունները: Այդ երկու պետությունները, չնայած անվանափոխմանը եւ քաղաքական համակարգի արտաքին փոփոխություններին, իրականում բռնապետություններ են, իսկ բռնապետությունների փլուզումը եւս անխուսափելի է: 

2021 թվականի քաղաքական տարվա ընթացքում մեր տարածաշրջանը շարունակելու է մնալ բարդ իրավիճակում, ուր նոր լարվածություններն անխուսափելի են: Թուրքիան եւ Ռուսաստանը աշխարհի համար վերածվել են ահռելի սպառնալիքների, միջազգային հարաբերությունների հավասարակշռությունը դարձյալ խախտվում է, ինչը պարունակում է նոր պատերազմի իրական վտանգ: 

Ժամանակակից Թուրքիան Օսմանյան կայսրության ժառանգորդն է, այդ կայսրության ձգտումների ու նկրտումների խտացումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որ փորձում է իրականություն դարձնել Մեծ Թուրքիայի բաղձանքը: Այդ ճանապարհին բնավորությամբ, նկրտումներով, խելագարության աճող չափաբաժիններով Էրդողանն ավելի ու ավելի է նմանվում Երրորդ Ռեյխի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին: Էրդողանն ու Հիտլերը եւս մեկ նմանություն ունեն. նրանք հաշվել են Արեւմուտքի ատամները, թեպետ Էրդողանը դեռ չգիտե, թե Արեւմուտքի համբերության բաժակն ա՞յս անգամ երբ կարող է լցվել: 
Թուրքիայի նվաճողականությունը Կիպրոսում, Սիրիայում, Լիբիայում, նրա նոր նկրտումները Հունաստանի Միջերկրականի ջրերի եւ կղզիների հանդեպ, ղարաբաղյան պատերազմում նրա ուղղակի մասնակցությունը, զինյալ ահաբեկիչների մատակարարումը Ադրբեջանին, թուրքական բանակի անդադար վերազինումը եւ սպառազինությունների աճը վկայում են, որ թուրքական նոր արշավանքն առջեւում է: 

Փոքր Հայաստանը, իրականում, մեծ վտանգ է թուրքական նվաճողականության ճանապարհին եւ կմնա այդպիսին, եթե Հայաստանը դիմանա: Էրդողանը գիտե, որ ինչպես ինքն է ստացել Օսմանյան կայսրության վերականգնման հիշողությունը, այնպես էլ հայ ժողովուրդն է սերնդեսերունդ փոխանցել Հայաստանի պատմական տարածքների ազատագրման, Հայոց Ցեղասպանության, տեղահանվածների կսկծալի հիշողությունը՝ որպես ժառանգություն, որպես պատգամ: Այդ իսկ պատճառով Թուրքիան յուրաքանչյուր հայի համարում է թուրք ժողովրդի հավերժական թշնամի: 
Անկարայի ուղղակի մասնակցությունը ղարաբաղյան վերջին պատերազմին հենց այս վախի հետեւանքն էր: Ադրբեջանը Թուրքիայի համար ոչ թե գործընկեր եւ ազգակից պետություն է, այլ Հայաստանը ոչնչացնելու պատրվակ: 

Միաժամանակ, Էրդողանի իշխանության եւ թուրքական կայսրության վերականգնման համար իրական վտանգներ են առկա՝ երկրի ներքին անկայունությունը, ներքաղաքական տարաձայնությունները, բռնապետական ձգտումների խորացումը, Արեւմուտքի մեծ մասի հետ հարաբերությունների սրացումը, կոռուպցիան, տնտեսության անկումը եւ այլ հանգամանքներ արագացնելու են ոչ միայն Էրդողանի անկումը, այլեւ ի չիք են դարձնելու նրա աշխարհաքաղաքական ձգտումները: Թուրքիայի ընդլայնման՝ Էրդողանի ձգտումները փլուզվող Թուրքիայի առաջին նախանշաններն են եւ դառնալու են Էրդողանի աշխարհաքաղաքականության վախճանը: 2021-ին հնչելու է այդ փլուզման ազդականչը: 

Այս տարի դանդաղելու, ապա եւ՝ դադարելու են նաեւ մեկ այլ՝ ռուսական կայսրության վերականգնման ձգտումները: Նախկին Խորհրդային Միության տարածքների եւ ազդեցության գոտիների վերանվաճումը դառնալու է այն քարը, որին վերջնականապես գայթելու է Մոսկվան: 
Այս երկու նախկին կայսրությունների քայքայումն արագացնելու է նաեւ նրանց աշխարհաքաղաքական բախումը: Անկարան ու Մոսկվան ղարաբաղյան այս պատերազմի ընթացքում դարձան Ղարաբաղի հանձնման եւ Հայաստանի մասնատման դավադրության դաշնակիցները, որոնք, սակայն, խորքային ախոյաններ են: Կայսրության վերականգնման ճանապարհին Թուրքիայի մյուս սպառնալիքը Ռուսաստանն է: Ռուսաստանն ու Թուրքիան այսպես թե այնպես բախվելու են կա՛մ պատերազմում, կա՛մ միջազգային հարաբերություններում, կա՛մ տարածաշրջանային աշխարհաքաղաքական ազդեցության բաժանման ընթացքում: Սա անխուսափելի է: Պուտինն ու Էրդողանը երկար չեն կարող համաձայնության գալ: Կյանքն ավելիով ապացուցել է, որ նրանք երկուսն էլ չունեն բավարար ողջամտություն եւ շրջահայացություն, բայց ունեն հարաճուն նվաճողական ձգտումներ: 

Այն ամենը, ինչին ուզում էր հասնել Վլադիմիր Պուտինը՝ խորհրդային բռնապետության, ռուսական ազդեցության վերականգնմամբ, ռուսերենի գերիշխանությամբ, արագացնելու է նաեւ ռուսական պետության թուլացման գործընթացը: Բոլոր նախանշանները կան ենթադրելու, որ 2021-ի ավարտին սկսվելու է Վլ. Պուտինի քաղաքական վայրէջքը, եւ այս տարին նրա կառավարման վերջին տարին կարող է դառնալ: Վերից վար կոռումպացված Ռուսաստանը եւս կանգնած է ներքաղաքական, տնտեսական, արտաքին քաղաքական մեկուսացման բարդագույն խնդիրների առջեւ, որոնք այդպես էլ մնացին անլուծելի: 

Կայսրության փլուզման արձագանքներն ամենախորը զգացվելու են Հարավային Կովկասում: Առավելապես՝ Հայաստանում, որը կանգնած է փլուզվող երկու բռնապետությունների խցանված եւ վթարային խաչմերուկում: Միաժամանակ, առանց արմատական՝ ներքին եւ արտաքին քաղաքական փոփոխությունների, Հայաստանը չի կարող դիմագրավել այդեւայլ սպառնալիքներին եւ կամ ընդառաջ գնալ աշխարհաքաղաքական հնարավորություններին: 

Հին կայսրությունները փլուզվելու են, պայթյունն անխուսափելի է, որն ուղեկցվելու է նաեւ մեծ աղմուկով: 

Ժամանակին Խորհրդային Միության փլուզմամբ փոխվեցին միջազգային հարաբերությունները, Արեւմուտքի քաղաքական խնդիրները, Ասիայի հետաքրքրությունները, փոխվեց աշխարհակարգը: Հայաստանը եղել է ԽՍՀՄ վերջին տարիների ամենաըմբոստ հանրապետությունը, որի դերակատարումը ԽՍՀՄ փլուզման մեջ անուրանալի է, որքան էլ Արեւմուտքն այս իրողությունը շարունակ անտեսի: Հայաստանը դարձյալ նոր աշխարհակարգի ստեղծման խաչմերուկում է կանգնած. նա կա՛մ ոտքի կկանգնի, կա՛մ կվթարվի: Դա կախված է մեզնից՝ Հայաստանից ու հայ ժողովրդից: 

Համաշխարհային քաղաքականության համար եկել են խառը եւ նոր ժամանակներ: 2021 թվականին եւս աշխարհը հանգիստ չի ունենալու: Հայաստանը պարտավոր է արթնանալ՝ դիմավորելու հին բռնապետությունների եւ հին նվաճողականության կործանման դժվար արեւածագը: