Ինքը գիտի՞, թե Բաքվում ինչքան հայ է ապրել

Ինքը գիտի՞, թե Բաքվում ինչքան հայ է ապրել

Հասարակությունը հերթական շոկն ապրեց ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից։ Զրուցել ենք քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։

- Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի պահվածքը։ Կարծես վերագտել էր  հանգստությունը։ Ասաց՝ եթե անհրաժեշտ համարեինք հրաժարական տալ, կտայինք։ Ու զարմանք՝ 90 տոկոսանոց ադրբեջանական բնակչությամբ Շուշին հայկակա՞ն էր։

- Չէի ասի՝ հանգստություն է եկել, հակառակը, ոնց որ էն… ծեծված շներ են լինում, այ, էդ տպավորությունն էր, որ չի կարողանում տիրապետել, դրա համար նման բաներ է ասում։ Ինչպես ընդունված է ասել ժողովրդի մեջ՝ դեղերը քիչ էր խմել։ Ինչ վերաբերում է Շուշիին, ինքը գիտի՞, օրինակ, Վարդենիսում, Երեւանում 20-րդ դարասկզբին որքան են ապրել կամ Մասիսում՝ 20-րդ դարավերջին։ Բաքվում ինչքան հայ է ապրել․․․ կամ Թբիլիսիում, կամ էսօր Փարիզում՝ ինչքան արաբ։ 

- Նաեւ մեղադրեց ընդդիմությանը, որ եթե չեք ուզում արտահերթ, իշխանությունն առավել եւս չի ուզում։

- Հիմա ինքը ժամանակ է ձգում, ըստ իս, քանի որ, այսպես թե այնպես, անելու է արտահերթ ընտրություններ։ Ինքը չի մնալու, մնալու շանս չունի, ընդամենը ձգում է, կարծում եմ՝ այդ ընթացքում փնտրելով երաշխիքներ աշխարհի տարբեր ծագերում։ Սա է, թե չէ ինքն իր լեգիտիմությունը վաղուց կորցրել է․․․ Հա, Հիտլերն էլ էր ընտրվել, հետո՞․․․ գիտե՞ք նրան ինչքան մարդ էր ընտրել Գերմանիայում, Չաուշեսկուին՝ Ռումինիայում․ շատ։ Բա Սադամ Հուսեյնին կամ Քադաֆիին։

- Գերիների մասով ասածների մասին ի՞նչ կասեք։

- Իր մոտ ցուգցվանգ է, ասում է խելքին եկած առաջին բանը, ինչ հարցնում են, ոչ մի կոնկրետ հարցի չի պատասխանում, սկսած նրանից, թե ինչու չի ընդունել թե՛ Օնիկ Գասպարյանի ասածը, թե՛ Պուտինի ասածները։ Ինչ ասում ես, ասում է՝ նախկինները։ Հենց իր սիրած «Կարգին»-ում, քանի որ ինքն իր կյանքում մենակ «Կարգին հաղորդում» է նայել՝ ոչ մի ֆիլմ, սենց խոսք կա՝ դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս․․․ 

- Ընդդիմության մասին․ տարօրինակ չէ՞ր, որ մասնակցում էին կառավարության հետ հարցուպատասխանին։

- Յուրաքանչյուրն իր հարցն է լուծում՝ հասկանալով, որ, միեւնույն է՝ իշխանություն է փոխվելու, փորձում է առավելագույնը քաղել ստեղծված իրավիճակից։ Քաղաքական խնդիրներ են լուծում։ Թեեւ կարծում եմ, որ այսօր ավելի շատ պետական խնդիր է պետք լուծել, որովհետեւ ինձ համար անհասկանալի է, թե երկիրը ոնց են փորձելու էս վիճակից հանել։ Ով էլ որ գա։ Որովհետեւ կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Հայաստանին շատ ուժեղ ձեռք է պետք՝ վերականգնելու բոլոր ինստիտուտները, որոնք քանդվել են մինչեւ վերջ։ Էստեղ հարցն իրենց պետք է ուղղեք՝ ինչո՞ւ են գնում։ Թեեւ ասեմ․ նույն այդ հարցուպատասխանի ժամանակ էնպես չէր, որ ընդդիմությունը ծափ էր տալիս, «Լուսավորն» ասում էր՝ թե՞ վախենում ես, որ չունես մեծամասնություն, վախենում ես, որ մենք կդնենք․․․ ԲՀԿ-ն էլ էր հարցադրումներ անում․․․ Տիգրան Ուրիխանյանն ուղիղ հարցրեց՝ գնալո՞ւ ես, թե՞ չէ։ Մի խոսքով՝ ջան չէին ասում, ջան լսում։

- Բայց դիմում էին «պարոն վարչապետ»-ով, հանրահավաքներում՝ «Նիկոլ՝ հողատու», «Նիկոլ՝ դավաճան»։

- Գոյություն ունի պրոտոկոլ։ Մի բան է, որ ես եմ խոսում, մարդ, որը որեւէ պետական կարգավիճակ չունի, այլ բան՝ երբ պատգամավորները, որոնք բոլորը ստատուսով են։ Ինչպե՞ս դիմեն․․․ հո «արա»-ով չե՞ն դիմելու։

- Զարմանալիորեն, հարց չուղղվեց Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինելու մասին։ 

- Ինձ համար էլ էր շատ զարմանալի։ Խնդիրն այն չէ, ես չեմ ուզում անմեղության կանխավարկած խախտել՝ թուրքականի մասը․․․ բայց մեր ԱԱԾ գործակալ լինելու վերաբերյալ փաստաթուղթ կա, որը ճշտելու համար կա մեկ եղանակ՝ փորձաքննություն, եւ դրանում ամենաշահագրգիռը պետք է լինի հենց Միրզոյանը։ Հարց է առաջանում․ եթե դա իրականություն է, ապա ինչպե՞ս է նախկին իշխանությունների գործակալը հայտնվել հեղափոխության լիդերների շարքերում։ 

- Իսկ Հայրենիքի փրկության շարժո՞ւմը․․․ որ վերադարձան ԱԺ, չվկայե՞ց, որ ձեւաչափը սպառված է։

- Նիկոլ Փաշինյանը 10 տարի, երբ պայքարի մեջ էր, սպառվա՞ծ էր։ Քաղաքական պայքար է, որը, բնական է, փոփոխություններ կկրի, ինչ-որ զարգացումներ կլինեն։ Ու այն պահից սկսած, երբ քաղաքական պայքարը կդառնա պետության համար պայքար, ամեն ինչ կհաջողվի։ Քանի դեռ քաղաքական կուսակցությունները ամեն մեկը մերկանտիլ  հետաքրքրություններ են հետապնդում, պայքարը կարող է ունենալ նաեւ էսպիսի ընթացք։