Այսօրվա խորհրդարանը պատմության ամենապորտաբույծ խորհրդարանն է

Այսօրվա խորհրդարանը պատմության ամենապորտաբույծ խորհրդարանն է

«Հրապարակի» հարցերին պատասխանում է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

-Տիկին Զոհրաբյան, Կապանում տեղի ունեցած սարսափելի դեպքից հետո լրատվամիջոցները տարածեցին ադրբեջանցի դիվերսանտի մասնակցությամբ մի տեսանյութ, որից հետո լատենտ իշխանականներն ու իշխանականները կրկին լրատվամիջոցների և ազատ խոսքի դեմ արշավ սկսեցին: Լրատվամիջոցին մեր օրերում լռեցնելն ու անաչառ լրատվության դեմ պայքարելու նպատակը ո՞րն է:

- Երկու օր է՝ զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեի դիմաց իրենց բողոքի ձայնն են բարձրացնում: Սեպտեմբերին, երբ Նիկոլի կարմիր բերետավորները բռնություն ցուցաբերեցին զոհվածների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական վարույթ, սակայն մինչ այս պահը չի եղել առերեսում բերետավորների և ծնողների միջև: Չգիտես ինչու 34 րոպե, 46 վայրկյանում Քննչական կոմիտեն բացահայտել և հայտարարություն է տարածել, որ Կապան մտած ադրբեջանցի դիվերսանտը որևէ կապ չունի կոմբինատում տեղի ունեցած սպանության հետ: Սա այն դեպքում, երբ Մանվել Փարամազյանը հայտարարել է, որ մարդասպանի ձեռքին եղել է սպանվածի բջջային հեռախոսն, ավելին՝ նա այդ հեռախոսով լայվ է մտել և հայտարարել, որ գլխատում են հայերին և լավ են անում: Ես ցանկացած տեսակի բռնությանը դեմ եմ, բայց երբ իրավապահների փոխարեն դիվերսանտին բռնում է անտառապահը, սա որոշակիություն է մտցնում: Երեկվանից ԱՄՆ-ից տարբեր իրավապաշտպաններ բղավում են, թե ադրբեջանցու են բռնության ենթարկել: ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի տարբեր դեսպաններ աղաղակում են, որ ադրբեջանցու նկատմամբ վայրագություն է տեղի ունեցել, բայց երբ հայ ազատամարտիկ կանանց ողջ-ողջ բռնաբարել ու մաշկահան են արել, նրանց օրգանները կտրատել ու չգիտես ինչ են արել, երբ սպիտակ ֆոսֆորով հայ զինվորին ադրբեջանցին սպանում էր, այդ նույն միջազգային հանրությունը լռում էր: Եվրոպական պառլամենտից մի հայտարարություն ստանալու համար ամիսներ չոքում ենք նրանց բկին, ներկայացնելով ահասարսուռ տեսարաններ, որոնք կատարվել են ադրբեջանցիների կողմից:

- Իսկ ո՞րն է իրականությունը ներկայացնող լրագրողներին և լրատվամիջոցներին արծրունհովհաննիսյանական ոճով թիրախավորվելու, լրագրողներին մեղադրելու պատճառը:

- Ցանկացած բռնության դեմ եմ ես, սակայն մեզ մոտ վերջին տարիներին ֆեյք երեսպաշտություն է ձևավորվել, և ինչպես դուք ասացիք` լատենտ նիկոլականություն: Մեզանում որևէ ինստիտուտ չի աշխատում նորմալ: Իշխանությունն ու տիտուլավոր ընդդիմությունը ոչինչ չեն անում, ու արդյունքում մեղավոր դառնում են լրագրողներն ու լրատվամիջոցները: Այսօր Հայաստանում լրատվամիջոցները կատարում են իշխանության և ընդդիության ֆունկցիան համատեղ` հասարակությանը տալով ինֆորմացիա: Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի վեցերորդ շարասյունն է, իսկ ընդդիմությունն էլ հով լռված է Ազգային ժողովի «բեսեդկայում»: Պետականության կորստի շեմին կանգնած Հայաստանի մասին տեղեկություն ստանում ենք միայն լրատվամիջոցներից: Լրատվամիջոցներին թիրախավորելը բացարձակ երեսպաշտություն է: Այսօրվա խորհրդարանը պատմության ամենապորտաբույծ խորհրդարանն է, այնպես որ լրատվամիջոցներին թիրախավորելու փոխարեն ճիշտ կանեին այլ հարցերով զբաղվել: Պետք չէ «բեսեդկայում» հով լռվելու համար մեղադրել լրատվամիջոցներին: