Մեկ-երկու ամսվա ընթացքում հասկացան՝ ՔՊ-ական փոխքաղաքապետերին օգնական է պետք

Մեկ-երկու ամսվա ընթացքում հասկացան՝ ՔՊ-ական փոխքաղաքապետերին օգնական է պետք

Գյումրիի ավագանին իր արտահերթ նիստում, երկար քննարկումներից հետո, 18 կողմ եւ 6 ձեռնպահ ձայնով հաստատեց քաղաքի 2022 թվականի բյուջեն. շուրջ 4 մլրդ 900 մլն դրամ կազմող բյուջեի կազմման ուղենիշ է հանդիսացել համայնքի զարգացման 2022-2026 թվականների հնգամյա ծրագիրը։

«Քաղպայմանագիրը» վերապահումով կողմ քվեարկեց, խոստացան, որ իրենց լիազորությունների սահմաններում բյուջեն վերահսկելու են: Խմբակցության ավագանու անդամների սրտով չէին որոշ բաներ, մասնավորապես նշեցին, թե ինչ-ինչ ընթացակարգեր են խախտվել, հարցեր կան, որոնց պատասխանները հստակ չգիտեն:

Օրինակ՝ որքան է տնտեսվել, երբ քաղաքապետի որոշմամբ ծառայողական ավտոմեքենաների թիվը 12-ից կրճատվեց 6-ի: Այդ տեղեկությունը ստանալու համար էլ գրավոր հարցումներ են անելու, ինչը ժամանակ է պահանջում: 

Բյուջեի նախագիծը զեկուցող քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանն իր հերթին նեղսրտեց՝ ասելով, թե էս նեղ մաջալին գրավոր հարցումներն են պակասում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մտահոգում էր նաև թափառող շների խնդիրը: Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը նշեց, որ արդեն տարածք է առանձնացվել շների ապաստարան կառուցելու համար, համապատասխան աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Ի դեպ, թափառող կենդանիների հարցով զբաղվում է ՔՊ-ական փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը: Նա նույնիսկ Երևան էր մեկնել՝ ուսումնասիրելու թափառող կենդանիների ստերջացման, ապաստարանների կառուցման աշխատանքների կազմակերպման մայրաքաղաքի փորձը, քննարկումներ է ունեցել և պայմանավորվածություններ ձեռք բերել տեղի մասնագետների հետ: 

Քաղաքապետարանը նախատեսում է աղբամանները գետնից բարձրացնել, ինչը կզրկի թափառող կենդանիներին կերից: Ավագանու անդամներից մեկը նկատեց, որ դա խնդրի լուծում չէ, զրկվելով կերից՝ շները կսկսեն մարդ ուտել: Ի դեպ, հանրապետության երկրորդ քաղաքում եվրոչափանիշներին համապատասխան նոր աղբադաշտ ստեղծելու համար քաղաքապետարանը 4 անգամ դիմել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, սակայն դեռևս ոչ մի պատասխան: 

«Զարթոնք» խմբակցության ավագանու անդամ Վարդևան Հակոբյանն էլ ուշադրություն հրավիրեց քաղաքի հնգամյա զարգացման ծրագրում տեղ չգտած մի շարք խնդիրների վրա: Դրանցից հատկապես կարևոր է Գյումրիի Երևանյան խճուղին Մսի կոմբինատ թաղամասին կապող կամուրջի տեսքով ավտոճանապարհի կառուցումը, որի տակով անցնելու են երկաթգծերը: 
Քաղաքապետարանում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունները ևս ներկայացվեցին ավագանուն: Շուրջ 3 տարի միասին գործող Գովազդի և սպասարկման բաժինները առանձնացվելու են: Ըստ նորընտիր քաղաքապետի՝ առանձին աշխատանքի արդյունավետությունն առավել բարձր կլինի: «Թե պաշտոնի տեղ էր պետք ու դրա համար բաժնի գործառույթներն առանձնացվեցին, այդպես էլ ասեք, բաց խոսեք»,- նկատեց «Զարթոնքից» Վարդևան Հակոբյանը:

Քաղաքապետ Սամսոնյանը հակադարձեց․ «Ցուցանիշներ կային, որ թույլ էին, հիմա առանձնացնում ենք առանց հաստիք ավելացնելու, բյուջեից էլ լրացուցիչ ծախսեր չեն ավելանա»: Ի դեպ, մեր տեղեկություններով, նոր բաժնի պետերի պաշտոններին հավակնում են ՔՊ-ականները: Նկատենք նաև, որ փոխարենը հայեցողական 3 հաստիք են ավելացվել քաղաքապետարանում: Համայնքի ղեկավարը մինչ այժմ 2 օգնական ուներ, հիմա 3 է դարձել, համայնքի ղեկավարի առաջին տեղակալը 1 օգնականի փոխարեն երկուսը կունենա, իսկ տեղակալը, ով օգնական չուներ, նույնպես կունենա: Քաղաքապետի խորհրդականների թիվը կմնա նույնը՝ 4, բայց նրանցից մեկը կդառնա գլխավոր: 

«1-2 ամսվա աշխատանքի ընթացքում ենք հասկացել, որ գործը շատ է, օգնականների կարիք կա»,-արդարացավ քաղաքապետը: Թեեւ հավանաբար խնդիրը որքան հնարավոր է շատ մարդ տեղավորելն է։ Աշխատողների, հատկապես փողոցի հավաքարարների կարիք կա նաև բնակկոմունալ բաժնում: 30 փողոց է ասֆալտապատվել, որտեղ պետք է ամենօրյա մաքրություն ապահովվի: 30 աշխատողի կարիք է առաջացել, իսկ նրանց աշխատավարձի համար 75 մլն դրամ լրացուցիչ գումար է պետք բաժնին: Սա տեղական բյուջեի վրա լրացուցիչ բեռ է ավելացնում։ Իսկ թե գումարը որտեղից, բացատրում են, որ տեղական տուրքերի դրույքաչափեր են ավելացել, մասնավորապես, շինթույլտվությունների, նաև կխստացնեն տուգանքների մեխանիզմները, մասնավորապես՝ շինաղբ թափողների նկատմամբ ու դրանով հավելյալ գումար բյուջե կմուտքագրեն: Իսկ ընդհանուր առմամբ, 7000 դրամով բարձրանալու է կոմունալ բաժնի աշխատողների, հիմնականում հավաքարարների աշխատավարձը: Նշենք, որ դա քաղաքապետարանի հաստիքային աշխատավարձի միակ բարձրացումն է, որ կատարվել է 2022 թվականի համար: