Իսկապես, շշմելու բան է

Իսկապես, շշմելու բան է

«Չշշկռվե՛ք»,- ժամանակին ընդդիմադիրներին ասում էր Սիմոնյան Ալենը՝ նկատի ունենալով Նիկոլի գլխավոր հրամանատար լինելը: Իսկապես, շշկռվելու ու շշմելու բան է. անկախ պետության իշխանությունն ինքնակամ երկիրը տանում է կործանման: Ու դա ներկայացնում է որպես խաղաղության հաստատման օրակարգ՝ միաժամանակ պնդելով, որ դրա այլընտրանքը պատերազմն է: Ինչը հանգեցնելու է ավելի դաժան պարտության, քան 44-օրյա պատերազմի դեպքում էր: Ստացվում է, որ այդ իշխանությունը «դաս» է քաղել սեփական սխալներից ու որոշել է կապիտուլյացվել առանց մարդկային զոհեր տալու: Ի՞նչ ասեմ, խիստ հումանիստական վերաբերմունք է՝ պահպանել մարդկանց կյանքը՝ կործանելով պետությունը: Ու այդ քաղաքականության առաջին փորձադաշտն Արցախն է: Միջանկյալ ասեմ, որ հայրենիք հանձնելու երկրորդ արարը վերաբերելու է Սյունիքին՝ «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում: 

Ինչ մնում է Ադրբեջանի իշխանության հետ իրենց հարցերը լուծելու՝ արցախցիների «իրավունքին»՝ ապա դա բլեֆ է՝ իրականացված վերին աստիճանի ապաշնորհ եղանակով: Ինչը հասկանում է Նիկոլը, ինչը հասկանում են նրա կամակատար ենթականները: Եվ հասկանալով հանդերձ՝ շարունակում են առաջ տանել այդ ուղղությունը հանուն սեփական իշխանության պահպանման: Ե՛վ իրենք են տանում, և՛ արևմտյան միջնորդներին են ներառում դրա իրականացման գործընթացին: Արդյունքում ստանում են «Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսություն սկսելը Եվրոպական Միության կողմից խրախուսելու» վերաբերյալ շառլմիշելյան հավաստումը: Հիշեցնեմ՝ Շառլ Միշելը Եվրոպական Միության խորհրդի նախագահն է, Իլհամի ու Նիկոլի միջև բրյուսելյան հանդիպումների նախաձեռնողը:

Անցնենք առաջ. եթե 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո միայն ադրբեջանցիներն էին ձեռ առնում մեզ, հիմա դրան բացահայտ միացել է վերը նշված եվրոպացի չինովնիկը: Որը երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի բառապաշարով բնութագրած՝ «եվրայոնջաների» հավաքականության անդամներից մեկն է: Շառլ Միշելի ասելով, քննարկվել է Արցախի հայ բնակիչների համար Բարդա-Աղդամ ուղղությամբ մարդասիրական բեռների տեղափոխման հարցը։ Քարտեզին հայացք գցելով հասկացա, թե ինչ է նշանակում նշված ուղղությունը: Ուրեմն այսպես. Իջևանից ավտոները, Ադրբեջանի սահմանը հատելով, հասնում են Աղստաֆա, այնուհետև թշնամու տարածքով արևելք գնալով՝ անցնում են Գյանջան ու հասնում են Եվլախ բնակավայրը: Այնուհետև Եվլախից թեքվում են հարավ ու Բարդայի վրայով հասնում Աղդամ, իսկ հետո մուտք են գործում Արցախ ու Ասկերանի վրայով մտնում Ստեփանակերտ: 

Ենթադրում եմ, որ, նախ, Նիկոլն աշխարհագրությունից թերի գիտելիքներ ունի, երկրորդ, ձեռքի տակ քարտեզ չի ունեցել ու չի համարձակվել նաև Իլհամի առաջարկի ընթացքում «գուգլել» Բարդա-Աղդամ ուղղությունը: Որովհետև եթե դա աներ, ապա ստիպված էր լինելու եվրոպացի միջնորդին հարցնել, թե ինչպես է պատկերացնում ավելի քան 300 կմ ձգվող այդ երթուղու հաղթահարումն, օրինակ, հիվանդ կամ սնունդ տեղափոխող մեքենաների տեսակետից: Ընդ որում, այդ երթուղու վերջին՝ Բարդայից Աղդամ ձգվող 15 կիլոմետրանոց (պլյուս, մինուս) հատվածում առկա չէ որևէ ճանապարհ: Ու այն դեռ պետք է կառուցվի՝ եթե, իհարկե, Նիկոլը համաձայնվի այդ երթուղուն:   

Իսկ Շառլ Միշելն էլ կասեր, որ ինչ կարիք կա կտրելու այդ ճանապարհը, եթե սնունդ կարող են հասցնել այդ երթուղու յուրաքանչյուր հանգրվանից: Իսկ հիվանդների բուժումն էլ կարող է իրականացվել ադրբեջանական շրջանային հվանդանոցներից մեկում: Եվ այդ երկու հարցերի լուծումը լուծելու է միաժամանակ առանցքային հարցը՝ արցախցիների ինտեգրումն ադրբեջանական իրականության մեջ: Եվ Նիկոլն էլ, բնականաբար, ընդունելու է այդ բացատրությունը: Եվ դրանով փակված է համարելու արցախցիների իրավունքների ու անվտանգության ապահովման խնդիրը: Իսկ մենք գետինն ենք մտնելու, որ ազգովի 1988-ին փողոց դուրս եկանք Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի միացման կարգախոսով, իսկ դրանից 30 տարի անց՝ նույն ոգևորությամբ երբեմնի «դուխով ու փրկիչ» Նիկոլին իշխանության բերելու համար: Որպեսզի վերջինս չեզոքացնի 1988-ի ազգային զարթոնքի տեսլականը: