Հայոց ազգային գվարդիան՝ երրորդ ու՞ժ

Հայոց ազգային գվարդիան՝ երրորդ ու՞ժ

Խիստ բևեռացված հասարակական ճամբարների արանքում կա մի զանգված, որը ոչ իշխանության կողմնակիցն է, ոչ՝ ընդդիմության։ Օրվա իշխանությունը՝ խամաճիկային կառավարիչներով, վտանգավոր է և անկանխատեսելի, իսկ ընդդդիմությունը՝ օդում կախված մտրակ է՝ բաղձալի պահին պատրաստ դաղելու իրեն մեջքով շրջվածներին։

Հայոց ազգային գվարդիայի հրամանատար Տիգրան Չոբանյանի կարծիքով՝ 17 կուսակցությունների նկատմամբ թերահավատության մեղավորը հենց այդ կուսակցություններն են, որ չեն փորձում փարատել աթոռակռիվ տալու մասին ձևավորված հանրային տեսակետը։ «Քանի դեռ հարթակում շարունակում են ելույթներ ունենալ մարդիկ, որոնց պատճառով իշխանության եկան այս ապիկար կառավարիչները, ուրեմն՝ լավ արդյունքի չսպասենք։ 17 կուսակցությունների պատճառով մարդիկ նորից կմնան տանը՝ հույսները գործող իշխանությանը։ Բայց սրանց հույսին մնալն էլ լիքը՝ ընդհուպ մինչև պետականության կորստի վտանգներ ունի»։

Այդուհանդերձ, հրամանատարը գտնում է, որ նույնիսկ հիասթափված մասսան պետք է մասնակցի հանրահավաքներին։ «Անկախ նրանից՝ վստահում են ընդիմությանը, թե՝ ոչ, հրապարակ պետք է գնալ։ Բայց մենք ունենք բնակչության մի հստակ զանգված, որի միակ մտածելակերպը Թուրքիայի հետ առևտուր անելն ու փող աշխատելն է»,-ասաց նա։

Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտուր անելու «ախորժակն» էլ վերջերս բացեց էկոնոմիկայի նախարարը։ Արագ հարստանալու հեռանկարից՝ շատերը մոռացան կորսված Արցախն էլ, կորսվող Սյունիքն էլ, Հայաստանի՝ օրեցօր վտանգվող սահմաններն էլ․․․ «Էլի կարելի է բարեկամություն անել, բայց ոչ էն պայմանով, որով մեզ դրդում ու պարտադրում են։ Բարեկամություն անում են, երբ դիմացինդ մեղա է գալիս արարքների համար, ներողություն է խնդրում, որ հանցանք է կատարել մի ամբողջ ժողովրդի առջև․․․ Այ, երբ նա կգիտակցի, այդ ժամանակ էլ կարելի է բարեկամություն անել։ Բայց ինքը հերքում է, ու դեռ շարունակում սպառնալ  նոր ցեղասպանությամբ։ Էս տեսակի հետ ո՞նց կարել է մտերմանալ»։ 

Տիգրան Չոբանյանի կարծիքով՝ բարեկամության կոչեր հնչեցնողների համար հայրենիք հասկացություն գոյություն չունի։ «Անցած տարի, նրանց հովանավորյալ կանայք Երևանում շրջում էին «Ոչ հայրենիք, Ոչ ընտանիք, Ոչ ամուսնություն» և ազգակործան այլ լոզունգներ մեջքներին փակցրած։ Սրանք աղանդավորների կողմից ներմուծված գաղափարներ են, որոնց նպատակը ազգը ամորֆ զանգվածի վերածելն է»։

Հայոց ազգային գվարդիան ու նրա հրամանատարը ևս պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բայց քանի որ հանրահավաքների ու բազմաթիվ բողոքի ակցիաների միջոցով հրաժարականը ստանալ չի հաջողվում, Չոբանյանը կոչ է անում դատախազությանը քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ, և վարչապետի պաշտոնանկության գործընթացը սկսել հենց այդ կետից։ «Ճիշտ է՝ իրավաբաններ ու փաստաբաններ դիմել են, բայց հետևողական չեն եղել, ընդամենը ձևական դիմում են ներկայացրել՝ առանց պատասխան ստանալու։ Իրենք պետք է պահանջեին դիմումի պատասխանը, թեկուզ՝ բացասական, բայց պետք է ստանային։ Այլապես՝ տպավորություն է, որ թուղթ հանձնեցին ու գնացին իրենց գործերով»։

Հայոց ազգային գվարդիայի հրամանատարը չի բացառում, որ առաջիկայում իր ղեկավարած կառույցն ու իրենց համախոհները կհայտնվեն հրապարակում։ Կոնսոլիդացիայի կոչով արդեն հանդես են եկել։ Արձագանքները չեն ուշացել։ «Կհամախմբվենք ու մեր խոսքը կասենք»,-ասաց Տիգրան Չոբանյանը։