Նախկինների վերադա՞րձ, թե՞ պետության ապագա

Նախկինների վերադա՞րձ, թե՞ պետության ապագա

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից ավելի քան երկու տարի առաջ ցանված սերմերն այնքան հարուստ բերք են տվել, որ նույնիսկ Արցախյան երրորդ ազատամարտում մեր կրած ծանրագույն պարտությունը չկարողացավ ամբողջովին վերացնել այն: Խոսքը հասարակությունը սկզբում սևերի, իսկ այնուհետև նախկինների տարբաժանման գործընթացի մասին է, ինչը Նիկոլ Փաշինյանի անձնական իշխանության պահպանման հիմնական գրավականն է: Հիմնական, որովհետև ողջ հասարակության կողմից մերժվելու պարագայում (ինչպես Սերժի դեպքում էր) ուժային կամ իրավապահ որևէ կառույց չէր հանդգնի թիկունք կանգնել մեկին, որ չգիտես՝ բացարձակ ապաշնորհ է, խելագար, թե դավաճան և կամ բոլորը միասին: Ի դեպ, օտարներին «մերոնքական» և «ոչ մերոնքական» առաջին բաժանումը հաջողությամբ իրականացրել է անտիկ հռոմեացի զորավար Գայ Հուլիոս Կեսարը գերմանական ցեղերի նկատմամբ. ցեղային միությունները պառակտելու համար նրանցից մեկի ղեկավար Արիովիստին սկզբում Սենատի կողմից տրվում է «ընկեր և տիրակալ» տիտղոսը, իսկ այնուհետև վերջինս պարտության է մատնվում Կեսարի կողմից:

«Նախկինները բոբո են» իռացիոնալ մտայնությունն այնքան հիմնովին է մտցվել հասարակության ուղեղը, որ մտավորականություն կոչված խավը դրանից կարողացավ ազատվել միայն պատերազմում մեր պարտության «շնորհիվ»: Էլ ինչ ասես նրանց մասին, ովքեր դպրոցից հետո հազիվ մեկ-երկու գիրք են ընթերցել, իսկ եթե ընթերցել են, ապա դժվար թե հասկացել են իրենց կարդացածի իմաստը: Հհարկե, մեծ դեր է խաղում նաև հանրության այդ հատվածի մոտ պետականության զգացողության (հենց պետականության զգացողության և ոչ թե պետական մտածողության) բացակայությունը: Ինչո՞ւ: Որովհետև նշված հատվածին անհանգստացնում է ոչ թե պետականության դանդաղ կորստի սպառնալիքը, այլ նախկինների վերադարձի ուրվականը: 
Անհանգստությունն իսկապես իռացիոնալ է, որովհետև նախկինները ամբողջությամբ մարմնավորում էին այն հասարակությունը, որ գոյություն ուներ նախկինում և շարունակում է գոյություն ունենալ այսօր: Այդ հասարակությունը գոյատևում էր «շնից մազ պոկելու» մտայնությամբ, ինչի դրսևորումն էր, օրինակ, ընտրակաշառքի լայնորեն տարածված պրակտիկան, ինչի դեմ անձամբ մեկ ու կես տասնամյակ կռիվ է տվել տողերիս հեղինակը: Այդ հասարակությունը գործում էր հովանավորչության, խծբ-ի և կաշառքի մեխանիզմով, հանրային տարածքները գրավում էին իշխանավորներն ու նրանց մերձ գործարարները, իսկ շարքային քաղաքացիները՝ իրենց բակային տարածքները, բուհի դիպլոմն արժեք չուներ, սակայն այն անհրաժեշտ էր աշխատանքի ընդունվելու համար ու գնվում էր, ասպիրանտուրան կամ գիտությամբ իբրև թե զբաղվելը բանակից ազատվելու միջոց էր և այլն և այլն: 

Հանուն արդարության պետք է նշվի, որ «Սերժին մերժելն» ու Նիկոլին իշխանության բերելը ինչ-որ բաներ փոխեցին, սակայն արմատական փոփոխություններ չէին կարող իրականացվել, քանի որ դրա համար անհրաժեշտ է իշխանությունների համակարգված աշխատանք, բայց այդ առումով հասարակությունն ականատես եղավ միայն համակարգված պոպուլիզմի: Բայց այդ պոպուլիզմը ոչ միայն Նիկոլի նախաձեռնությունն էր, այլև այն մեխանիզմն էր, որ պարարտ հող գտավ մեզանում, այլապես չէր ծլի-ծաղկի: Սա իմիջիայլոց:

Վերադառնանք նախկինների վերադարձի և պետության ապագայի երկընտրանքին. նախկինների ուրվականի դեմ վիրտուալ պայքարն ընդամենը մեր հայրենիքի ապագայի նկատմամբ անտարբերության դրսևորում է: Առողջ հասարակության դեպքում նման երկընտրանք ուղղակի չէր կարող ծագել, քանի որ պետության ապագան որևէ պարագայում չի կարող նույնիսկ պարզ համեմատության մեջ դրվել որևէ այլ երևույթի հետ՝ ինչպիսին էլ լինի այդ երևույթը:

Եվ միայն այն փաստը, երբ բանական արարածի համար ամենաթանկարժեք բանը՝ կյանքը, գիտակցորեն զոհաբերվում է հանուն պետության ապագայի, ապա մնացած ամեն ինչ երկրորդական է, երրորդական, չորրորդական ու տասներորդական: Էլ չասած պետության ապագան նախկինների վերադարձին ստորադասելը: Եվ բոլոր նրանք, ովքեր այսօր իրենց ինչ-որ ձևով արդարացնելու համար առաջ են բերում նախկինների վերաբերյալ արհեստական դրույթը, ընդամենը փորձում են քողարկել, ինչպես ասվեց, ոչ միայն պետական մտածողության, այլև պետականության զգացողություն անգամ չունենալը: Որովհետև եթե վաղը դադարի գոյություն ունենալ Հայաստանի Հանրապետությունը, ապա իշխանության կգան ոչ թե նախկինները, այլ այն թուրքերը, ովքեր համարյա թե 1000 տարի տեր ու տնօրինություն էին անում մեր երբեմն հզոր հայրենիքի տարածքում, տեր ու տնօրինություն էին անում մեր նախնիների կյանքի ու ունեցվածքի նկատմամբ: 

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ