Մարուքյանը ՍԴ չի դիմի

Մարուքյանը ՍԴ չի դիմի

ԱԺ հայտնի նիստից հետո Վանաձորի քաղաքապետարանը ստացել է ծանուցում, որ կառավարությունն աուդիտ է անում Վանաձորում, և դրա հարցերից մեկն է՝ ճշտել, թե ՊՈԱԿ-ներում ու ՀՈԱԿ-ներում, որոնք պետք է աուդիտի ենթարկվեն, ովքեր են «Լուսավոր Հայաստանից»։ Կա՞ն բողոքներ։ Էդմոն Մարուքյանը հարցնում է. «Սա ինչ ա․․․ հեղափոխությունից հետո սա ինչ է․․․ հստակ քաղաքական պատվեր է իջեցված՝ ճշտելու, թե Վանաձորում կա՞ն ԼՀԿ անդամներ։ Ուրիշ կուսակցության անուն չկա, էդ պլանը մեր ներկայացուցիչներն ուղարկել են մեզ, և մենք սպասում ենք, որ մեզ կպարզաբանվի, թե էդ ինչ աուդիտ է, որտեղ փնտրում են «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչների»։

Հիշեցնենք, որ այսօր Էդմոն Մարուքյանը հայտարարեց նաև․

«Կանտորաներում նստած՝ ատելության խոսք են գեներացնում»։ Այսինքն՝ խորհրդարանի հայտնի նիստից հետո երկրում ատելության խոսքի ահռելի գեներացիա է տեղի ունենում, որի հետևանքն է նաև այն, որ Մարուքյանն ու կուսակցականները ստանում են նամակներ։ «Քոմենթների մասին չի խոսքը, գիտենք կանտորաներում նստած՝ մարդկանց հայհոյում են կամ ինչ-որ մեկին սրբադասում։ Դրա մասին չէ խոսքը, բայց խոսքը կոնկրետ սպառնալիքի մասին է, որի վերաբերյալ գրառում է արել, դրանից հետո որևէ իրավապահ մարմին իմ հետ չի կապվել։ Այսինքն, պատկերացրեք՝ քաղաքական գործիչը հայտարարում է, որ սպառնալիք է ստանում, զրո արձագանք»,-ասում է Մարուքյանն ու հավելում, թե երևի սպասում են, որ մեկին գնդակահարեն, հետո գնան, տաք հետքերով գտնեն։

Իսկ Մարուքյանին ուղղված նամակում գրված է․ «Զգուշացնում եմ, այ գյադա, շուտով գնդակները որոտալու են։ Նայիր՝ չդիպչի և այլն, մնացածը հայհոյանք է»։

Ընդ որում, գրողը ֆեյք չէ, այլ ռեալ օգտատեր։ Մարուքյանը երեկ հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն։

Էդմոն Մարուքյանը հավելեց, որ այս իրադարձություններից հետո մեծ հասարակական ակնկալիք կա՝ հասկանալու, թե ԼՀԿ-ն դիմո՞ւմ է Սահմանադրական դատարան, թե ոչ։ Մարուքյանը, հիշեցնելով, որ հրապարակել են դիմումի կմախքը՝ խախտումների մասով, պատրաստ են եղել դիմում ներկայացնել ՍԴ, բայց համապատասխան (27) ստորագրություն ԼՀԿ-ն չունի, հետևաբար, հարցը փակված է։

Հիշեցնենք, որ այս 27 ստորագրությունն ապահովելու համար անհրաժեշտ էին նաև ԲՀԿ-ի ստորագրությունները, որոնք չեղան։ ԼՀԿ ղեկավարը հավելում է, որ այսօր կառավարող ուժը ժողովրդին հանրաքվեի է ուղարկում Սահմանադրության մեկ հոդված փոխելու համար։ Նրա ձևակերպմամբ` սա հետևյալն է․ «Իշխանությունը վայելում է Սերժ Սարգսյանի ժառանգած համակարգը, բայց իշխանությունը համաձայն չէ, որ Հրայր Թովմասյանն այդտեղ աշխատի»։

Մարուքյանն ասում է, ի դեպ, որ Հրայր Թովմասյանը պետք է բարոյական հարթության վրա հրաժարական տված լիներ, հասկանալով, որ «անիմաստ մնում է», բայց իրավական մեկնաբանությունները, որ, «այ, նա, աֆերիստը», իրավական կատեգորիաներ չեն։