«Հրապարակ»․ Հայ ժողովուրդն այսօր առաջնորդվում է ապազգային մի արարածի կողմից
«Հրապարակի» զրուցակիցը ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն է:
- Օր օրի ավելանում են անվտանգային խնդիրները, խոսվում է Տավուշից չորս գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին, սակայն վարչապետն այլեւս չի թաքցնում, որ իշխանությունը պահպանելու խնդիր է լուծում, օրերս ասել է, որ ՀԱՊԿ-ն ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ մեզ օգնության, այլ որպես խաղաղապահ, ինչի արդյունքում «Հայաստանում կձեւավորվեր դրածո իշխանություն»:
- Նա ուզում է լղոզել մի իրականություն, որում հայտնվել է հայ ժողովուրդն ու իր սեփական մաշկի վրա ամեն օր զգում է այդ իրականության հետեւանքները: Անընդհատ վերադառնում ենք այն գաղափարին, որ օրվա իշխանության, հատկապես իշխանության գլուխ կանգնած անձի կողմից կործանարար գործողություններ են արվում: Նրանք եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ ժամանակակից պետությանը բնորոշ ատրիբուտները, ըստ էության, չունենք: Մենք շարունակում ենք մնալ խոր ճգնաժամի մեջ, օրվա իշխանություններն իրականացնում են հակապետական, հակազգային քաղաքականություն, պետությունը, որպես այդպիսին, ունի դրոշ, գերբ, օրհներգ, դրանք կան, սակայն բավարար չեն, որպեսզի մենք խոսենք պետության ինքնիշխանության մասին: Ինչ-որ մի պահից Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը: Ինքնիշխանությունը կորցնելու համար մեկ մեղավորը չի կարող խոսել պետության պահպանման մասին: Նրա երեկվա ելույթները ստիպված լսեցի ու եւս մեկ անգամ համոզվեցի, որ ամեն ինչ գնալով ավելի սխալ ու վտանգավոր ուղղությամբ է ընթանում: Խնդիրները խորանում են, իսկ ես մտահոգված չեմ, թե ինչ խոսեց երկրի դե յուրե ղեկավարը, այլ մտահոգված եմ, որ հակառակ կողմից հակադարձողների բանակ, որպես այդպիսին, որն իսկապես պատրաստ է երկրի ինքնիշխանությունը պաշտպանել, չտեսա: Ըստ էության, նրանք գոյություն չունեն: Այսինքն` ավելի մտահոգիչ է, որ բոլորս գլուխներս կախ գնում ենք դեպի անդունդ: Անմեղսունակությունն ու համատարած անգործունակությունն ավելի վտանգավոր են, քան այն, որ Փաշինյանը Հայաստանը դեպի անդունդ է մեզ տանում: Թե ինչ կխոսի այսօր կամ վաղը, ինչ մանիպուլյացիոն հայտարարություններ կանի, ՀԱՊԿ-ի եւ չորս գյուղերի մասին ինչ կասի, այսօր էական չեն նրանց համար, ովքեր տեսնում են իրական վտանգները:
- Անկախ ամեն ինչից, Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի վարչապետը, եւ նա Տավուշից տարածքներ հանձնելու մտքից հետ չի կանգնում: Ի դեպ, երեկ էլ հայտարարեց, որ այդ գյուղերը հանձնեն Ադրբեջանին, թե ոչ, միեւնույն է՝ խաղաղության երաշխիքներ չկան:
- Շատ պարզ ու հասարակ միտք է ասում, ազնվաբար ասում է՝ մեր առջեւ մի պահանջ է դրվել, որը երկկողմանի հարաբերություններում Փաշինյանին ուղղված ցուցում է, որն ուղղակիորեն պետք է կատարվի: Թիվ մեկ ամբիոնից այս հայտարարությամբ երեկ խոստովանություն հնչեց, որ ինքը` Փաշինյանը, կատարում է թշնամի երկրի ղեկավարի անմիջական ու ուղղակի ցուցումները, բայց, փաստորեն, չկան երաշխիքներ, որ այդ ցուցումներն ապագայում առավել կործանարար հետեւանքներ չեն թողնելու: Ես իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում երկրի դե յուրե ղեկավարի այս հայտարարությանը: Նա հանցագործության մասին բաց հայտարարություն արեց, սեփական հանցագործության մասին` թիվ մեկ ամբիոնից:
- Նա նաեւ Հայոց պատմությանն անդրադարձավ՝ ասելով, որ եթե հայ ժողովուրդը գնա պատմության հետքերով, կցեղասպանվի: Մի՞թե մեր պատմությունն իսկապես ցեղասպանության տանող պատմություն է:
- Ազգային գաղափարախոսություն ունենալը պարտադրում է, որպեսզի մարդն ունենա պատմական հիշողություն, իսկ պատմական հիշողությունը մեր այն ժառանգությունն է, որի վրա իմաստավորում ենք անցյալը, գնահատում ենք այն եւ դրա հիման վրա կառուցում ենք ներկան եւ ապագան: Եթե մենք պատմական հիշողությունը` որպես ազգային գաղափարախոսության կարեւորագույն ատրիբուտ ոտնահարում ենք, հաշվի չենք առնում այն, ավելին` այն կործանարար ենք համարում, դա նշանակում է, որ մենք ունենք ապազգային մտածելակերպ: Այո, այսօրվա իշխանությունները` վարչապետը, ունի հստակ ընդգծված ապազգային կեցվածք: Նրա այս հայտարարություններն ապացուցում են, որ անգամ ազգային մտածողության գեթ մեկ հատիկ չկա իր ուղեղի ծալքերի մեջ: Հայ ժողովուրդն այսօր առաջնորդվում է ապազգային մի արարածի կողմից: Մենք ոչինչ չենք անում փաստացի, որպեսզի համախմբվենք ու այս իշխանությանը համապատասխան տեղ ուղարկենք: Խիստ մտահոգիչ է, որ հայ ժողովուրդն անգամ այս օրերին չի համախմբվում:
- Իսկ ինչո՞ւ չենք համախմբվում, ավելի ճիշտ` ինչո՞ւ ընդդիմությունը հանրությանը չի համախմբում իր շուրջը:
- Կարծում եմ, որ այս ընդդիմության, ինչպես նաեւ ընդդիմադիր կեցվածք ունեցողների մեջ իսկապես կան մտահոգված անձինք, ովքեր իսկապես ցավում են տեղի ունեցողի համար, ահազանգում են եւ այլն: Ինձ թվում է` այսօր առաջնորդության պակաս կա: Մարդիկ վախենում են՝ ունենալով որոշակի քաղաքական պարտավորություններ: Տիտղոսային ընդդիմություն լինելով, վատնում են այն, ինչ ժողովուրդը տարիներ առաջ վստահել է իրենց: Եթե ասենք՝ ոչինչ չեն անում, ճիշտ չի լինի, սակայն ընդդիմության արածներն ադեկվատ չեն: Հանրությունն այլ բան էր սպասում` կտրուկ քայլեր, ոչ թե այն, ինչ պահանջվում էր քաղաքական կոնյունկտուրայով: Ընդդիմությունը պետք է առաջնորդող լիներ, պետք է խելառություններ կարողանար անել, բայց դրա համար խարիզմա է պետք: Մենք շատ դեպքերում օգտագործում ենք «որակյալ փոքրամասնություն» բառակապակցությունը, սակայն եթե անգամ որակյալ փոքրամասնությունը համախմբվի, լավ կլինի: Մեզ պետք են անձնազոհության պատրաստ լիդերներ:
Կարծիքներ