Նոր հաղորդում «Արմնյուզի» եթերում՝ «Հրապարակային շաբաթ»

Նոր հաղորդում «Արմնյուզի» եթերում՝ «Հրապարակային շաբաթ»

«Արմնյուզ» հեռուստաընկերության և «Հրապարակ» օրաթերթի համագործակցության արդյունքում եթերում կլինի նոր հաղորդում՝ «Հրապարակային շաբաթ»: Յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 20:15-ին օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը և լրագրողները կամփոփեն շաբաթվա ընթացքում «Հրապարակի» գրած նյութերը:

Tert.am-ի հետ զրույցում «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասաց. ««Արմնյուզ» հեռուստաընկերությունից մենք առաջարկ ստացանք՝ եթերում ներկայացնել «Հրապարակի» շաբաթվա ամենահետաքրքիր նյութերը: Առաջարկը շատ հետաքրքիր էր և անսպասելի: Մենք չէինք կարող անգամ պատկերացնել, որ «Հրապարակը» կհայտնվի եթերում, հիմա, փաստորեն, դա իրականություն է, սա շատ ողջունելի է: Հաղորդում է լինելու շաբաթական մեկ անգամ՝ 20-25 րոպե տևողությամբ: Ճիշտ է, մենք հիմա շատ ծանրաբեռնված ենք աշխատում, բայց որոշեցինք անպայման ժամանակ գտնել և այս հաղորդումն անել: Դա նաև մեր աշխատանքի լայն լուսաբանմանը, քարոզչությանը կնպաստի»:

Նրա խոսքով՝ հեռուստադիտողին ներկայացվելու է «Հրապարակի» բացառիկ և լավագույն նյութերը: Գերակշռող է լինելու քաղաքական թեման, բայց Արմինե Օհանյանը վստահեցրեց, որ փորձելու են հավասարակշռությունը պահպանել նաև այլ ոլորտներ լուսաբանելու առումով:

«Հաղորդման նպատակը հետևյալն է. կան բազմաթիվ հոդվածներ, որոնք շատ ավելի հետաքրքիր են, բայց դուրս են մնում լայն ընթերցողի ուշադրությունից, քանի որ մամուլի տեսություն անող կայքերը, որպես կանոն, օգտվում են մեր լուրերի հատվածից և կիսով չափ են վերցնում հոդվածները: Եվ այսպես ասած, թաքուն նպատակ ունենք պրոպագանդել տպագիր մամուլը, ցույց տալ, որ թերթը և կայքը տարբեր բաներ են: Լավ, ուշադիր, հետաքրքրասեր ընթերցողը, նախընտրելի է, որ ավելի շատ թերթ կարդա, քան կայքերի տված ինֆորմացիայով բավարարվի»,- ասաց Արմինե Օհանյանը: