Ափսոս է ուղեղդ, ափսոս է երկիրը...

Ափսոս է ուղեղդ, ափսոս է երկիրը...

Այն, որ արեւելյան թշնամի երկիրը հաղթանակից հետո անընդհատ խնդիր է ստեղծելու մեզ համար, հասկանալի էր: Այն, որ նրա հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման ջատագով իշխանությունն անընդհատ խեղճանալու էր նրա առջեւ, եւս հասկանալի էր: Շատ մեծ խելք պետք չէր ընկալելու համար, որ եթե ծեծվողը հեռու չի փախչում ծեծողից, ապա վերջինս անընդհատ ստորացնելու է նրան: Հատկապես, եթե ծեծողը թյուրքական ցեղի ներկայացուցիչ է: Իսկ «ծեծվում» է երկիրը, ի՞նչ կարող է անել այն. չէ՞ որ, որքան էլ փոքր լինի, ոտքեր չունի, որ փախչի: Ո՞րն է ելքը երկրի դեպքում: Միակ տրամաբանական պատասխանն է՝ փոխել ղեկավարին, որպեսզի երկիրը շանս ստանա ղեկավարի փոփոխությամբ ոտքի կանգնելու: Ու առաջին հերթին ամրացնել երկրի սահմանները: Պարզ ու հասարակ այս դրույթը զարմանալիորեն չի ընկալվում թե՛ մեր երկրի ղեկավարի եւ թե՛ նրան աջակից կենսազանգվածի կողմից:

Պատերազմի ավարտից անցել է ավելի քան կես տարի: Մենք չկարողացանք երկրի ղեկավար փոխել: Երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձն ու նրա կամակատարներն էլ չընկալեցին, որ պետք էր ամրապնդել նոր երեւան եկած սահմանները: Ու ոչինչ չարեցին այդ ուղղությամբ: Իսկ թշնամին էլ, որ կես տարում մի քանի զորամաս կառուցեց զավթած տարածքներում, որոշեց բարելավել իր դիրքերը՝ փորձելով հընթացս մեզ զրկել ջրային աղբյուրներից: Որպես օրինակ՝ արաբա-իսրայելական վերջին պատերազմից տասնամյակներ անց Գոլանի բարձունքը մնում է Իսրայելի տնօրինության ներքո հենց ջրային աղբյուրների պատճառով: Բայց, ինչպես երեւում է, հայաստանյան «ժողովրդի իշխանությունը» նման պարզ բաները չի գիտակցում: 

Եվ երբ թշնամին մուտք է գործում մեր տարածք, իշխանությունը երջանկացած հայտարարում է, որ ոչ մի կրակոց սահմանին չի եղել. դա՝ Սյունիքում: Իսկ Գեղարքունիքի համար ասվում է, որ թշնամին դիրքեր չի գրավել, քանի որ այդպիսիք չեն եղել: Ու այստեղ ուղեղդ՝ հանց համակարգիչ, կախում է. ո՞նց կրակոց չի եղել, եւ կամ դիրքեր չեն գրավել: Նման բան կարող էր հայտարարել ագրեսոր պետությունը՝ ուրախացած այն փաստից, որ կարիք չի եղել կրակոց արձակելու, քանի որ դիրքեր չեն եղել, ու ինքը զոհեր չի տվել: Բայց որ մեր իշխանությունն է նման բան հայտարարում… Չէ, նորմալ ուղեղը պետք է հրաժարվի դա ընկալելուց: 

Կամ էլ Հայաստանի ղեկավարի կողմից խորհրդատվություն ստանալու համար ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) դիմելու խնդիրը: Ենթադրենք, ստացավ խորհրդատվությունը, հետո՞... ՀԱՊԿ առանցքային երկրի՝ ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն միջնորդ կհանդիսանա՝ նաեւ քարտեզներ տրամադրելով, որպեսզի լուծվեն սահմանային հարցերը: Էլ ՀԱՊԿ դիմելու իմաստը ո՞րն էր, եթե կարելի էր դիմել հենց ՌԴ-ին: ՀԱՊԿ ինստիտուտը հեղինակազրկե՞լը: Ենթադրենք՝ դա հաջողվեց, ի՞նչ կտա դա Հայաստանի Հանրապետությանը, որի անվտանգությունն ապահովվում է ՌԴ-ի հետ երկկողմանի եւ ՌԴ-ի միջոցով (որպես կազմակերպության կենտրոնական առանցքի) ՀԱՊԿ շրջանակներում: Այդ հարցերի պատասխանները, բնականաբար, ունեն նրանք, ովքեր ուղղորդում են երկրի ղեկավար կոչվածի գործողությունները: 

Ի դեպ, բանակցությունների մասին: Քո տարածքը մտած թշնամին հենց այնպես չի հեռանա՝ ինչ բանակցություն էլ տարվի: Բանակցության իմաստն այն է, որ ինքը հեռանա մեկ այլ բան ստանալով: Իսկ եթե պետք է հեռանա առանց որեւէ բան ստանալու, դա արվում է ոչ թե բանակցությունների, այլ պարտադրանքի ուժով: Եվ եթե դու ի վիճակի չես պարտադրելու եւ դիմում ես քո անվտանգությունն ապահովող երկրին, ապա ստիպված ես գնահատել վերջինիս տարածաշրջանային շահերը: Եթե դա չանես, հետո ստիպված կլինես անընդհատ մեղադրել նրան դավաճանության մեջ: Դ

ա այն է, ինչին ականատես եղանք 2020-ի պատերազմի ընթացքում: Ինչը չընկալվեց մեր երկրի ղեկավարության կողմից ու շարունակում է չընկալվել: Ու այստեղ կրկին ուղեղդ կախում է՝ հանց համակարգիչ... 
Երեւի մեզ տրված չէ պետականություն ունենալու կարողությունը, եւ 3 տարի առաջ մենք ենթագիտակցորեն իշխանության բերեցինք նման անմեղսունակ մեկին, որպեսզի վերջ տրվի մեր պետականությանը: Չէ, նման սցենարին համաձայն չենք: Մնում է մի կերպ հեռացնել նրան ու նորովի նախաձեռնել պետության կայացման գործընթացը: Այլապես ուղեղդ շարքից դուրս կգա անընդհատ կախելուց. ափսոս է ուղեղդ, եւ ափսոս է երկիրը...

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ