Հարցե՜ր, հարցե՜ր, հարցե՜ր

Հարցե՜ր, հարցե՜ր, հարցե՜ր

Նախորդ օրն Անվտանգության խորհրդի նիստում Արցախի նախագահ Հարությունյան Արայիկը, ըստ «Արցախպրեսի», նշել է, որ «արտաքին քաղաքական դաշտում իրականացվող ջանքերը եւ Արցախ-Հայաստան միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ տարբեր միջազգային կառույցներից ու պետություններից հնչող կոչերը դրական արդյունք չեն տվել ոչ միայն Արցախի շրջափակումը ճեղքելու, այլեւ Ադրբեջանի նկրտումները զսպելու հարցում, ինչն ավելի ակտիվ եւ հասցեական աշխատելու հրամայական է առաջադրում»: Նույն օրն Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն առաջարկել էր անժամկետ համաժողովրդական շարժում նախաձեռնելու մասին: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հուլիսի 14-ին մեկնարկել է շարժման բազմահազարանոց հանրահավաքը՝ Արցախի ապաշրջափակման պահանջով։

Այսքանը պաշտոնական տեղեկատվություն է, ինչը ներկայացնում է առկա մարտահրավերներին համապատասխան քայլերի շարք: Թե ինչպիսին կլինի այդ շարքի ՕԳԳ-ն (օգտակար գործողության գործակիցը)՝ դա արդեն այլ հարց է: Բայց այն, ինչ տեղի էր ունեցել նույն գիշերն Արցախում, ենթադրել է տալիս, որ այդ ՕԳԳ-ն կարող է խիստ ցածր լինել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանցիների նման վայրենի, արտաքին թշնամու դեմ պայքարում հաջողության հասնելու առաջին նախապայմանը համախմբվածությունն է: Իսկ Արցախի իրավապահները (ենթադրաբար՝ ՀՀ իրավապահների կամ էլ անմիջականորեն Նիկոլի հրահանգով՝ դա էական չէ) կեսգիշերին ձերբակալում են գեներալ, Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին: Ձերբակալում են համարյա թե լացելու աստիճան անլուրջ հիմքով՝ երկու տարի առաջ նրա որդուն հատկացված 74,5 միլիոն դրամի վարկի ոչ նպատակային օգտագործման մեղադրանքով: Մեղադրանքի բնույթն արդեն ինքնին խոսուն փաստ է: Այն գտնվում է քաղաքական հակառակորդներին քրեական գործերով պատժելու՝ հայաստանյան իրավապահների առաջնահերթությունների տիրույթում:

Վ. Բալասանյանի հետ միասին ձերբակալվել էին նրա որդին եւ մեկ այլ հարազատը: Սակայն վերջիններիս հարցաքննության հիման վրա, ըստ Բալասանյանի փաստաբանի, որոշում է կայացվել ձերբակալումից նրանց ազատելու մասին։ Քանի որ ցուցմունքներով հիմնավորվել է վարկային միջոցների օրինականությունը: Բայց եթե դա այդպես է, ու վարկառուն ազատվել է, ապա ի՞նչ տրամաբանությամբ պետք է ձերբակալված մնար նրա հայրը: Թեկուզ վերջինս 2021 թվականի հունիսին, երբ տրամադրվել եւ իրացվում էր վարկը, դեռեւս զբաղեցնում էր Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Եվ, ենթադրաբար, կարող էր նպաստել վարկի ոչ նպատակային օգտագործման ծածկադմփոցին: Եթե, իհարկե, վարկային այս պատմությունը ոչ թե հերթական հորինվածք է, այլ քրեական գործի իրական հիմնավորում: Ի դեպ, Վ. Բալասանյանի ազատումն ԱԽՔ պաշտոնից տեղի ունեցավ ս. թ. հունվարի սկիզբին եւ առանց որեւէ հիմնավորման: Իսկ փետրվարին նրա նկատմամբ հարուցվել էր ինչ-որ գաղտնի քրեական գործ: Գաղտնի, քանի որ դրա մասին որեւէ տեղեկատվություն չէր հրապարակվել: Ու հանկարծ ծլում է այս մեկը, որի առումով ընդունված է ասել, որ եփված հավի ծիծաղը կգար: Այն էլ Արցախի համար այսպիսի ճակատագրական օրերին: 

Հենց այս զարգացումները նկատի ունենալով՝ կարծում եմ, որ «ավելի ակտիվ եւ հասցեական աշխատելու հրամայական» կոչվածը երեւի հենց այսպիսի աշխատանքն է: Եթե ասվի, որ ասվածը լուրջ չէ, ապա հարց է առաջանում, թե որքանով են պետականորեն հիմնավորված Արցախյան ազատամարտի հերոսի ու քաղաքական գործչի նկատմամբ կիրառված հետապնդումները: Եվ ինչո՞ւ էր հենց երեկվա օրն ընտրվել ձերբակալման համար: Եվ ի՞նչ էին փնտրում՝ նրա տանը խուզարկություն կատարելով. հարցե՜ր, հարցե՜ր, հարցե՜ր…