Փաշինյանն ընդունում է Ալիեւի վերադասությունը՝ փորձելով այն տարածել Հայաստանի վրա

Փաշինյանն ընդունում է Ալիեւի վերադասությունը՝ փորձելով այն տարածել Հայաստանի վրա

Փաշինյանը ՀՀ կառավարության նիստերն օգտագործում է ոչ թե երկրի խնդիրները քննարկելու եւ դրանց լուծում տալու, այլ Ադրբեջանի մեղադրանքները հերքելու համար: Անդրադառնալով օրերս ադրբեջանական մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից Հայաստանի որոշ հանքերի շահագործումը դադարեցնելու պահանջին՝ նա կառավարության երեկվա նիստում հայտարարեց. «Ադրբեջանի «բնապահպանական» ակտիվությունը, այնուամենայնիվ,  շարունակվում է, եւ հիմա էլ այդ երկիրը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական եւ ոչ պաշտոնական մակարդակով:

Ընդ որում, սրա համար Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք բոլորովին ուրիշ բանի մասին են, հիշատակում է կոնվենցիաներ, որոնք վերաբերելի չեն: Հայաստանի պետական եւ մասնավոր հատվածի կազմակերպությունները, իհարկե, հատ-հատ ի ցույց են դնում եւ կշարունակեն ի ցույց դնել Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը»: 

Ինչպե՞ս կվարվեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, եթե Հայաստանի բնապահպանական կազմակերպություններն ինչ-որ մեղադրանք ներկայացնեին Ադրբեջանին, առավել եւս՝ Ադրբեջանի տարածքում գտնվող հանքավայրերի շահագործումը դադարեցնելու պահանջ դնեին. արդյո՞ք Ալիեւը հարկ կհամարեր անդրադառնալ դրանց, կհրահանգեր Ադրբեջանի մասնավոր եւ պետական կազմակերպություններին՝ հաշվետվություն ներկայացնել Հայաստանին՝ ապացուցելով այդ մեղադրանքների անհիմն լինելը: Ալիեւը սեփական երկրի տարածքում գտնվող հանքերի շահագործումը կդիտարկեր իր երկրի ներքին գործը, որին այլ երկրի ՀԿ-ներ իրավասու չեն միջամտելու, եւ կարհամարհեր այդ հայտարարությունը:

Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես պարտաճանաչորեն արձագանքում Ադրբեջանի մեղադրանքներին եւ դեռ մի բան էլ հրահանգում, որ Հայաստանի տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվող պետական եւ մասնավոր կազմակերպություններն ի ցույց դնեն այդ մեղադրանքների մտացածին լինելը. Այսինքն՝ մանրամասն հաշվետվություն ներկայացնեն ադրբեջանական իշխանություններին՝ իրենց աշխատանքի եւ գործունեության բնույթի մասին: Փաշինյանը գիտի, որ ադրբեջանական ՀԿ-ների հետեւում կանգնած է Ադրբեջանի իշխանությունը եւ անձամբ Ալիեւը, առանց Ալիեւի հրահանգի որեւէ ՀԿ չի կարող նույնիսկ մի ստորակետ դնել, ուր մնաց՝ տեքստ գրի: Փաշինյանն իր երեկվա հայտարարությամբ Ալիեւին եւ Ադրբեջանի իշխանությանն ընդունում է որպես իր վերադաս, ում առաջ ինքը հաշվետու է, եւ Հայաստանում գործող պետական ու մասնավոր ընկերություններին կառավարության նիստում մեսիջ է հղում, որ Ալիեւի վերադասությունը տարածվում է ոչ միայն իր, այլեւ ամբողջ Հայաստանի վրա, բոլոր ընկերությունների եւ հաստատությունների վրա` անկախ սեփականության ձեւից, լինեն դրանք պետական թե մասնավոր: 

Փաշինյանը կառավարության նիստում փաստացի դիմում է Ադրբեջանի նախագահին՝ ասելով, որ ինքը պատրաստ է մանրամասն հաշվետվությամբ հանդես գալ Հայաստանի տարածքում գտնվող հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեության վերաբերյալ, հստակ տեղեկություններ տրամադրել, թե որ հանքերն են իրականում գործում, որոնք չեն գործում, ինչ որոշումների հիման վրա՝ հատ-հատ, ամենայն մանրամասնությամբ: Փաշինյանը մտավախություն ունի, որ եթե ինքը հնազանդություն չդրսեւորի, ապա Ալիեւը կարող է իր վերահսկողության տակ գտնվող ՀԿ-ներին հրահանգել՝ հանդես գալ հայտարարությամբ եւ պահանջել, որ նրանց հնարավորություն տրվի մտնել Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկություններ` հարստացուցիչ կոմբինատներ, մետաղաձուլարաններ եւ մոնիթորինգ իրականացնել՝ համոզվելու համար, թե ինչպես են պահպանվում բնապահպանական նորմերն այդ ձեռնարկություններում։ Եվ որոշել՝ արդյոք դրանք աշխատելու իրավունք ունե՞ն, թե՞ ենթակա են փակման, ինչը կնշանակի իր իշխանության ավարտը Հայաստանի տարածքում: Փաշինյանն Ալիեւին ասում է. ինձ ընդունիր որպես քո վստահելի ներկայացուցիչը Հայաստանում, մնացածը ես կանեմ քո ուզած ձեւով:

Առաջին հայացքից սա աբսուրդ կարող է թվալ, սակայն Փաշինյանը Հայաստանը հասցրել է վասալային կախվածության Ադրբեջանից: ՀՀ իշխանությունն այն աստիճան է վախենում Ալիեւից, որ մտածում է բավարարել Ադրբեջանի ցանկացած պահանջ, որ առիթ չտա Ադրբեջանին՝ հարձակվելու Հայաստանի վրա, ինչը կնշանակի Փաշինյանի իշխանության ավարտ: Փաշինյանի եւ նրա իշխանության ներկայացուցիչների հայտարարած խաղաղության օրակարգն իրականում Ադրբեջանի վերադասությունն ընդունելու եւ Ադրբեջանի իշխանության տակ ապրելու մասին է: Որովհետեւ միայն Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարելն է երաշխավորելու խաղաղություն, իսկ դրանց հակադրվելը հղի է պատերազմի վերսկսման վտանգով:

Երբ Փաշինյանը կամ նրա իշխանության որեւէ ներկայացուցիչ խոսում է այս կամ այն հարցում ունեցած կարմիր գծերի մասին, ինչը ենթադրում է մի սահման, որից այն կողմ չի կարող զիջում լինել, նրանք ակնհայտորեն ստում են: Փաշինյանն ընդամենը մի կարմիր գիծ ունի՝ վարչապետի պաշտոնը: Նա պատրաստ է ցանկացած զիջման, միայն թե պահի իր պաշտոնը, այդ թվում եւ Հայաստանը վասալային կախման մեջ գցելով Ադրբեջանից` դրա փոխարեն ստանալով Հայաստանում վարչապետ աշխատելու իրավունք: Նա հաստատ կհիմնավորի նաեւ, որ դա լավագույն լուծումն է՝ ասելով. «Հա, ինչ է՝ ուզում էին Հայաստանը ռուսական գուբերնիա՞ սարքել, թե՞ իրանական օստան, մինչդեռ մենք պատմականորեն հարյուրամյակներ եւ հազարամյակներ խաղաղ եւ անվտանգ ապրել ենք եղբայրական Ադրբեջանի կողքին, հիմա էլ կապրենք նրա կազմում»: Այնպես որ, քանի Փաշինյանը կա, Հայաստանը գնալու է ադրբեջանականացման ճանապարհով, փաշինյանական խաղաղության օրակարգը բացառապես ադրբեջանական ենթակայությունն ընդունելու մասին է:

Ավետիս Բաբաջանյան