Այս հանրահավաքը մի նպատակ ուներ՝ ուժի ցուցադրություն

Այս հանրահավաքը մի նպատակ ուներ՝ ուժի ցուցադրություն

Մոտ երկու շաբաթ է մայրաքաղաքում նստացույցեր են, երթեր, բողոքի ակցիաներ, հացադուլ եւ նստացույց՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի հրաժարականի պահանջով և Արցախի փրկության կոչերով։ Երեկ էլ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որին մասնակցում էին քաղաքական տարբեր ուժեր, կազմակերպություններ, պարզապես հասարակ քաղաքացիներ։ Հանրահավաքը բազմամարդ էր։ Մարդիկ ոգևորված և մեծ սպասումներով էին մասնակցում այդ հանրահավաքին։

-Արդյոք կարո՞ղ ենք հաջողված համարել երեկվա հանրահավաքը և ինչ սպասումներ ունենալ դրանից` զրուցել ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ

- Երեկվա հանրահավաքը առանձին գործընթաց չէր։ Դա մի ամբողջ գործընթացի մի դետալն է հանդիսանում, որը սկսվել էր ապրիլի 18-ից, երբ որ ԱԱԾ նախկին տնօրենը նստեց Ազատության հրապարակում։ Այդ ամբողջ կոմպլեքսի մեջ տարբեր գործողություններ կան, որոնցից մեկը հանրահավաքն է։ Ասեմ, որ հանրահավաքը կայացած էր, բավականին բազմամարդ էր։ Շատ տրամաբանական էր, որ այնտեղ որևիցե լիդերի, առաջնորդների մասին չխոսվեց, որովհետև դրա տեղը չէր։ Այդ հանրահավաքը մի նպատակ ուներ՝ ուժի ցուցադրման հանրահավաք և այդ ուժի ցուցադրումը հաջողվեց, որովհետև բավականին բազմաքանակ էր։ Նաև կարող ենք ասել, որ հանրահավաքը տեղեկատվական բնույթ կրող միջոցառման դեր կատարեց, որովհետև, ինչպես իրենք են ասում, դիմադրության շարժման ղեկավարներից մեկը հնչեցրեց, թե ինչ գործողություններ պետք է հաջորդ օրը իրակաանցվի։ Եվ փաստորեն հաջորդ օրը սկսվեց իրականացումը։ Այսինքն, հանրահավաքը՝ ինքը, ուժի ցուցադրման տեսակետից հաջողված է, և ուներ ընդամենը տեղեկատվական բնույթ կրող միջոցառում, որը նույնպես իրականացրեց։

Ուժի ցուցադրումը կարող ենք ասել նաև վրաններ տեղադրել-չտեղադրելու հարցում և մարդկանց մեծաքանակությունը ապահովեց վրանների տեղադրման գործընթացը։ Այսինքն, հանրահավաքը որպես առանձին վերցրած դետալ ինքն իր գործառույթները, իր նպատակները կատարեց։ Սակայն պետք է նշենք, որ չի կարելի քաղաքական գործընթացում մեկ առանձին միջոցառում վերցնել և նշել, որ նա արդյունավետ է և իր նպատակին հասավ, որովհետև կարող է առանձին դետալն իր  նպատակի հասնի, բայց ամբողջ գործընթացն իր նպատակին չհասնի։ Եվ հակառակը, կարող է առանձին դետալ հաջողություն չունենա, բայց ամբողջ գործընթացը հաջողություն ունենա։ Այս պահի դրությամբ, եթե դիտարկենք որպես առանձին դետալ, հանրահավաքը հաջողված միջոցառում էր։ Բայց խնդիրն այն է, որ մենք չենք կարող առանձին դիտարկել, մենք պետք է դիտարկենք ամբողջ պայքարի համատեքստում։ Պայքարի համատեքստը այսօրվա դրությամբ,  լրիվ ուրիշ հարց է։

- Սոցցանցերում նկատեցինք, որ մարդիկ դժգոհում են և քննադատում, որ երեկվա հանրահավաքին չներկայացվեց օրակարգ, ծրագիր։ Որպես քաղտեխնոլոգ՝ կմանրամասնե՞ք մեր ընթերցողների համար` այս տեսակի հանրահավաքի բնույթը եւ ինչու չներկայացվեց այդ ծրագիրը։

- Սա քաղաքական գործընթացի մեկնարկային հանրահավաք էր։ Եվ արդեն ասացի` ուժի և տեղեկատվական բնույթ կրող միջոցառում։ Ձեր ասած օրակարգով հանրահավաքը ընդհանրապես լինում է քաղաքական գործընթացի ավարտին։ Հանրահավաքները տարբեր գործառույթներ են իրականացնում։ Կա բովանդակային հանրահավաք, երբ որ քաղաքական ծրագրեր են ներկայացվում, օրակարգեր են ներկայացնում, կա ուժի ցուցադրման հանրահավաք, ինչը վերեւում նշեցի։ Սա առանձին կուսակցության հանրահավաք չէր։ Ձեր ասած ծրագրայինը, ընդհանրապես լինում է, երբ որ կոնկրետ քաղաքական ուժ է հանրահավաք իրականացնում, և օգտագործելով հանրահավաքը որպես տեղեկատվական միջոց՝ իր ապագա ծրագրի մի քանի կետեր է ներկայացնում։ Քանի որ հանրահավաքին բազմաթիվ ուժեր կային, բնականաբար նրանք չէին կարող ծրագրային բնույթ կրող ելույթներ ունենային։

- Իսկ նախօրոք չէի՞ն կարող միասնաբար մշակել այդ օրակարգը, քանի որ մի գաղափարի և հարցի շուրջ էր այն իրականացվելու։

- Չէր կարող, որովհետև նրանք հենց սկզբունքորեն են դնում։ Նրանք հենց սկզբից էլ հայտարարեցին, որ սա կուսակցությունների հանրահավաք չի։ Որովհետև, եթե կուսակցությունների հանրահավաք անես, կուսակցությունները զրկվում են իրենց ուժի ցուցադրման այդ գործառույթից։ Որովհետև մարդիկ գալիս են իրենց ուժը ցուցադրելու, բայց չեն ցանկանում իրենց ուժը տրամադրեն մեկ այլ կուսակցությանը, կազմակերպությանը։ Այդ պատճառով էլ սա տվյալ կուսակցության հանրահավաքը չէ, որպեսզի ինքը բովանդակություն ներկայացներ։ Այս պահի միակ բովանդակությունը միասնական ուժերով քաղաքացիական անհնազանդություն իրականացնելն է։  Ձեր ասածը ուրիշ հանրահավաք է և ուրիշ փուլերում է տեղի ունենալու, ուրիշ գործընթացներում։ Պայքարելու բովանդակություն է այս պահին իրականանում, ոչ թե ապագայի տեսլականի ներկայացումն էր։

- Ի՞նչ եք կարծում, կհաջողվի մասնակիցներին իրենց նպատակին հասցնել սկսած գործընթացը։

- Եթե դիմադրության շարժումը գրագետ աշխատի, այո, հաջողություն կունենա, որովհետև մարդկային բավականին մեծ պոտենցիալ կա, որը դեռևս օգտագործված չի։ Եվ հետո կան որոշակի թերություններ՝ դիմադրության շարժումը կազմակերպչական հարցերում դեռևս լիարժեք չի։ Եվ ոչ միայն կազմակերպչական, նաև փիար տեսակետը չէի ասի, որ լիարժեք էր։ Առաջին օրվա համար միգուցե լավ էր, բայց, եթե հաջորդ մի քանի օրերին այս նույնը կրկնվի դա արդեն կարող ենք համարել՝ ոչ հաջողություն։ Եթե որոշակի թերություններ իրենք վերացնեն, ապա  կարող ենք ասել, որ այո հաջողությունների կարող են հասնել, հավանականությունը շատ մեծ է։

- Իսկ կոնկրետ ո՞ր թերությունները նկատի ունենք։

- Կազմակերպչական հարցերում աշխատանքներ պետք է տանեն։ Որոշակիորեն կրեատիվության թեթեւակի բացակայություն կար, ստեղծագործական մոտեցումն էր կաղում։