Ուղերձախեղդ արեցիք

Ուղերձախեղդ արեցիք

Վերջին տարիներին Հայաստանի ներքաղաքական կյանքում մի նոր մշակույթ է ձեւավորվել` շնորհավորանքների և ցավակցական ուղերձների մշակույթը: Առաջներում էլ, իհարկե լինում էին նման դեպքեր, երբ երկրի ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց բան ու գործը թողած ընկնեին նման ձևականությունների ետևից, սակայն այժմ այդ երևույթը հասել է պիկին: Այն աստիճան, որ մարտի 8-ի կապակցությամբ կանանց և աղջիկներին Ներքին գործերի նախարարությունից շնորհավորում են միանգամից երկու պաշտոնյա` նախարար Վահե Ղազարյանն ու իր տեղակալ Արամ Հովհաննիսյանը: Նկատենք, որ ընդդիմությունն էլ հետ չի մնում նրանցից` կանանց ուղղված շնորհավորանքի խոսք հղեց նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առհասարակ մի բոցաշունչ հայտարարությամբ է հանդես եկել, նշելով.

««Շնորհավորում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ Մարտի 8-ի՝ կանանց տոնի առիթով: Խոսելով կանանց մասին՝ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնության մասին, որովհետև Հայաստանի Հանրապետության բնակչության 53 տոկոսը կանայք են: Ու ինձ համար, որպես երկրի վարչապետ, այս օրը նախևառաջ մեր երկրի զարգացման գործում կանանց պոտենցիալի լիարժեք ներգրավման մասին ևս մեկ անգամ խորհելու առիթ է: Ի սկզբանե էլ Մարտի 8-ը հիմնադրվել է կանանց աշխատանքային, քաղաքական, կրթական և այլ իրավունքների պաշտպանության համատեքստում, ու նաև սա է այդ ընկալման պատճառը: Մեր կառավարության համար առաջնահերթություն է պետական կառավարման, իրավապահ, անվտանգային, տնտեսական, քաղաքական, գիտական և այլ ասպարեզներում կանանց առավելագույն ներգրավման համար հնարավորություններ ստեղծելը, որովհետև ակնհայտ է, որ առանց այդ պոտենցիալի լիարժեք կիրառման, մեր երկրի զարգացման հնարավորություններն էականորեն կկրճատվեն: Այսօր ուրախությամբ և հպարտությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի բազմաթիվ կանայք ներգրավված են տնտեսական գործունեության մեջ և ամենօրյա ստեղծարար աշխատանքով արժեք են ստեղծում, հարկեր վճարում: Այսօր բազմաթիվ կանայք ներգրավված են իրավապահ համակարգում, ծառայում են ոստիկանությունում և բանակում, ու մենք ուզում ենք, որ նրանց թիվը մեծանա, որովհետև դա բխում է մեր երկրի շահերից: Այսօր բազմաթիվ կանայք պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում: Ու կարևոր է նաև ընդգծել, որ այդ պաշտոններում նրանց հայտնվելու պատճառը կին լինելը չէ, այլ լավ մասնագետ, կառավարիչ, կազմակերպիչ, գործիչ լինելը: Մեր երկրում կանայք պետք է հասանելիություն ունենան բարձրորակ կրթությանը, և նաև այս խնդիրը լուծելու համար ենք որդեգրել 300 դպրոցի և Ակադեմիական քաղաքի ծրագիրը: Բայց այս ամենով հանդերձ մեր երկրի ժողովրդագրական խնդիրները կխորանան, եթե կանայք ավելի ու ավելի շատ երեխաներ ունենալու հակված չլինեն: Նաև սա է պատճառը, որ որդեգրել ենք 500 մանկապարտեզի ծրագիրը, որը միայն առաջին 500-ն է և բազմաթիվ կանանց հնարավորություն կտա խուսափել «աշխատե՞լ, թե՞ երեխա ունենալ» ընտրությունից: Նաև այս խնդրի լուծման համար ենք ներդրել հայրական արձակուրդի ինստիտուտը, որ տղամարդիկ երեխաների խնամքի պատասխանատվությունն ավելի շատ կիսեն կանանց հետ: Նաև այս խնդրի լուծման համար ենք վերարտադրության ոլորտում մի շարք ծրագրեր ստեղծել, և այս քաղաքականությունները կշարունակվեն ու կխորանան...» եւ այլն:

Շնորհավորական ուղերձով հանդես է եկել նաև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, շատ ուրիշ մանր ու մեծ, հայտնի ու անհայտ անձինք: