Ժողովուրդ ջան, թույլ մի՛ տվեք, որ ձեր մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի

Ժողովուրդ ջան, թույլ մի՛ տվեք, որ ձեր մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ ճեպազրույցների ժամին դժգոհում էր նախկիններից ու նախկինների լրատվամիջոցներից, որ իրեն եթեր չեն հրավիրում։ «Այսինքն՝ իրենք դեռ իշխանության չեն եկել, եթերը փակել են, բա որ իշխանության գան՝ ինչե՜ր կանեն»,- ասաց նա՝ հետո հիշելով՝ ավելացրեց․ «Պարզ ա, որ իշխանության չեն գալու»։ Իսկ կոնկրետ ո՞ր լրատվամիջոցին նկատի ունեք՝ հարցրինք նրան։ Մարուքյանը տվեց «Շանթի» անունը։ Թե որ նախկին իշխանությանն է պատկանում «Շանթը», անհասկանալի է։ Նա կարծում է նաեւ, որ ինքը նախկինների ու ներկաների համեմատ ամենաիդեալական այլընտրանքն է, եւ պնդում է, որ հենց ինքն է գալու իշխանության։

Թեեւ սոցհարցումները հակառակի մասին են վկայում։ Ամեն դեպքում, հետաքրքրվեցինք, թե ինքը կարո՞ղ է ԱԺ անցնելու դեպքում կոալիցիա կազմել, ասենք, Նիկոլ Փաշինյանի հետ։ Մարուքյանը վրդովվեց՝ ո՞վ է ասել, որ ինքը պետք է կոալիցիա կազմի, թող իր հետ գան-կազմեն, ինքն է ամենաշատ ձայները հավաքելու եւ կառավարություն ձեւավորելու։ Ի դեպ, Մարուքյանն ընդդիմության այդ որոշումը՝ «լյուստրացիայի» ենթարկել ընդդիմադիր դաշտը, նախապես ստորագրելով Փաշինյանի հետ հետընտրական կոալիցիա չկազմելու մասին հուշագիր, նիկոլական տրյուկ անվանեց։  

«Հազար անգամ ասել եմ՝ էդ նիկոլական բաները, որ անում եք, չի աշխատելու։ Ես հիշում եմ՝ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իմփիչմենթի մի հատ նախագիծ էր բերել, որ ՀԱԿ անդամներին լյուստրացիա անի, որ եթե չմիացան, ուրեմն Սերժի հետ են։ Հիմա էդ նույն բաներն անում ա էսօրվա ընդդիմությունը»,- ասաց նա՝ նկատելով, որ այդ մեթոդների վրա ոչ միայն փոշի է նստել, այլեւ դրանք փտել են։ Իրենք առաջինն էին, որ հայտարարել են՝ կոալիցիա չեն կազմելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Հարցրինք՝ եթե Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը կամ ՀՀԿ-Վանեցյան «Պատիվ ունեմ» դաշինքը մեծամասնություն ձեւավորի ԱԺ-ում, «Լուսավորը» կոալիցիա կկազմի՞ նրանց հետ։ Այստեղ էլ Մարուքյանը որոշեց, որ հենց իրենք են մեծամասնություն լինելու՝ «իրենք էլ պետք ա հարմարվեն», ինքն էլ չհավատալով իր ասածին։

Ի դեպ, նա Փաշինյանին մեղադրում էր վատ կառավարման եւ սխալ կադրային քաղաքականության մեջ, որ նրա կադրերից ոստիկանապետն այսօր Քոչարյանի հետ է, իսկ ԱԱԾ տնօրենը՝ ՀՀԿ-ի։ Մարուքյանին հիշեցրինք, որ այսօր մարդիկ քննարկում են ոչ թե Փաշինյանի վատ տնտեսական ցուցանիշներն ու կադրային քաղաքականությունը, այլ այն, որ նախկինների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ազատագրած Արցախը հանձնեցին ու հազարավոր զոհեր տվեցին։ Այս տարբերությունն իր համար էական նշանակություն ունի՞, թե՞ կարեւոր է վատ կադրային քաղաքականությունը։

«Ինձ համար միայն վատ կադրային քաղաքականությունը չի կարեւոր, ես Ձեզ ասում եմ հետեւյալը, որ մենք գալիս ենք գիծը քաշելու։ Եթե երկու բեւեռներից որեւէ մի բեւեռ հաջողություն ունենա էս ընտրություններում, Հայաստանը հաջողություն չի ունենալու։ Էդ ատելությունը շարունակվելու ա։ Նիկոլ Փաշինյանը եթե վերընտրվի, ինքը փորձելու է ապացուցի, որ ինքը մեղավոր չի էդ Ձեր նշածների մեջ։ Եթե նրանք ընտրվեն, 5 տարի փորձելու են ապացուցել, որ ինքն է մեղավոր։ Էդ դիսկուրսից պետք է դուրս գալ»,- ասաց Մարուքյանը։

Իսկ ինքը նախկիններին ու այդ նախկին-ներկա դիսկուրսը մերժո՞ւմ է։ Մարուքյանն ասաց․ «Մենք ոչ մեկին չենք մերժում, մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, թույլ մի՛ տվեք, որ Ձեր մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, որովհետեւ դուք եք նրան ուժ ու եռանդ տվողը, եւ, հետեւաբար, ասում եմ՝ եկեք գիծ քաշենք ու էս երկիրը տանենք առաջ»։