Պատկերացրեք ամենավատը՝ դա կդառնա նախադեպ, եւ կառավարությունն այսուհետ դա կդարձնի պրակտիկա

Պատկերացրեք ամենավատը՝ դա կդառնա նախադեպ, եւ կառավարությունն այսուհետ դա կդարձնի պրակտիկա

Երեկ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը գնացել էր ԵՊՀ՝ գիտխորհրդի անդամների հարցերին պատասխանելու, սակայն իրականում ամեն կերպ փորձում էր մանիպուլյացիաներով ու հակառակ հարցադրումներով խուսափել պատասխաններից։ Բանն այն է, որ մինչ «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին նոր օրենքը վիճարկվում է ՍԴ-ում, կառավարությունը որոշել է այդ օրենքի ամենավիճարույց դրվագներից մեկը «սղղացնել»։

ՄԻՊ-ն այս որոշման դեմ բողոք է ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով պետական բուհերի կառավարման խորհուրդների ձեւավորման նոր կարգի մասին կառավարության մայիսի 4-ի որոշումը։
Փոփոխություններն առայժմ վերաբերում են 3 բուհի՝ Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի եւ Գյումրու մանկավարժական համալսարանի կառավարման խորհուրդներին․ փոխվում են խորհուրդների անդամների թիվը, դրանցում բուհի ներկայացուցիչների եւ կառավարության ներկայացվածության համամասնությունը։ Ստացվում է, որ կառավարությունը կարող է բուհի ռեկտոր ընտրել ում ցանկանա, եւ համալսարանականները որեւէ բան անել չեն կարող, այսինքն՝ Սահմանադրությամբ երաշխավորված բուհերի ինքնավարության սկզբունքի «հերն անիծվում է»։ 

Գիտխորհրդի նիստերի դահլիճում պարզվեց, սակայն, որ այն ժամանակին բուհերի ինքնավարության մասին երկարաշունչ տեքստեր ասող Դումանյանի երազանքների օրենքը չէ, նրա պատկերացումներով՝ հոգաբարձուների խորհրդում ուսանողներ ու դասախոսներ ընդհանրապես չպիտի լինեն, իսկ համալսարանն էլ ոչ թե պիտի շարժվի «օրենքի տառին համապատասխան, այլ՝ ավանդույթի ուժով»։ 

Զրուցեցինք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, գիտխորհրդի անդամ Գագիկ Ղազինյանի հետ։ Նա, պատասխանելով հարցին, թե որն է իշխանությունների նպատակը, ասաց․ «Նպատակը՝ ուղղակի ունենալ հոգաբարձուների խորհուրդ, որը կընտրի իրենց ուզած անձին, պաշտոնակատար, թե հիմնական ռեկտոր՝ ոչ մի նշանակություն չունի, կարեւորը՝ վերահսկողություն առաջին հերթին ԵՊՀ-ի նկատմամբ։ Ես պատահաբար չասացի այդ «համընկնման» մասին՝ ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի հրաժարականի դիմումի եւ հոգաբարձուների 15 անդամների հրաժարականի դիմումի։ Եթե համընկնումը պատահական է, նման բան չի լինում։ Զգացի՞ք, թե ինչքան դժգոհ էին համալսարանականները, ինչքան կասկածներ ունեին, ուղղակի Դումանյանն իր ոճով փորձում էր․․․ իրականում խնդիրն այնքան պարզ է, եթե ծանոթանաք այս որոշման դեմ ՄԻՊ-ի բերած բողոքին, ուղղակի բաներ կան, ինչպես ես ասացի, նոնսենս են։ Իրավաբանության մեջ կան արտահայտություններ, որոշումներ, որոնք լուրջ իրավաբանն ուղղակի չի քննարկում, ինչպես ժամանակին, ՍԴ-ի հետ կապված, ձեր թերթն ինձ հարցրել էր, ես ասացի, որ բաներ կան, որոնք ես չեմ մեկնաբանում, դա իրավունքի հետ ոչ մի կապ չունի, ինչ արվում է՝ հանրաքվեից սկսած, առանց ՍԴ ուղարկելու, Ազգային ժողովով ինչ-որ սահմանադրական օրենք փոխել, անցումային դրույթները, որ արդեն կատարվել-վերջացել են, դրանք փոխես․․․, բաներ կան, որ չի կարելի դա անել, բայց մեզ մոտ, պարզվում է, ամեն ինչ կարելի է»։ 

Վահրամ Դումանյանն ասել է, թե ավանդույթի ուժով պետք է ԵՊՀ-ն առաջնորդվի, այլ ոչ օրենքի տառով, գուցե այս փոփոխություննե՞րն էլ են ավանդույթի ուժով անում։ Ղազինյանը պատասխանեց․ «Չի կարող, ինքն ուղղակի չի էլ հասկանում, ավանդույթն իրավական կատեգորիա է։ Նորմալ երկրներում, ցավոք, մեզ դրանց թվին չեմ դասում, գնում են օրենքի հիման վրա ձեւավորված ավանդույթների ուժով կարգավորման, ոչ թե գրված օրենքների, այլ դրանց հիման վրա ձեւավորված ավանդույթների, այսինքն՝ դա նշանակում է, որ ավանդույթ չի կարող լինել վատը, սխալը, հակաօրինականը։ Օրինակ՝ Շվեդիայի 18 հոդվածից բաղկացած ընտրական օրենսգիրքը, բոլոր ընթացակարգային օրենքները, որոնք վարույթներ են կարգավորում, քանի գնում, պակասում են, որովհետեւ հիմնականում ավանդույթներ են ձեւավորվում, եւ կարիք չկա գրելու, որ դատավորն այս պիտի անի, այն պիտի անի, իսկ մեզ մոտ մի հասկացություն կա, ես շատ եմ օրենքների նախագծերին մասնակցել, երբ գրում ես՝ «Քննիչը․․․», ասում է՝ «բա որ հանկարծ», ուրեմն պիտի գրես, թե «բա որ հանկարծ»-ի դեպքում ինչ է լինում, այդքան գրել հնարավոր չէ։ Օրենքի մեջ բաց գտնելը 1 րոպեի խնդիր է, ամեն ինչ հնարավոր չէ գրել, դրա համար ձեւավորվում են ավանդույթներ, եւ, ցավոք սրտի, մեզ մետ․․․։

Ամենափայլուն օրինակը՝ մեր նախորդ Սահմանադրությունը 113 հոդված ուներ, նոր Սահմանադրությունը՝ 219 հոդված՝ կրկնակի ավել, ինչո՞ւ․ որովհետեւ մենք միշտ վախեցել ենք, որ եթե Սահմանադրության մեջ չգրվի ինչ-որ հարցի  կարգավորումը, օրենքներով բոլորի հերը կանիծեն։ Հասարակությունն այնքան պիտի զարգանա իրավագիտակցության իր մակարդակով, կրթվածությամբ, քաղաքական հասունությամբ, ամեն ինչով՝ որպես քաղհասարակություն, որպեսզի շարժվի ավանդույթի ուժով, այլ ոչ սովորույթի։ Քանի դեռ օրենքներ չկային, առաջներում ցեղերը շարժվում էին սովորույթներով, որոնք շատ ավելի լավն էին, քան մեր շատ օրենքներ։ Ավանդույթն ուրիշ բան է, ավանդույթն օրենքների երկար տարիների գործողության ընթացքում, երբ ապացուցում են իրենց կենսունակությունը, դառնում է գործելաձեւ, գործելաոճ, մտածողություն  իրավակիրառողի համար եւ նաեւ մեզ համար։ Դումանյանն ինչ-որ բան ասաց, ես ուղղակի չուզեցա ասել, որ ես դրան դեմ եմ։ Քանի դեռ օրենքը կա, եւ դու չես փոխել, ուրեմն պարտավոր ես կատարել, դա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Եթե լավը չէ, փոխեք»։

Իրավագիտության ֆակուլտետի դեկանը նշեց նաեւ, որ եթե այս փոփոխություններն իրականություն դառնան, եւ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի օրենքը, ապա դա անդառնալի հետեւանքներ կունենա․ «Մեր հայտարարության առաջին կետով մենք դիմել ենք ՄԻՊ-ին՝ խնդրելով, որ նա դիմի ՍԴ։ Ինչո՞ւ օմբուդսմենին․ որովհետեւ նախագահն իրավունք ունի օրենքները մինչեւ ստորագրելը ուղարկելու ՍԴ, ուժի մեջ չմտած, իսկ օմբուդսմենը՝ ուժի մեջ մտնելուց հետո։ Մենք ՄԻՊ-ին խնդրել ենք դիմել անհապաղ կասեցնելու պահանջով, որպեսզի այդ պրոցեսն էլ չգա։ Նախարարն ասում է․ մենք ի՞նչ գիտենք՝ ՍԴ-ն ինչ որոշում է ընդունելու, բայց այդ որոշումը անդառնալի՞ է, չէ՞։ Եթե դուք հասցրիք մինչեւ ՍԴ-ի որոշումը նոր խորհուրդներ ձեւավորել, ձեր ռեկտորին եւ պաշտոնակատարին ընտրեցիք, հետո այդ օրենքը ճանաչվեց հակասահմանադրական, ի՞նչ եք անելու, այդ մարդկանց դուք չեք կարող ազատել։ Ես օրինակը բերեցի, նույն ՍԴ-ի անդամների՝ Ալվինա Գյուլումյանի եւ մյուսների, որոնք դիմել են Եվրադատարան, եթե դատարանն իրենց օգտին որոշում կայացնի, իսկ ես համոզված եմ, որ պետք է իրենց օգտին որոշի, միեւնույն է՝ իրենք չեն վերականգնվի, որովհետեւ նրանց փոխարեն արդեն մարդիկ են  նշանակվել, որոնք ոչ մի մեղք չունեն․ թափուր է եղել, դիմել են, ԱԺ-ն ընտրել է։ Սա կոչվում է անդառնալի հետեւանք, հենց այդ հիմքով է նաեւ օմբուդսմենը դիմել, որ եթե այդ որոշումն ընդունվի, կունենանք անդառնալի հետեւանքներ։ Պատկերացրեք ամենավատը՝ դա կդառնա նախադեպ, եւ կառավարությունն այսուհետ դա հանգիստ կդարձնի պրակտիկա, կասի՝ ուժի մեջ է մտել, ոչ ոք չի վիճարկել, այսուհետ ես բոլորն այդպես եմ անում»։