Խայտառակության քառասունքը ո՞րն է

Խայտառակության քառասունքը ո՞րն է

40 թիվը յուրահատուկ տեղ ունի ոչ միայն քրիստոնեական թվային խորհրդաբանության մեջ, այլեւ հայ ժողովրդի հոգեւոր-աշխարհայացքային ընկալումներում։ Այդ թվի խորհրդաբանությամբ առանձնապես հարուստ է մեր ժողովրդական էպոսը։ 

40-ը, բնականաբար, իր պատշաճ տեղն ունի նաեւ թաղման ծիսակարգում․ մասնավորապես՝ այդ օրերի ընթացքում կատարվում է հոգեհանգիստ ննջեցյալի հոգու համար, ննջեցյալի բարեկամները այդ քառասուն օրերի ընթացքում հարատեւ աղոթում են իրենց ննջեցյալի համար եւ նրա անունով ողորմություն գործում:

Արդյո՞ք 40-ը տրամաբանական ինչ-ինչ կապեր ունի 2020 թվականի Արցախյան պատերազմի խայտառակ կապիտուլյացիայի հետ, որի մասին հայտարարում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը․ «Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 19-ին լրանում է 44-օրյա պատերազմի զինադադարի 40-րդ օրը՝ ՀՀ վարչապետի հետ պայմանավորվել ենք Արցախի եւ Հայաստանի Հանրապետություններում այդ օրվանից հայտարարել եռօրյա սուգ՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը»: 

Անհայտ է, թե ԱՀ նախագահն ու ՀՀ վարչապետն ի՛նչ են «հաշվի առել», բայց ենթագիտակցական մակարդակում ակամա ամրագրել են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտով բառի ամենաուղղակի իմաստով զոհ է գնացել մեր ազգային արժանապատվությունը, ոչ եւս են եղել մեր ազգային իղձերը, հետեւաբար, այդ առումով, դեկտեմբերի 19-ը իսկապե՛ս քառասունք է։ Բայց այդ օրն ուղղակի կապ չունի մեր հազարավոր զոհերի հիշատակի հետ․ նրանք զոհվել են, որ իրենց մահվա՛մբ բացառեին նոյեմբերի 9-ի խայտառակությունը, հետեւաբար նաեւ՝ դեկտեմբերի 19-ի անհասկանալի «քառասունքը»։ Խայտառակության քառասունքը ո՞րն է։

Սկզբում, ի դեպ, պաշտոնապես շրջանառվում էր այն տեսակետը, թե մեր զոհերի համար համազգային սուգ չի հայտարարվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերադարձվել նրանց բոլորի աճյունները, չի պարզվել անհետ կորածների ճակատագիրը։ Հազիվ թե հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ այս նախապայմաններն առկա են։ Ակնհայտ է, որ իշխանությունները շտապում են, որպեսզի եռօրյա սուգը հայտարարվի 2020 թվականին՝ «չփոխանցվի» նոր տարի՝ 2021 թվական, ինչը, իհարկե, խիստ անպատեհ կլիներ։ Եվ ահա հորինվել է 40 օրվա խորհուրդ-«հիմնավորումը», որը բացարձակապես կապ չունի համազգային սգի հետ։

Խիստ տարօրինակ է հնչում նաեւ ԱՀ նախագահի այն համոզմունքը, թե եռօրյա սուգը «լինելու է ցավի, հպարտության ու պարտավորության սուգ հայ ազգի համար»։ Սգո այս ի՞նչ նոր տեսակ է, եղբայր․ ի՞նչ է նշանակում «հպարտության սուգ», ի՞նչ է նշանակում «պարտավորության սուգ»․ այս ի՞նչ անհեթեթություններ են։ 

Չնայած, այնուամենայնիվ, կարծում եմ, հայ ազգի «մեծամեծերն» այստեղ էլ են ենթագիտակցորեն ճիշտ․ դեկտեմբերի 19-ը իրավամբ մեր «հպարտության» քառասունք-սուգն է։ 
Եվ մենք կորած ենք վերջնականապես, եթե դա նաեւ մեր մեռած «պարտավորության» քառասունք-սուգն է։