Երկիրը դատարկվել է հայրենիքից․․․ 

Երկիրը դատարկվել է հայրենիքից․․․ 

Մեր երկրի վիճակը սովորական վիճակ չէ։ Նման է վերակենդանացման բաժանմունքում գտնվող ծայրահեղ ծանր հիվանդի վիճակին, որին միացված է արհեստական շնչառությունը։ Անգամ բժիշկները դժվար են հույս տալիս։ Հույս ունեն միայն հարազատ, շա՜տ հարազատ  մարդիկ։ Հիմա մտովի կասեք՝ բոլորս էլ նման դեպքի ականատես ենք եղել, երբ հիվանդը ծայրահեղ ծանր վիճակում է եղել, անգամ սրտի կանգ,  բայց  ապրել է։ Ես էլ բոլորիդ միանում ու ասում եմ՝ ես էլ նման դեպքերի ականատես եմ եղել ու տեսել, որ հարազատ մարդկանց սիրով, հոգատարությամբ ու անձնազոհությամբ է նման վիճակում հայտնված մարդը ոտքի կանգնել։ Բայց տեղյակ եմ նաև ընթացքին, թե ինչքան բուռն  սեր, ոգևորություն, անձնվիրություն է հիվանդին ներարկել ընտանիքը ու համոզված եմ, որ ապաքինումը տեղի է ունեցել այդ սիրո, շա՜տ բուռն սիրո ու անձնազոհության շնորհիվ։ 
Հիմա անդրադառնամ մեր  երկրին, որը ծանր վիճակում է ու կարիք ունի ոչ թե սիրո, այլ շա՜տ, անափ սիրո։ Անդամահատել են նրան, կենսական նշանակություն ունեցող օրգանները չկան։ Հիմա ամեն մի բջջի համար, որն անկլավ են ասում, պայքարել է պետք։ Կռիվ պիտի հայտարարել մահվան,  ոչնչացման դեմ ու գոյատևել։ 

Հրանտ Մաթևոսյանի վերջին հարցազրույցներից էի կարդում, որտեղ տպավորվել է իմ մեջ հարցազրույց վարողի այս հարցը․

-Ձեր կարծիքով՝ այսօր մեզ ամենից շատ ի՞նչ է պետք:

-Հայրենիք է պետք:

-Հայրենի՞քն է մեզ պետք, թե՞ մենք հայրենիքին:

- Մի ֆրազաբանիր: Հա, մեզ Հայրենիք է պետք: Հայրենիքը խուսափել է մեզնից, երկիրը դատարկվել է Հայրենիքից: Երկիրն ամայացել է: Հայրենիք չկա: Չարենցյան տողերով՝ «Հրացանների որոտով մենք Հայրենիք էինք ուզում, իսկ Հայրենիքը փախչում էր այդ որոտից»: Հայրենիք է պետք:

Հայրենիքը հենց այդ հայրենասիրությունն է, հենց այն զոհողությունն է, որ ինչ էլ լինի, Հայրենիք է պետք։ Նման այն զավակին, որ ամեն զոհողության գնում է, որ մայր ունենա, որ որբ չմնա։ Արցախից բռնի տեղահանված ցանկացած արցախցու, որ հարցնես՝ ի՞նչ է պետք քեզ, կասի՝ ինձ հայրենիք է պետք, ինձ իմ Արցախն է պետք։ Ինձ իմ մայրն է պետք։ Հայրենիք բառը հայրենասիրության խուրձ է և զուր չէ մեր հանճարեղ Հրանտն ասել՝ երկիրը դատարկվել է հայրենիքից։ Երկիրն ամայացել է։ 

Երկիրը դատարկվել է Հայրենիքից ու ամայացել։ Որտե՞ղ կորան մեր հերոսները, հայրենասերները, մեր հայրենական ոգին, մեր զորավարները, ովքե՞ր երկիրը դատարկեցին հայրենիքից․․․ Հարցեր են, որոնք պատասխան ունեն, բայց ոչ ոք դա չի բարձրաձայնում, որովհետև երկիրը դատարկվել է հայրենիքից։ Երկիրը տեր չունի, ամայացել է։