Օրենքի գաղափարը լավն է, բայց ի՞նչպես կկիրառվի

Օրենքի գաղափարը լավն է, բայց ի՞նչպես կկիրառվի

 Ապրիլի 14-ին ԱԺ-ն  երկրորդ ընթերցման ռեժիմով սկսեց քննարկել իմքայլականներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսում է, որ  արտերկրում մինչդատական վարույթում կարող է տեսաձայնագրառվել վկայի եւ տուժողի հարցաքննության ցուցմունքները: Ոոշվել էր օրենքի նախագիծը ներկայացնել  գրավոր առաջարկությունների փուլ, Էդմոն Մարուքյանը նախքան քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ առաջարկեց․«Իսկ կարող  ա՞ դեմ քվեարկենք, դուրս գա, որովհետև սա խնդրահարույց նախագիծ ա, եթե մի քիչ էլ խորանանք, կհասկանանք, որ շատ դեպքերում հնարավոր է ցուցմունք տալ, և սուտ ցուցմունք տալ, և իմանալ, որ չես գալու Հայաստան և քրեկական հետապնդման չես ենթարկվելու։ Էդ սուտ ցուցմունքն էստեղ կիրառվելու է, մարդկանց դատելու են դատարաններում, էդ մարդիկ չեն գալու էստեղ։ Օրինակ՝ մեկը կարա Միրացյալ նահագներում սուտ ցուցմունք տա, էդ ո՞վ ա, դեսպա՞նն ա նախազգուշացնելու սուտ ցուցմունք տալու հետ կապված պատասխանատվության վերաբերյալ։ Որ նախազգուշացրե՞ց ինչ պատասխանատվություն է լինելու, էդ ի՞նչ են անելու էդ մարդուն Ամերիկայում, օրինակ․․․ հետևաբար, ես կարծում եմ՝ սա շատ հում բան ա, եկեք դեմ քվեարկենք, թող դուրս գա»։ Իմքայլական Սերգեյ Ատոմյանն, իհարկե, վստահեցրեց, նման խնդիր չի առաջանա, քանի որ, նախագծով նախատեսվում է հյուպատոսական մամնի ղեկավարին տալ հետաքննիչի կարգավիճակ և նա էլ նախազգուշացնելու է։ Այլապես, գործող  կարգավորումներով էլ՝ եթե քննչական պահանջն ուղարկվում է արտերկիր, հարցաքննությունն էլ հետ է ուղարկվում վարույթն իրականացնող մարմիններին, նույնպես կարող է։ Ի վերջո, 1 կողմ և 83 դեմ ձայնով երկրորդ ընթերցմամբ չընդունվեց, բայց տեղափոխվեց գրավոր առաջարկների ներկայացման փուլ։ 

Փաստաբան Արա Ղազարյանը, իհարկե,  որոշ վերապահումներով,  նման օրենքի գոյությանը դեմ չէ։ Պայմանով, որ այս ճանապարհով ձեռք բերված ապացույցները չլինեն վճռորոշ։
 Փաստաբանի խոսքով՝ սա, ըստ էության, դեպոնացման գործընթաց է։ Արա Ղազարյանը նույնիսկ հիշեց, որ երբ ժամանակին՝ մոտ 20 տարի առաջ աշխատում էր Հայաստանում ամերիկյան դեսպանատանը, հյուպատոսի օգնականն էր, 3 անգամ նման պրոցեսի մասնակցել է։ «Ամերիկացիներին պետք էր արժեքավոր վկայի ցուցմունքը դեպոնացնել և դա խնդրեցին, որ անի ամերիկյան դեսպանատան հյուպատոսությունը Հայաստանի գլխավոր դատախազության հետ միասին։ Եվ դեսպանատան ներսում մի ամբողջ մինի դատավարություն եղավ։ Դեպոնացումն այնպես է, որ պետք է կողմերի հավասարություն լինի, ստենագրաֆիստ, տեսաձայանգրվեց և ուղիղ կապ էր Միացյալ նահանգների հետ։ Հյուպատոսն էլ իշխանական ֆունկցիաներ պետք է իրականացներ․․․ իհարկե, նա իրավաբանական գիտելիքներ չունի, ուղղակի այստեղ նրա կարևորությունը կա՝ որպես հանրային գործառույթներ ունեցող  պաշտոնատար անձ է, որը հետևում է, որ ընթացակարգերը չխախտվեն։ Նա ուղղակի արդեն քննիչի պատրաստած հարցերը պետք է վերարտադրի և ստանա պատասխան» ։ Գործը վերաբերել է ԱՄՆ-ում բնակվող Շագիրյան եղբայրների․ որոնց վերաբերյալ ամերիկյան կողմի դատախազները կատակով ասել են՝ Ալ Կապոնեի գործը։
Իհարկե, Արա Ղազարյանը ևս չի համարում, որ իդեալական համակարգ է։ Ասաց, որ շատ կարևոր է, որպեսզի անձի ցուցմունք տալու պահին ապահովվի նրան հակընդդեմ հարցում ուղղելու հնարավորությունը։ Սա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մոտեցումն է։ Փաստաբանի մեկնաբանությամբ՝ դեպոնացումը որևէ արժեք չունի, եթե մեղադրյալը չունենա վկային ուղիղ հարցեր տալու հնարավորություն՝ տեսակապի միջոցով։ ՄԻԵԴ-ն, օրինակ, այս պահանջի խախտման համար, առնվազն մի 8 դատական վճիռ կայացրել է ընդդեմ Հայաստանի Հանրապետության։Միևնույն ժամանակ, Արա Ղազարյանն ասում է, որ ոչ մի դեպքում, նման՝ տեսակապով ապահովված ցուցմունքները չպետք է լինեն առանցքային։ «Եթե նման վկաների ցուցմունքներն ունենան առանցքային նշանակություն, էլ չեմ ասում՝ միակը լինեն, և մեղադրյալը հնարավորություն չունենա նրան հարցեր ուղղելու, դատավարությունն ամբողջովին դառնում է անարդար»։

Առհասարակ, կապի ժամանակակից միջոցներով ապացույցների ձեռք բերումը եվրոպական մարմինների կողմից ընդունվում է, այս աշխատակարգը կանոնակարգված է նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով։ Քննիչներն էլ, դատախազներն ու դատավորներն էլ սրանից շատ լավ տեղյակ են։ Բայց, Հայաստանում դատարանի դահլիճում միայն դատավոր Ազարյանն է մեկ անգամ նման հնարավորություն ապահովել՝ սկայպով հնարավորություն տալով հարցաքննել ԱՄՆ-ում բնակվող կարևորագույն վկային։ 

Փաստաբան Հայկ Ալումյանը ևս կողմ է Հայաստանում նման օրենք ունենալուն։ Ասաց, որ խնդիրն իրոք կա, խնդիրը իրոք պետք է լուծվի։ Ասաց․«Իհարկե, պետք է ինչ-որ մեխանիզմներ գտնել, որ վկաները, որոնք գտնվում են արտերկրում կամ կարողանանք բերենք նրանց Հայաստանում հարցաքննենք, կամ էնպես անել, որ էստեղ հարցերն առաջադրվեն, իրավաբանական փոխօգնության կարգով ուղարկվեն էդ երկիր կամ պետք է դա արվի հեռակապի միջոցով։ Եվ հավանաբար, վերջինն ամենաողջամիտ տարբերակն է » ։ Փաստաբանը նման անհրաժեշտության  բազում օրինակներ է բերում՝ ասելով․ «Ասենք՝ վկան նախաքննության ընթացքում մեղադրյալի վերաբերյալ ցուցմունք է տվել, հետո գնացել Ռուսաստան ու տարին 1-2 անգամ գալիս է Հայաստան, նորից գնում ու հնարավոր չէ դատական նիստ կազմակերպել, որպեսզի նա այստեղ հարցաքննվի։ Ոչ էլ օրենք կա, որն իրեն կարող է արգելել, որ գնա Ռուսաստան։ Կամ Բելառուս ու հետո դատարանն ասում է՝ վկային հնարավորություն չունեցանք հարցաքննել, դրա համար, հրապարակում ենք նախաքննական ցուցմունքները ու հետո դա դրվում է դատավճռի հիմքում։ Ու մենք ունենում ենք խնդիր, որ հենց Ձեր նշած հակընդդեմ հարցման իրավունքը,որ Եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով է ամրագրված, այդ իրավունքը չիրացվեց։ Հիմա սրանով փաստորեն փորձում են հենց հակընդդեմ հարցման իրավունքն ապահովել»։
Իսկ Ալումյանը չի՞ կարծում, որ վկան հնարավոր է՝ սուտ ցուցմունքներ տա ու չգա Հայաստան։ Սա փաստաբանը չի բացառում՝ ասելով․ «Այ դա ուրիշ հարց է, որ հետո կարող է խնդիր լինել այդ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հետ, եթե դատարանը նրա ցուցմունքը գնահատեց որպես ակնհայտ սուտ»։
Լավ, Նոր Հայաստանում հնարավոր չե՞ն մանիպուլյացիներ։ Արա Ալումյանը, պատասխանելով, նշեց, որ սկսել է չսիրել այս բառը, բայց, այո, ասաց, որ չարաշահումների տեղիք կարող է տալ։  Ինչպես նաև՝ հնարավոր է՝ տեխնիկական հազարումի խնդիրներ առաջանան, բայց միևնույն է, ըստ Ալումյանի՝ այն, ինչ հիմա կա, շատ ավելի վատն է։