Կա սուտ, կա ցինիկ սուտ, եւ կան Պուտինի հայտարարությունները

Կա սուտ, կա ցինիկ սուտ, եւ կան Պուտինի հայտարարությունները

«Հրապարակի» զրուցակիցն ուկրաինացի քաղաքագետ, Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Եվգենի Մագդան է:

- Ուկրաինայի խաղաղության հարցով հունիսի 15-16-ին Շվեյցարիայում հրավիրված գագաթնաժողովից հետո երկրի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարեց, որ մտադիր է Ռուսաստանին հրավիրել Ուկրաինային նվիրված հաջորդ միջազգային համաժողովին։ Նա ընդգծել է, որ գագաթնաժողովի նպատակը հակամարտությունը դադարեցնելն է՝ ակնարկելով երկխոսության անխուսափելիության մասին: Սա բոլորովին նոր իրավիճակի մասին է խոսում, այդպես չէ՞:

- Դմիտրի Կուլեբան ոչ միայն չի բացառել հաջորդ խաղաղության գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը, այլեւ ընդգծել է, որ այդ երկրին թույլ չեն տա խոսել վերջնագրերի լեզվով։ Անկեղծ ասած, ես (դեռեւս) չեմ պատկերացնում, թե դա ինչպես է կյանքի կոչվելու, թեեւ հասկանում եմ, որ Ռուսաստանի հետ բանակցություններն անհրաժեշտ են պատերազմը դադարեցնելու համար։ Այնուամենայնիվ, իբրեւ դրանց հնարավոր նախապայման՝ ես դիտարկում եմ Ռուսաստանի պարտությունները ռազմաճակատում։

- Շվեյցարական համաժողովի նախօրեին խաղաղության առաջարկով հանդես եկավ նաեւ Վլադիմիր Պուտինը՝ ներկայացնելով այն նախապայմանները, որոնց դեպքում Մոսկվան անհապաղ կդադարեցնի ռազմական գործողությունները՝ ուկրաինական զորքերի դուրսբերում գրավյալ մարզերից, ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարում եւ այլն, ինչը, բնականաբար, մերժվեց Կիեւի կողմից: Շատերը Պուտինի քայլը, շախմատային տերմինով ասած, որակեցին իբրեւ «քայլ՝ ձիով»: Դուք ինչպե՞ս կգնահատեք:

 - Կա սուտ, կա ցինիկ սուտ, եւ կան Պուտինի հայտարարությունները։ Ռուսաստանը 2022 թվականի աշնանն ապօրինի հանրաքվեներ է անցկացրել Պուտինի կողմից նշված տարածաշրջանների անեքսիայի վերաբերյալ, թեեւ Ռուսաստանը լիովին չի վերահսկում դրանցից ոչ մեկը։ Պուտինը ցանկանում է առանց կռվի հասնել Դնեպրի ձախ ափ... Սա գործնականում հիշեցնում է 1938 թվականի Մյունխենի համաձայնագիրը, երբ Հիտլերը շանտաժով ձեռք բերեց Սուդետը։ Բայց լայնածավալ պատերազմը շարունակվում է ավելի քան 840 օր, եւ Պուտինը փորձում է ինչ-որ բան պահանջել։ Նա չի հասկանում ուկրաինական իշխանության կառուցվածքը եւ խոսում է գործադիր իշխանության ոչ լեգիտիմության մասին, թեեւ կառավարությունը ձեւավորում է Գերագույն ռադան։ Պուտինը պարզապես բլեֆ է անում, ես կասեմ ավելին. նրա ամբարտավան հայտարարությունն ավելի շուտ մեծացրեց հետաքրքրությունը Շվեյցարիայի գագաթնաժողովի նկատմամբ, քան՝ հակառակը:

- Պուտինը նաեւ ՌԴ դեսպաններին հանձնարարել է իր ծրագրային տեքստը տրամադրել բոլոր այն երկրների իշխանություններին, որտեղ գործում են Դաշնության դիվանագիտական ներկայացուցչությունները: Սա կարո՞ղ է լրացուցիչ ռեզոնանս առաջացնել:

- Սա նորմալ պրակտիկա է՝ միջուկային պետության նախագահի հայտարարությունները հասցնել իրենց ղեկավարներին․ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել։ Չեմ կարծում, որ Պուտինի վերջնագիրը որեւէ արձագանք կառաջացնի աշխարհում:

- Շվեյցարիայի ԱԳՆ-ում խոստովանել են, որ մտադիր են Ռուսաստանի, Չինաստանի եւ համաժողովին չմասնակցած մյուս երկրների հետ քննարկել այս ներկայացուցչական հավաքի արդյունքները: Արդյո՞ք սա եւս մեկ քայլ չէ կամ հող չի նախապատրաստում Մոսկվա-Կիեւ ուղիղ բանակցությունների եւ պատերազմին վերջ դնելու համար:

- Շվեյցարիան ավանդաբար քաղաքականապես կապիտալացնում է իր չեզոք կարգավիճակը, կարծում եմ, սա նորմալ գործընթաց է՝ տեղեկացնել այն երկրներին, որոնք չեն եղել համաշխարհային գագաթնաժողովին։ Առավել եւս, այդ երկրներն արդեն տեղեկատվություն  կստանան այն մասին, թե ինչ էր կատարվում Բյուրգենշտոկում։

- Գագաթնաժողովի արդյունքներով՝ ստորագրվել է ամփոփիչ կոմյունիկե, որին աջակցել է հանդիպման մասնակից 80 երկիր: Ավելի ուշ Իրաքն ու Հորդանանը հետ են վերցրել իրենց ստորագրությունները, իսկ Հնդկաստանը չի ստորագրել փաստաթուղթը։ Հայաստանն էլ է ձեռնպահ մնացել: Որքանո՞վ է կոմյունիկեն արտացոլում խաղաղության ու պատերազմի վերաբերյալ միջազգային հանրության տրամադրությունները:

 - Ռուս-ուկրաինական պատերազմն ամենախոշորն է այս հազարամյակի ընթացքում, եւ այն բազմաթիվ խնդիրներ է ստեղծում։ Սա պետք է իմանալ եւ հասկանալ: Բյուրգենշտոկում ամբողջ աշխարհին հիշեցրին, թե ինչ է կատարվում, եւ տարբեր երկրների արձագանքը բխում է նրանց ազգային շահերից։ Մենք խաղաղության ճանապարհի սկզբին ենք, եւ ոչ ոք չի ասել, որ դա հեշտ է լինելու։