Ինձ մեղադրանք է առաջադրվել առանց իմ կարծիքն իմանալու․ Գագիկ Համբարյանին մեղադրանք է ներկայացվել

Ինձ մեղադրանք է առաջադրվել առանց իմ կարծիքն իմանալու․ Գագիկ Համբարյանին մեղադրանք է ներկայացվել

Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որից տեղեկանում ենք, որ Շիրակի Պետական համալսարանի դասախոս, գյումրեցի քաղաքագետ  Գագիկ Համբարյանին մեղադրանք է առաջադրվել ֆեյսբուքյան գրառման համար։
«ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված առերևույթ հանցանքի մասին հաղորդում և կից նյութեր են ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 29-ին առցանց լրատվական կայքերից մեկում տեղ է գտել «Վճիռ գողացող անգրագետը՝ Վճռաբեկ դատարանի դատավո՞ր» վերտառությամբ հրապարակումը, որտեղ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Խաչատրյանի հասցեին առկա են անձին և պաշտոնային գործունեությանն առնչվող վիրավորական արտահայտություններ ու որակումներ։ Նշված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Հ.-ն 2023թ. մարտի 29-ին, իր կողմից օգտագործվող «Gagik Hambaryan» ֆեյսբուքյան անհատական էջով՝ հանրությանը հասանելի ռեժիմով կատարել է հրապարակում, որն էլ իր հերթին շրջանառության մեջ են դրել մի շարք լրատվական կայքեր՝ «Վճիռ գողացող անգրագետը՝ Վճռաբեկ դատարանի դատավո՞ր» վերտառությամբ՝ կից տեղադրելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի լուսանկարը։ Հրապարակման մեջ, ունենալով անհամաձայնություններ և դժգոհություններ դատավոր Լ.Խաչատրյանի կողմից նախկինում կայացված դատական ակտերի վերաբերյալ՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով վերջինիս նկատմամբ, կապված նրա պաշտոնեական լիազորությունների իրականացման հետ՝ Գ.Հ.-ն վիրավորական մի շարք արտահայտություններ է օգտագործել դատավորի հասցեին։ Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ Գ.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և նրան ներկայացվել է մեղադրանք։ Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը»,-նշված է քննչականի հաղորդագրությունում։

Գագիկ Համբարյանը, քիչ առաջ սոցիալական հարթակում անդրադառնալով իրեն մեղադրանք առաջադրելուն, նշել է․ «Ընդամենն ասեմ, որ ինձ մեղադրանք է առաջադրվել առանց իմ կարծիքն իմանալու (չեմ հարցաքննվել)... Ստացվում է, որ եթե ինչ-որ մեկը գնար և իմ դեմ ցուցմունք տար, որ ես, օրինակ՝ մարդասպան եմ, ապա ինձ մեղադրելու էին մարդասպանության մեջ առանց հարցաքննելու և իմ կարծիքն իմանալու... Դատախազությունը և ՔԿ-ն փաստացի իրենց այս գործելաոճով հաստատում են, որ պատվեր են կատարում իմ դեմ...

Ինչ վերաբերվում է դատավոր Լիլիթ Խաչատրյանին վիրավորելուն, ապա շատ ծիծաղելի է... Ստացվում է, եթե փաստեր և ապացույցներ ես ներկայացնում դատավորի գործունեության և գործելաոճի մասին, ապա դա վիրավորա՞նք է...

Դատավոր Լիլիթ Խաչատրյանի՝ գրագող՝ իմ վճիռից, որը կազմել է այլ դատավոր, բազմաթիվ էջեր ուղղակի արտատպման եղանակով իր քննած գործի մեջ ներառնելու, անգրագիտության և ոչ կոմպետենտ լինելու վերաբերյալ բարձրաձայնել եմ 2018 թ-ի դեկտեմբերից և շատ զարմանալի է, որ այդ ամենի մասին Լիլիթ Խաչատրյանն իմացավ հիմա նոր՝ 5 տարի անց... 

Ի դեպ, ՔԿ-ին և դատախազությանը խորհուրդ կտամ զերծ մնալ մանիպուլյացիաներից, թե բա դատավորի նախկինում քննած գործերից դժգոհելով եմ գրառումներ արել... Հետաքրքիր է, բա մյուս դատավորներից, որոնցից դժգոհ եմ, ինչու՞ նրանց վերաբերյալ գրառումներ չեմ անում...» ։