Զինչ ցուցանե ռուսական «ուտկան»

Զինչ ցուցանե ռուսական «ուտկան»

Պաշտոնական Մոսկվան առայժմ ոչ հաստատել և ոչ էլ հերքել է ռուսական մի շարք ազգային-հայրենասիրական ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, թե իբր Հայաստանի կառավարությունը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել խորհրդային ժամանակների կրակային և հակաօդային պաշտպանության համակարգեր: Խոսքը մասնավորապես վերաբերում է «Точка-У» կրակային համակարգերին և նրանց հարմարեցված մոտ 200 հրթիռի, որոնք Երևանն, իբր, պատրաստվում է փոխանցել Կիևին ռոտացիոն կարգով՝ արևմտյան նոր սպառազինության դիմաց: Ռուս ռազմական մեկնաբանները նշում են, որ Վաշինգտոնում ամենայն հավանականությամբ դիտարկվել է Հայաստանի արսենալից որոշ զինատեսակների նման «փոխատեղում» դեպի Ուկրաինա: Եթե այս տեղեկությունը հաստատվեր, դա կնշանակեր, որ Փաշինյանի կառավարությունը ծայրաստիճան ոչ բարեկամական քայլ է կատարում Մոսկվայի հանդեպ, և, ամենայն հավանականությամբ, Կրեմլն էլ իր հերթին կձեռնարկի պատասխան քայլեր ՀՀ իշխանությունների դեմ՝ դիվանագիտական և այլ մակարդակներում, ենթադրում են ռուս վերլուծաբանները:

Դժվար է, իհարկե, հավատալ, որ Փաշինյանի կառավարությունն այսօր, քանի դեռ ՀՀ-ն պաշտոնապես դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, գնա նման ռիսկի: Դա ինքնասպանության նման մի բան կարող էր լինել, ուրիշ ոչինչ: Ուստի միանգամայն տրամաբանական էր, որ ՀՀ ՊՆ-ն արագ հերքեց այս տեղեկությունը: Եվ մեզ մնում է միայն ենթադրել, որ վերոնշյալ տեղեկատվությունը ավելի շուտ քաղաքական, քան ռազմական ենթատեքստ ուներ: Ի՞նչ են ուզում ասել ռուսները սրանով: 

Մեր կարծիքով այս ամենի հիմքում վերջին շրջանի հայ-ուկրաինական «բարձր» մակարդակի շփումներն են՝ ՀՀ վարչապետի տիկնոջ «սրտառուչ» այցը Կիև, Փաշինյան-Զելենսկի հանդիպումը, ինչպես նաև ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի գլխավոր գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի բանակցությունները, որոնք տեղի ունեցան հոկտեմբերի վերջին: Ռուսական ԶԼՄ-ների պնդմամբ՝ իբր հենց այս հանդիպման ժամանակ է պայմանավորվածություն ձեռք բերվել Ուկրաինային «Точка-У» կրակային համակարգեր փոխանցելու համաձայնությունը, ինչից հետո Երմակը Գրիգորյանին շնորհակալություն է հայտնել այսպես կոչված «Ուկրաինայի խաղաղության ֆորմուլային» Երևանի աջակցության համար:

Չհերքելով և չհաստատելով այս տեղեկությունը Կրեմլը, հավանաբար սպասում էր Հայաստանի կառավարության կամ առնվազն ՊՆ-ի արձագանքին, ինչը շատ կարևոր է հասկանալու համար, թե արդյո՞ք Հայաստանը պատրաստ է լքել ՀԱՊԿ-ը և կամ դիմագրավել նման, մենք կասեինք սադրիչ «տեղեկատվությունը»: ՀՀ ՊՆ-ն վերջապես հերքում հրապարակեց, և դա ինչ-որ տեղ լավ է այն իմաստով, որ Փաշինյանն առնվազն չի ստում, երբ հայտարարում է, թե Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու հարց չի քննարկում: Բայցևայնպես ռուսական ԶԼՄ-ներով հրապարակ նետված այս տեղեկությունն իր մեջ լուրջ «մեսիջներ» է պարունակում, որոնց հանդեպ պետք է ուշադիր լինել և հասկանալ, թե ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ, եթե Հայաստանը մի «գեղեցիկ» օր հայտնվի Ռուսաստանի հանդեպ «ծայրահեղ անբարյացակամ» երկրների շարքում: Ռուսաստանի՝ Հայաստանի վրա ունեցած տեխնիկական լծակները դեռ մի կողմ. ինչպիսի՞ն կլինեն այդ գերտերության՝ այլ մակարդակներում ձեռնարկած հակաքայլերը, օրինակ՝ ռազմական:

Դիցուք՝ Ուկրաինայի պարագայում Ռուսաստանը պատերազմ չհայտարարեց այդ երկրին՝ իր գործողությունները որակելով որպես «հատուկ գործողություն»՝ Ուկրաինայի իշխանությունների հակառուսական քաղաքականության դեմ: Հայաստանի պարագայում Ռուսաստանի կողմից նման «մեծահոգություն» սպասել չի կարելի, քանի որ մենք՝ հայերս, առնվազն ուկրաինացի չենք, կամ առնվազն այնքան ռուս չենք, որքան ուկրաինացիները: Եվ ապա՝ մենք ոչ Ղրիմ ունենք, ոչ Դոնբաս, որ մեզնից հետ վերցնեն: Մեր պարագայում, եթե իհարկե Փաշինյանի կառավարությունը շարունակի հակառուսական դեմարշները, Ռուսաստանը կարող է աչքն էլ չթարթել և, առանց ձեռքերը «կեղտոտելու», իր նորահայտ դաշնակիցների՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով լուծել հայկական վերջին պետության «դեկոմունիզացիայի» հարցերը:

Ամենևին չարդարացնելով մեր ավանդական ռազմավարական դաշնակից Ռուսաստանի պահվածքը Հայաստանի հանդեպ, որին ականատես ենք լինում արդեն 3 տարուց ավելի, պետք է նշել, որ հայ-ռուսական հարաբերությունների վատացման գործում առաջին անակնկալը մատուցել է հենց Հայաստանը՝ ոչ ավել, ոչ պակաս ՀՀ վարչապետը, որ «խելահասություն» ունեցավ խարխլել ՀԱՊԿ-ը՝ լինելով այդ կազմակերպության անդամ: Սա արդեն ոչ ոք հերքել չի կարող, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե 2018թ, թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանում նոր իրողություններ են հաստատվել, և Ռուսաստանը պարտավոր է ադապտացվել այդ իրողություններին:

Հ.Գ. Դատարկ պերճախոսությունն, այո, զարդարում է քաղաքական գործչին, բայց բոլորը չէ, որ կուլ են տալիս այդ դատարկախոսությունները: Քաղաքականության մեջ ուժեղները շատ արագ են կողմնորոշվում և իսկականի հետ նույնականացնում «գյոլումը տռաններին»՝ այդ թվում Նիկոլ Փաշինյանին, Վոլոդիմիր Զելենսկուն, Միխեիլ Սահակաշվիլուն և այլոց: