Շահումյանի շրջանի գյուղապետերին ասել են՝ կարող եք վերադառնալ

Շահումյանի շրջանի գյուղապետերին ասել են՝ կարող եք վերադառնալ

Գեղարքունիքի մարզի՝ Ադրբեջանին արդեն սահմանակից դարձած համայնքների բնակիչները վախենում են։ Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ մարզի Կութ գյուղում մի քանի օր անհանգիստ վիճակ էր՝ ինչ-որ մեկը նկատել էր ադրբեջանցիների, շներն էին արձագանքել։ Կութ գյուղը մտնում է խոշորացված Սոթք համայնքի մեջ, որի գյուղապետ Հակոբ Ավետյանն ասում է․ «Էդ ուղղակի մարդկանց երեւակայության արդյունք ա, կարող ա մեկը վախի, սթրեսի մեջ ա, չգիտեմ, բայց բացարձակ ոչ մի բան չկա։ Հիմա շատ հանգիստ ա մեր սահմանը, մեր բանակի կողմից վերահսկվում է։ Ես իմ բնակիչներին էլ եմ ասել։ Դա ուղղակի ապատեղեկատվություն ա։ Եթե էդ վտանգը լինի, հաստատ՝ ոչ մեկից չեմ թաքցնի։ Որ ադրբեջանցիները եկել էին՝ Սոթքի դեպքը, շատ-շատերը հերքել են, բայց ես փաստը հաստատել եմ, որովհետեւ դա անմիջապես մեր գյուղերն են, մեր ընտանիքները, ես չեմ կարա աչք փակեմ էդ տիպի բանի վրա։ Իսկ հիմա հերքում եմ, վստահ եղեք, որ չկա տենց բան»։

Հիշեցնենք, որ տեսանյութ էր տարածվել, որտեղ Սոթքի հարեւանությամբ գտնվող ադրբեջանցիները «Ալլահ աքբար»-ով սադրում էին հայերին։ Գյուղապետն ասում է՝ հետո ի՞նչ, ու ավելացնում․ «Իրենց տարածքում ուզում են Ալլահ Աքբար ասեն, ուզում ա եսիմ․․․ մենք էլ մեր տարածքում ասում ենք՝ թուրքերի սենցը, նենցը, օրինակ։ Կարեւորը՝ սահմանը չխախտեն, փոխհրաձգություն, լարվածություն չլինի»։ Այլ հարցերի Սոթքի գյուղապետը չցանկացավ պատասխանել։

Խոսեցինք նաեւ հարակից, Արցախի Շահումյանի շրջանում գտնվող եւ Քարվաճառ շրջկենտրոնից 37 կմ հեռավորության վրա գտնվող, Ադրբեջանին սահմանակից վերջին գյուղի՝ Չարեքթարի գյուղապետ Կամո Ցականյանի հետ։ Նա մեզ հայտնեց, որ չնայած հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում են, իրենց գյուղի բնակչությունը լքել է գյուղը։ «Մենք իմացել ենք, թե էդի Քելբաջարի գյուղ ա՝ տալու ենք։ Բայց հետո իմացանք, որ չէ»,- ասաց գյուղապետը։ Նա՝ ինքը, գյուղ գնում-գալիս է։ Տեղեկացանք, որ շաբաթ օրը Արցախի Շահումյանի շրջանի 15 համայնքների՝ Նոր Վերիշենի, Քարվաճառի (քաղաքի), Նոր Գետաշենի, Հնարավանի, Դադիվանքի, Կարաչինարի եւ այլ համայնքների գյուղապետերին հավաքել են, եւ Արայիկ Հարությունյանի անունից ասվել է, որ իրենց նախկին գյուղերի այն բնակիչները, որոնք վերադառնալու ցանկություն ունեն, կարող են վերադառնալ։ Գյուղապետերն էլ հրավիրվել են, որ իրենց նախկին բնակիչներին այս մասին հաղորդեն։ Տեղեկությունը մեզ հայտնեց Դադիվանքի նախկին գյուղապետ Դավիթ Սարգսյանը։ Հարցին՝ իսկ տեղ կա՞, գյուղապետն ասաց․ «Նենց չի, որ պետք է հենց վաղն էլ գնանք։ Ուղղակի ցանկացողների մասով ցուցակագրում է արվում, ու երբ պատրաստ լինի ամեն ինչը, նոր կտեղափոխվենք»։

Խոսեցինք նաեւ Զուարի գյուղապետ Սոսի հետ, որտեղ գտնվող տաք աղբյուրից ադրբեջանցիները տեսանյութ էին հրապարակել՝ լճից շշերով ջուր էին տանում, կատակում, ուրախանում, վայելում։ Զուարի ղեկավարն ասաց, որ իրենց բնակիչները հնարավորության դեպքում անպայման գյուղ կվերադառնան։

Արցախի իշխանությունները մտադիր են Շահումյանի շրջանի գյուղերի բնակիչներին տեղավորել մեր վերահսկողության տակ մնացած Չարեքթարում ու Ականաբերդում։ Իսկ նրանց, ովքեր չցանկանան ապրել մեզ մնացած այդ երկու գյուղում, Դավիթ Սարգսյանի խոսքով՝ «արդեն այլ պայմաններ կառաջարկվեն»։