Իսրայելի բոլոր ղեկավարների զավակներն այժմ բանակում են․ իսկ հայերի՞նը․․․

Իսրայելի բոլոր ղեկավարների զավակներն այժմ բանակում են․ իսկ հայերի՞նը․․․

Իսրայելական Ynet լրատվական պորտալը ստուգել է, թե երկրի որ պաշտոնյաների զավակներն են ներկայում ծառայում բանակում։ Ըստ կայքի, խոսքը հետևյալ ղեկավարների մասին է
• Վարչապետ Բենիամին Նեթանյահուի կրտսեր որդին՝ Ավները
• Նախագահ Իցհակ Հերցոգի որդին (կռվում է հենց Գազայում)
• Պաշտպանության նախարար Յոավ Գալանտի երկու որդիները
• Նախարար Բենի Գանցի երեք որդիները
• Նախարար Գադի Էյզենկոտի երկու որդիները
• Սոցիալական ապահովության նախարար Յակով Մարջիի որդին
• տրանսպորտի նախարար Միրի Ռեգևի ավագ դուստրը (սպայական պաշտոնում)
• էկոնոմիկայի նախարար Նիր Բարկատի դուստրը
• Ալիյայի և ինտեգրացիայի նախարար Օֆիր Սոֆերի երկու զավակները
• Գիտության, նորարարության և տեխնոլոգիաների նախարար Օֆիր Ակունիսի որդին (ծառայում է նավատորմում)
• Գյուղատնտեսության նախարար Ավի Դիխտերի բոլոր զավակները
• Կրթության նախարար Յոավ Կիշի երկու զավակները (զորակոչված են պահեստային ուժեր)
• Ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի երկու որդիները (մեկն արդեն ծառայում է, երկրորդն անցնում է զորակոչի ընթացակարգը)
• Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի 18-ամյա որդին (զորակոչման փուլում է)
• Նախարար Օրիտ Ստրուկի ընտանիքի ութ անդամներ՝ նրա չորս զավակները և չորս դուստրերի ամուսինները.
• Աշխատանքի նախարար Յոավ Բեն-Ցուրի ընտանիքի անդամները (նրանք, ովքեր չեն ծառայում, օգնում են որպես կամավորներ): Կռվի ժամանակ վիրավորվել է նրա հարազատներից մեկը
• նախարար Իֆաթ Շաշի-Բիտոնի որդին (պատերազմի առաջին օրերից)
• Արդարադատության նախարար Յարիվ Լևինի երկու զավակները
• նախարար Գեդեոն Սաարի՝ նախկին ամուսնությունից ունեցած երկու դուստրերն ավարտել են իրենց զինվորական ծառայությունը։ Ներկայիս ամուսնությունից նրա երեխաները դեռ անչափահաս են։

Զրոյից զարգացած պետություն․ ժամանակակից ամենաարդիական ու մարտունակ բանակ ստեղծած Իսրայելում, ինչպես տեսնում ենք, օրենքի առջեւ բոլորը հավասար են։ Եվ հենց դա է, թերևս, դարձել Իսրայել պետության հաջողության գրավականներից մեկը, որքան էլ երկիրը ժամանակ առ ժամանակ ներքաշվի պատերազմական իրադրություններում։ 

Մինչդեռ Հայաստանում, կարծես, հաստատված պրակտիկա է, որ ծառայությունից ամեն գնով խուսափում են ոչ միայն պաշտոնյանները, այլև նրանց զավակները։ Անուններ՝ որքան ուզեք․ այս արատավոր շղթան, առանց աննշան բացառությունների, ձգվել է մեր նորանկախ պատմության ձևավորումից ի վեր։
Պարզվում է, հայրենիքի առաջ պարտքը կատարելը խորթ է հայ չինովնիկներին եւ նրանք իրենց պատվից ցածր են համարում դա։ Ավելին՝ ում որդին ծառայում է, համընդհանուր պարսավանք կա, թե բա՝ տեսեք, չբաշարեց իր որդուն ծառայությունից ազատել։ 

Իսկ անվտանգային ու թշնամու շարունակական սպառնալիքին դեմ հանդիման կանգնած Հայաստանում սա տարրական բարոյականության, բարձրագույն արժանապատվության ու անվիճելի պարտականության հարց է։