Ինչու են հետաձգվում Սեյրան Օհանյանի գործով նիստերը

Ինչու են հետաձգվում Սեյրան Օհանյանի գործով նիստերը

Այսօր ՀՀ Գլխավոր դատախազության ֆեյսբուքյան էջով տեղեկություն տարածվեց այն մասին, որ Հակակոռուպցիոն դատարանը դեկտեմբերին կսկսի պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործով քննությունը:

Խոսքը վերաբերում է Սեյրան Օհանյանից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության  ավելի քան 1 մլրդ դրամի ենթադրյալ ապօրինի գույք բռնագանձման վերաբերյալ գործին:


«Հրապարակ»-ը ԲԴԽ մամուլի ծառայությունից հետաքրքրվեց, թե ինչ հիմնավորմամբ են նիստը այդքան ուշ նշանակվել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հակակոռուպցիոն դատարանի կողմից գործը վարույթ էր ընդունվել դեռևս սեպտեմբերի 19-ին:

Ի պատասխան մեր հարցի ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը հայտնեց, որ աս գործով առաջին նիստը նշանակված է եղել դեռևս նոյեմբերի 1-ին. «ՀԿԴ/0014/02/22  գործով առաջին դատական նիստը նշանակվել էր դեռևս նոյեմբերի 1-ին, որի վերաբերյալ կողմերը պատշաճ ծանուցված են եղել, բայց քանի որ դատախազը նիստին չէր ներկայացել այն հետաձգվել է և նշանակվել դեկտեմբերի 15-ին»:

Նշենք, որ ըստ դատախազության, Սեյրան Օհանյանից հօգուտ պետության պետք է բռնագանձվի 2 անշարժ գույք Երևանի կենտրոնում, առանձնատուն Վահագնի թաղամասում, ամառանոց Սևանի ափին: