Նախադեպ

Նախադեպ

Ուկրաինական հրթիռի (կամ հրթիռների) արձակումը Լեհաստանի ուղղությամբ, և դրան հետևելիք համապատասխան իրադարձությունների բացակայությունը կարելի է բնութագրել որպես նախադեպային ՆԱՏՕ-ի՝ 73-ամյա պատմության մեջ: Ընդ որում, բացասական ուղղվածությամբ: Ինչի՞ մասին է խոսքը: Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն, անդամ պետությունները խորհրդակցում են՝ «երբ վտանգված է կողմերից որևէ մեկի տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը»: Իսկ 5-րդ հոդվածում նշված է, որ անդամ որևէ երկրի նկատմամբ զինված հարձակումը գնահատվում է որպես հարձակում ողջ դաշինքի դեմ: Ըստ այդմ, ուկրաինական հրթիռի արձակումը Լեհաստանի ուղղությամբ պետք է դիտարկվեր առնվազն 4-րդ հոդվածի համատեքստում: Ինչը նշանակում է, որ դրան պետք է հետևեր անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: Դա տեղի չի ունեցել, և դրա փոխարեն հավաքվել են ընդամենը G7-ի երկրների ղեկավարները:

Այդ ձևաչափով հանդիպմամբ բավարարվելով՝ դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն հայտարարել է, որ «չկա որևէ ապացույց, որ Լեհաստանում տեղի ունեցած միջադեպը միտումնավոր գործողությունների արդյունք է եղել»: Ես ինձ թույլ տամ չհամաձայնելու տիկին Օանայի հետ. Լեհաստանը գտնվում է Ուկրաինայից արևմուտք, իսկ ռուսական հրթիռները կարող էին գալ հարավից կամ արևելքից:

Ըստ այդմ, ուկրաինական ՀՕՊ համակարգի հրթիռը պետք է թռչեր դեպի հարավ կամ արևելք, սակայն ոչ երբեք՝ դեպի արևմուտք: Ինչը նշանակում է, որ արևմուտքի ուղղությամբ արձակված հրթիռը ոչ թե մի փոքր շեղվել է թռիչքուղուց, այլ շեղվել է 90 կամ ամբողջական 180 աստիճանով: Սակայն այդպես չի լինում, որ արձակես դեպի հարավ կամ արևելք, իսկ հրթիռն ինքնագլուխ որոշի թռչել արևմուտք: Ինչը նշանակում է, որ Լեհաստանում տեղի ունեցած միջադեպը եղել է հենց միտումնավոր գործողության արդյունք: Այսինքն՝ Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտակցաբար իրականացրել է սադրանք՝ հրթիռը ուղղելով դեպի Լեհաստան: Որպեսզի, բնականաբար, դրա համար մեղադրի Ռուսաստանին: Ինչը և տեղի ունեցավ: Իսկ հետո ՆԱՏՕ-ին ամբողջությամբ ներքաշի ՌԴ-ի դեմ պատերազմում:

Այստեղ դադար տանք և հիշենք, որ ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում ամենաակտիվ երկիրը Լեհաստանն էր, որ անընդհատ հիշատակում էր դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածը՝ եթե հանկարծ ռուսական հրթիռները կամ արկերը հայտնվեն իր տարածքում: Ինչպես և երևի երազում էր, Լեհատանը ստացավ հրթիռակոծում, և առաջին ժամերին հայտարարվեց, որ երկու լեհի կյանք խլած (ոչնչացված տրակտորը հեչ) հրթիռը խորհրդային արտադրության է: Այսինքն՝ արձակվել է ռուսական կողմից: Չնայած, ինչպես հաղորդում են ռուսական աղբյուրները, հրթիռի արձակման հետագիծը Լեհաստանում դիտարկել են հենց սկզբից և ցանկության դեպքում կարող էին խփել դրան: Բայց դա չեն արել: Չե՞ն կարողացել, թե՞ ցանկացել են այդ փաստն օգտագործել ընդդեմ ռուսների: Բայց քանի որ ԱՄՆ-ին և մնացած արևմտյան տերություններին բացարձակ պետք չէր հանուն ուկրաինացիների Ռուսաստանի դեմ անմիջականորեն պատերազմելը, G7-ի ձևաչափով խորհրդածելով՝ հանգել են այն եզրակացության, որ հրթիռը ռուսական չէ: Բայց եթե կողմ լինեին անմիջականորեն պատերազմելուն, ապա, բնականաբար, հրթիռը կբնորոշվեր որպես ռուսական: Այդպես էր, օրինակ, ռուսական ենթակայության ներքո անցած Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծումների առումով: Մարդկային պարզ տրամաբանության բոլոր կանոններին հակառակ՝ Ուկրաինան ու նրան ձայնակցող Արևմուտքն անընդհատ հայտարարում էին, որ գնդակոծողը ռուսներն են:  
Այսպիսով, արձանագրենք. տեղի ունեցավ նախադեպ՝ երբ ոչ ՆԱՏՕ-ական երկրի հրթիռը հարվածեց դաշինքի անդամ երկրին, և կազմակերպությունը որևէ քայլ չձեռնարկեց այդ ուղղությամբ: Այսինքն՝ Ուկրաինան չպատժվեց դրա համար: Հասկանալի է, որ դաշինքի երկրները չէին հարձակվելու այն երկրի վրա, որին արդեն հատկացրել կամ խոստացել են հատկացնել 126 միլիարդ դոլար:

Բայց դա նշանակում է դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածի խախտում: Ինչը ստեղծում է նախադեպ, որպեսզի հետագայում ևս ՆԱՏՕ-ական երկրները չձեռնարկեն որևէ միջոցառում, երբ նրանցից մեկը բախվի նման փաստին: Մինչ այդ ևս տեղի էր ունեցել խնդիր, բայց այն ներՆԱՏՕական էր. խոսքը Կիպրոսում հույների և թուրքերի միջև 1974 թվականի պատերազմի մասին է: Բայց Կիպրոսը ՆԱՏՕ-ի անդամ չէր, և այդ պատճառով կազմակերպությունը համեմատաբար թեթև տարավ ներքին այդ պառակտումը: Իսկ Հունաստանն էլ, որ 1974 թվականին լքել էր կազմակերպության ռազմական բաղադրիչը, 6 տարի անց վերադարձավ այնտեղ: Ի դեպ, նույն քայլերը կատարել էր Ֆրանսիան 1966 և 2009 թվականներին: 

Սակայն ուկրաինական սադրանքն ավելի լուրջ և խորքային էր. այն առաջին լուրջ հարվածն էր ՆԱՏՕ-ի ամենազորության առասպելին: Էլ չասած ողջ դաշինքի դեմ Ռուսաստանի միայնակ պատերազմելու մասին: Հիշեցի պատմությունից մի երևույթ. միջնադարյան սխոլաստիկները փորձում էին լուծել, օրինակ, այսպիսի մի հարց. «Ամենազոր Աստվածն ի վիճակի է, արդյո՞ք, ստեղծելու այնպիսի քար, որ ինքը չկարողանա բարձրացնել»: Նույն դիլեման կանգնեց ՆԱՏՕ-ի առջև՝ ի՞նչ անել Լեհաստանի սահմանը խախտած ուկրաինական հրթիռի առումով: Գտան խիստ պոլիտկոռեկտ լուծում՝ հրթիռն ինքնուրույն է թռել դեպի արևմուտք: Դե, անշունչ առարկային ինչ ասես… Միաժամանակ, Ուկրաինայի նախագահ Զելենսկուն այս օրերին անընդհատ ասվել է, որ պետք է թարգել հրթիռը ռուսական հայտարարելը: Վերջում Վ. Զելենսկին ստիպված եղավ հայտարարելու, որ իր երկրի ռազմական ղեկավարությունն իրեն համոզել է այդ հարցում:

Ինչպես ասվում է, ոտի վրա «քցեց» իր ենթականերին: Հրթիռի պատմության ընթացքում էլ Եվրախորհրդարանում համաձայնության են եկել Ռուսաստանին «ճանաչելու որպես ահաբեկչության հովանավոր պետություն և ահաբեկչական միջոցներ կիրառող պետություն»։ Փաստորեն, արևմտյան երկրների տեսակետից համաշխարհային պատերազմ հրահրող երկիրը ազատության պայքարի մարտիկ է, իսկ դեպի իր արևելյան սահմանները ՆԱՏՕ-ական ընդլայնման դեմ պայքարող և սեփական շահերը պաշտպանող երկիրը՝ ահաբեկչական: Այսպիսի արևմտյան տրամաբանություն…