Գրիչը որպես...

Գրիչը որպես...

Նախկինում լրագրողի մասնագիտական «կաշառքը» գրիչն ու բլոկնոտն էր: Նախկինում ասելով նկատի ունեմ 25-30 տարի առաջվա օրերը: Երբ գրիչն ու բլոկնոտը խանութներում թափած չէին: Եվ հազվադեպ միջոցառումների ժամանակ այդ երկու իրը որպես փաթեթ ստանալը մեծ հաջողություն էր: Հետո ժամանակները փոխվեցին, ու գրիչը դադարեց լինել շքեղության պես մի բան: Որպես նախկին լրագրող ես անցել եմ այդ ամենի միջով: Ու վաղուց արդեն անտարբեր եմ գրիչների նկատմամբ՝ նույնիսկ թանկարժեք: Իսկ 100 դոլարանոց գրիչն, այնուամենայնիվ, թանկարժեք իր է: Բայց կոռուպցիայի դեմ պայքարի դրոշ բարձրացրած Նիկոլին, որ նոր էր կարգվել վարչապետ, որպես «կաշառք» գրիչ նվիրելը բանի նման չէր: Իսկ ՍԴ նախագահը դա չէր գիտակցել ու թանկարժեք գրիչ էր նվիրել նրան: Որ հետագայում ստացողի կարծիքով պետք է պայթեցվեր որպես ռումբ: Չնայած պայթեցվելու պահին պետք է պարզվեր, որ այն ընդամենը փուչիկ է:  

Փաստորեն այն, ինչի միջով անցել էր իմ սերունդը, ինձանից 16 տարով երիտասարդ այդ անձնավորությունը մնացել էր այդ շրջանում: Չնայած արդեն 5-րդ տարին է, ինչ պետության վարչապետ է, ապրում է կառավարական ամառանոցներում, շփվում է աշխարհի մեծամեծների հետ: Քիչ էր մնում ասեի՝ որպես հավասարը հավասարի հետ, բայց դե Նիկոլն ո՜ւր, մեծամեծներն ո՜ւր: Ինչևէ, ոչ այնքան հաճելի (նրա համար) այդ կարծիքին չէի հանգի, եթե «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին Փաշինյան Նիկոլն իր առջև սեղանին դրված գրիչը չվերցներ, չուսումնասիրեր ու այնուհետև ինչ-որ մեկի ուղղությամբ ժպտալով՝ չդներ կոստյումի ծոցագրպանը: Իհարկե, չեմ կարող ասել, որ տվյալ գրիչը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն անօրինական է «սեփականաշնորհել»: Այն, այսպես թե այնպես, դրվել էր սեղանին և ինքն իրավունք ուներ այն վերցնելու: Բայց հոգեբանորեն նախկինում մնացած անձի համար այն թե՛ «կաշառք» էր և թե՛ նույնիսկ լրագրողական «գողոն»: