Հայերեն սովորող օտարերկրացուն նման խորհուրդ տալը ամենամեծ տխմարությունն է

Հայերեն սովորող օտարերկրացուն նման խորհուրդ տալը ամենամեծ տխմարությունն է

Օտար լեզու սովորողներին միշտ խորհուրդ են տալիս լսել այդ լեզվով լուրեր կամ կարդալ այդ լեզվով թերթեր, որովհետև առաջին դեպքում հաղորդավարներն ուղղախոսության ոլորտում հատուկ վարժված մարդիկ են, ճիշտ են արտասանում բառերը, իսկ թերթերում հոդվածները քերականորեն ճիշտ են շարադրված, ու բառերը ճիշտ են գործածված։ Խորհուրդ են տալիս նաև լինել այդ լեզվի միջավայրում, լսել մայրենի լեզվով խոսողներին, որպեսզի հասկանալի լինի, թե ո՛ր բառը երբ, ինչ իրավիճակում գործածելն է ճիշտ։

Հայերեն սովորող օտարերկրացուն նման խորհուրդ տալը ամենամեծ տխմարությունն է։ Նման խորհուրդ կարելի է տալ միայն այն դեպքում, երբ ուզում ես նրան վատություն անել, որովհետև հայկական լուրեր լսելով, հայկական թերթեր կարդալով կամ Հայաստանում ապրելով ու հայերեն խոսակցություն լսելով՝ նա ԵՐԲԵՔ ճիշտ հայերեն չի սովորի։ Հակառակը, թե մի բան դրսում գրքերով ճիշտ սովորել է, կմտածի, թե այդ ճիշտն է սխալ։

Հիմա «փոխանակ» ու «փոխարեն» բառերի համատարած սխալ գործածության մասին։ Դրանք սխալ են գործածվում ոչ միայն առօրյա խոսակցության մեջ, այլ նաև լրատվամիջոցներում։ Ավելին, ֆեյսբուքում ես դեռ ճիշտ գործածություն չեմ տեսել։

Հիմա ճիշտը։ «Փոխարեն»-ը գործածվում է միայն իբրև կապ, իսկ «փոխանակ»-ը կարող է գործածվել և՛ իբրև կապ, և՛ իբրև շաղկապ։ Այս բառերը միմյանցից տարբերվում են նաև նախադասության մեջ իրենց դիրքով․ «փոխարեն»-ը դրվում է կապվող միավորից ՀԵՏՈ, այսինքն՝ հետադրություն է, իսկ «փոխանակ»-ը՝ կապվող միավորից ԱՌԱՋ, այսինքն՝ նախադրություն է։ Զուտ արդեն այս պատճառով միևնույն խոսքաշարում նրանք չեն կարող փոխարինել իրար։

Այս բառերի սխալ գործածության օրինակ են հատկապես այն նախադասությունները, որոնցում «փոխարեն»-ը գործածվում է իբրև շաղկապ։ Սխալ է՝ «Իմ ընկերները, փոխարեն ինձ պաշտպանեին, ոչ մի խոսք չասացին»։ Ճիշտ է՝ «Ինձ պաշտպանելու փոխարեն իմ ընկերները ոչ մի խոսք չասացին» կամ «Իմ ընկերները, փոխաՆԱԿ ինձ պաշտպանեին, ոչ մի խոսք չասացին»։

Է՛լ ավելի սպանիչ է, երբ «փոխարեն»-ին մի հատ էլ որոշյալ հոդ են կպցնում՝ «փոխարենԸ» Օրինակ՝ «Փոխարենը իրենք քեզ խնդրեն, դու ես իրենց խնդրո՞ւմ»։

Սովորե՛ք ձեր մայրենին այնպես, որ օտարերկրացին, ձեր խոսքը լսելով, ճիշտ հայերեն սովորի։ Ու սովորեք այնպես, որ կարողանաք նրա հարցերին քերականորեն ճիշտ պատասխանել։

Իրավաբան Գոռ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից