Կասի՝ հարգելի Ալիև, հարգելի Էրդողան, ինձ տարի ու կես ժամանակ տվեք, այդ ընթացքում ամեն ինչ կանեմ

Կասի՝ հարգելի Ալիև, հարգելի Էրդողան, ինձ տարի ու կես ժամանակ տվեք, այդ ընթացքում ամեն ինչ կանեմ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպել է ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում, Կանադայում հավատարմագրված դեսպանների ու միջազգայն կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Արտգործնախարարության X հարթակի էջում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են Հարավային Կովկասի իրավիճակի, խաղաղության օրակարգի և մարտահրավերների հարցերը։

«Հրապարակը» քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանից հետաքրքվեց, թե ինչը կարող էր նման հանդիպման պատճառ դառնալ՝ խաղաղության պայմանագրի մոտալուտ ստորագրո՞ւմը, Ալիևի հայտարարություններից հետո այն գիտակցումը, որ «Արցախը տանք՝ հանգստ ապրենքն» այդպես էլ իրականություն չի՞ դառնա։

«Խաղաղության պայմանագիր չի լինելու՝ Ալիևի հարցազրույցը այդ մասին էր։ Ալիևը պարզապես ոչնչացրեց Նիկոլ Փաշինյանի քաղաքական բոլոր թեզերը, ցույց տվեց, որ այդ մարդը քաղաքականապես բանկրոտ գործիչ է, որովհետև ինքը Արցախը հանձնեց` ներկայացնելով, որ այդպես մենք փրկում ենք Հայաստանը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բայց Ալիևը ցույց տվեց, որ իրենք Հայաստանի տարածքային ամբողջականություն ասվածի հետ համաձայն չեն։ Ոչ թե նույնիսկ 29.800-ը չեն ընդունում, Հայաստանի տարածքային բառակապակցության մեջ իրենք Հայաստան բառը չեն ընդունում՝ դա է խնդիրը»,-ասաց Մաթևոսյանը։

Քաղաքագետը նշեց, որ չնայած ինքն ինսայդերական տեղեկություններ չունի դեսպանների հետ հանդիպումից, սակայն պետք չի մոռանալ, որ հիմա տարեսկիզբ է և տարվա արդյունքները քննարկելու համար կարող են հանդիպած լինել, կամ նոր տարվա անելիքներն ու ծրագերը քննարկելու համար են հանդիպել, մատնանշել հիմնական գործողությունների ուղղությունները։ 

Մեր հարցին, հնարավո՞ր է, որ ՀՀ իշխանությունները վերջապես հասկացել են, որ մեն-մենակ են մնացել ու նույնիսկ Ալիևը չի ուզում իրենց հետ երկխոսել ու հիմա փորձում են այլ պետություններին հորդորել, որ ակտիվանան եւ կանխեն Ադրբեջանի մոտալուտ ագրեսիան, քաղաքագետն ասաց, որ այդ տարբերակն էլ է հնարավոր։ Նա մեջբերեց մի օրինակ, երբ ՀՀ իշխանությունները պրիմիտիվ մի գործելաոճ ունեն՝ նրանք կարող են այս կամ այն երկրի լրատվամիջոցներում հայանպաստ նյութերի հրապարակմանը նպաստել, հետագայում հղում անեն այդ հոդվածներին, իսկ հասարակությանը մոլորեցնեն, ասեն, օրինակ, Ֆրանսիան իր հովանու ներքո է վերցրել Հայաստանը և Ալիևին պատրաստվում է ապտակներ տալ՝ բանախոսներից մեկի ասածը ուղիղ ցիտեց Մաթևոսյանը։

«Ես չգիտեմ, թե ինչի մասին են իրենք խոսել, բայց երբ որ Դուք ասում եք, որ միգուցե հասկացել են, որ մենակ են մնացել, այդ հասկանալու պահն այլ բան է հուշում... դա Նիկոլի հայտարարությունն էր, որ իրենք գնում են սահմանադրական փոփոխությունների։ Տեսեք` ինչ տեղի ունեցավ այս մի քանի օրերի ընթացքում։ Մենք տեսանք Ալիևի հարցազրույցը, որով ինքը կասկածի տակ դրեց հայկական պետականությունը, Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Հաջորդիվ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ռեվերանսներ է անում Ռուսաստանին։ Մենք տեսնում ենք, որ  ամենաքաղաքականապես ռուսաֆոբ գործիչները, ովքեր իշխանության մաս են կազմում, հայտարարություն են անում, որ Ռուսաստանից զենքը եկել- հասել է Հայաստան, Անդրանիկ Քոչարյանի ընկերն էլ, ով համատեղությամբ աշխատում է ՌԴ-ում ՀՀ դեսպան, գնում է և հանդիպում է ՌԴ Դաշնության արտաքին գործերի փոխնախարարի հետ և պաշտոնական հաղորդագրությունից հասկանում ենք, որ այնտեղ քննարկվել է անհրաժեշտությունը՝ հրատապ վերադառնալ Երևան- Մոսկվա -Բաքու եռանկյունու ձևաչափով բանակցություններին։ Այսինքն, մենք գալիս ենք եզրահանգման, որ փաստացի հայկական կողմը դեմ չի եղել, որ այդ ֆորմատը վերականգնվի՝ այսպես ձևակերպենք, բայց դրանից հետո գալիս է Սերգեյ Լավրովի հայտնի ասուլիսը, որտեղ նա մի կողմից հստակ տարանջատում է դնում հայ ժողովրդի և ՀՀ իշխանությունների միջև, Հայաստանի իշխանությունների նկատմամբ քաղաքական գնահատականներ է տալիս, որոնցից մենք հասկանում ենք, որ Մոսկվայում Փաշինյանին ընկալում են որպես ոչ վստահելի գործընկեր»,- նկատեց քաղաքագետը։

Լավրովը, նշեց, որ ռուսական կողմի համար սկզբունքային է նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը կյանքի կոչելը, այդ թվում նաև 9-րդ կետը։ Այն, որ ռուսական կողմը Արցախից դուրս չի բերել խաղաղապահներին՝ սա շատ բանի մասին  է խոսում, որովհետև մեր ընկալումներում հատկապես էմոցիոնալ՝ ռուսների հասցեին շատ բան է  ասվել, բայց նրանք դուրս չեն բերում խաղաղապահներին, որովհետև իրենք առաջնորդվում են կնքված պայմանագրերով, փաստաթղթերով։

«Լավրովը փաստորեն ասաց` «Մոսկվա սեիզամ նե վերիտ», ու այստեղ Փաշինյանը հասկացավ, որ ինքն արտաքին առումով աջակցության հնարավորություն այլևս չունի, ինքը շատ լավ գիտի, որ Արևմուտքից ոչ մի աջակցություն չի գալու։ Մեր քննարկումներից մեկի ժամանակ հիշո՞ւմ եք, որ ասում էի, որ Բրյուսելում Հայաստանի կարգավիճակի հարցն է քննարկվում և նույնիսկ Հայաստանի համար անվտանգային երաշխիքներ չկան։ Այս իրավիճակն է, այս մարդը գիտի, որ Արևմուտքից ոչ մի աջակցություն չկա, Ռուսաստանից  աջակցություն չկա։ Հիմա երկու տարբերակ ունի գործելու։ Ինքը պիտի հրաժարական տար, որովհետև իր հրաժարականը Հայաստանի Հանրապետությանը գոյատևելու շանս է տալիս ու կա երկրորդ տարբերակը՝ սեփական իշխանությունը մեկ ու կես տարով կամ երկու տարով, այստեղ կարևոր ժամկետը չի՝ կարևորը երկարաձգելն է»,- ասաց Մաթևոսյանը։

Քաղաքագետը նկատեց, որ սեփական իշխանությունը Փաշինյանը կարող է երկարաձգել՝ Ալիևին ու Էրդողանին ասել, որ պատրաստ է իրենց բոլոր նախապայմանները կյանքի կոչել։ Բենիամին Մաթևոսյանը նկատում է, որ թեև իր ասածը կարող է շատ պրիմիտիվ թվալ, սակայն` ենթադրենք նոր սահմանադրություն պետք է ընդունվի, այդ սահմանադրությունը պետք է գրվի, հանրաքվե պետք է անցկացվեն, ինչ-որ գործընթացներ պիտի տեղի ունենան դա կյանքի կոչելու համար՝ պետական մարմիններում ինչ-որ փոփոխություններ պիտի լինեն, և այլն, սակայն վերջում այս ամենը հանգեցնելու է զինանշանի, օրհներգի ու այլ խորհրդանշանների փոխելուն։

«Դա ինչ-որ ժամանակ է, չէ՞: Ինքը  կասի՝ հարգելի Ալիև, հարգելի Էրդողան, Դուք ինձ այդ ժամանակը տվեք, այս տարի ու կեսի ընթացքում այս գործընթացները կանեմ, հետո էլ քաղաքականապես քաղաքական դաշտը Հայաստանի կփորձեմ վերաձևավորել, ձև կտանք, որ դա պրոարևմտյան դաշտ է, բայց որը կսպասարկի ձեր շահերը, վերջում էլ միգուցե այլ նախապայմաններ առաջ գան, ինքը ևս կերկարաձգի իր իշխանությունը՝ այդ նախապայմանները կյանքի կոչելով և Հայաստանը մաշելով»,- շեշտում է քաղաքագետը։ Թվում է, թե վերը շարադրվածը շատ պրիմիտիվ է, սակայն գործողություններն այս տրամաբանությամբ են գնում։