Էնպիսի հիվանդությամբ տառապեք, որ հասկանաք՝ ինչ բան է մարդու կյանքը

Էնպիսի հիվանդությամբ տառապեք, որ հասկանաք՝ ինչ բան է մարդու կյանքը

Երեկ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն անսպասելիորեն վատ է զգացել դատարանի դահլիճում եւ մի քանի րոպեում հանկարծամահ եղել։ Ավելի ուշ տեղեկացանք, որ սրտի կաթված է ստացել։ Թեեւ առողջական խնդիրներ մինչ այդ էլ ուներ։ Հիշեցնենք, որ նրան ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք էր առաջադրել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար։ Այսինքն՝ ԱԱԾ-ն, երկրի անվտանգության խնդիրներով զբաղվելու փոխարեն, զբաղված է այլախոհներին հետապնդելով եւ Նիկոլ Փաշինյանին քննադատողներին կալանավորելով։ Իսկ քանի որ կալանք տվող եւ հետագայում գործը քննող դատավորներն էլ իշխանությունների կամակատարներն են, ուստի Արմեն Գրիգորյանին այս անհիմն մեղադրանքով պահում էր բանտում, նրա հետ տեսակցություններն էին արգելել եւ հասցրել մահվան։

Երեկ փաստաբան, ԱԺ պատգամավոր Արամ Վարդեւանյանը գրել էր․ «Արմեն Գրիգորյանին կալանավորելու ՈՉ ՄԻ ՀԻՄՔ չկար, գործ էիք հարուցել՝ քննեիք: Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի մասին մշտապես բարձրացրել է իր պաշտպան Ռուբեն Մելիքյանը, բայց դատավորներ՝ կոնկրետ անուն-ազգանուններով, քննիչ ու դատախազներ՝ կոնկրետ անուն-ազգանուններով, անտեսել են, որովհետեւ կալանքի ՖԵՏԻՇ պետք է ապահովեն: Արմեն Գրիգորյանին այսքան օր չէինք կարողացել նույնիսկ տեսակցել ՔԿՀ-ում, որովհետեւ քննիչը գտել էր, որ պետք է արգելի: Պատկերացրեցիք՝ այսքան ամիս արգելել են: Դատարանում մարդու մահ: Սա խելագարվելու դեպք է: Այդքան ասում ենք՝ կալանքը մի ֆետիշացրեք..: Բառեր չեմ գտնում: Չեմ պատկերացնում՝ պատվեր իջացնողն ու կատարողների խմբակն այսքան ապօրինությունների, իրավունքը ոչնչացնելու պայմաններում ո՞նց են իրենց խղճի հետ մնում»։

«Քֆուրից բացի, ուրիշ բան չեմ կարող ասել, պիտի ձեր կյանքով պատասխան տաք մարդու կյանքի համար, պիտի անբուժելի մի էնպիսի հիվանդությամբ տառապեք, որ հասկանաք՝ ինչ բան է մարդու կյանքը: Սա անեծք չի` սա ձեր դատավճիռը պիտի լինի»,- մեզ հետ զրույցում նշեց գրող, դրամատուրգ, դերասան Վահրամ Սահակյանը: «Լեզուս բերանիս մեջ չորանում ա, հավատս չի գալիս, չեմ կարող սրանց անսահման անբարոյականության մասին խոսել, էս ո՞ւր հասավ էս ժողովուրդը։ Ամոթ է, ամոթ»,- հեկեկալով՝ նշեց դերասան Տիգրան Ներսիսյանը, ով մտերիմ էր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հետ: 

«Արմեն Գրիգորյանին ձերբակալելու հրաման իջեցնող ճիվաղը, նրան ձերբակալող ոստիկանը, գործող քննիչը, դատախազը, դատավորը եւ բոլոր նրանք, ովքեր էս կեղծիքին, էս տեռորին ու էս բառիս բուն իմաստով՝ սպանությանը պիտի պատասխան տան, պատասխան տան թե՛ օրենքի, թե՛ բարոյականության առաջ»,- ասաց ազատամարտիկ Արշակ Զաքարյանը: 

«Չորս տարի է, ինչ Արմեն Գրիգորյանի հետ շփվում էի, հարազատ էր դարձել, նա ազնիվ պայքար էր մղում, քչերն էին Արմենի պես անկեղծ պայքարում: Մի անգամ նեղսրտած ասացի՝ ո՞ւմ համար ենք էսպես պայքարում, ասաց` Տաթեւ, հողի, հայրենիքի, հայրենիք ունենք, Եռաբլուր ունենք, չե՞ս ամաչում, էս ինչե՞ր ես խոսում: Արմեն Գրիգորյանն իր տեսակով անձեռակերտ արձան դարձավ, նա իր մահով պետք է շատերիս մեջ բան փոխի, նա գնաց, որ մենք հասկանանք` ապահովագրված չենք: Նրա մահը պիտի մեզ փոխի»,- մեզ հետ զրույցում նշեց ակտիվիստ Տաթեւ Արցախը: