Ինչով նշանավորվեց ՆԱՏՕ-ի վիլնյուսյան գագաթնաժողովի առաջին օրը

Ինչով նշանավորվեց ՆԱՏՕ-ի վիլնյուսյան գագաթնաժողովի առաջին օրը

Երեկվանից Վիլնյուսում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն առաջին իսկ պահից բավական հետաքրքիր շրջադարձերով աչքի ընկավ։ Ուկրաինայի ջերմեռանդ կողմնակիցների համար այն, ինչ խոսք, հիասթափեցնող էր, քանի որ, անկախ ամեն ինչից, հայտարարվեց, որ Ուկրաինան կարող է անդամակցել դաշինքին, սակայն՝ միայն պատերազմից հետո։ Փորձագետներն արդեն իսկ նկատում են, որ սա հիշեցնում է 15 տարի առաջ բուխարեստյան հանդիպման դիրքորոշումը։ Եվ եթե Ուկրաինայի համար գագաթնաժողովն այնքան էլ արդյունավետ չի կարելի համարել, նույնիսկ այն «փոխհատուցող մխիթարանքով» հանդերձ, որը Կիեւի համար նախատեսեց դաշինքը, ապա Շվեդիայի՝ դաշինքին անդամակցության հարցը կարծես թե լուծվում է։

Մինչ այս (այսինքն՝ մինչ վերջին վերընտրությունը) Շվեդիայի անդամակցությունը դաշինքին առեւտրի առարկա դարձրած Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կարծես թե փափկել է․ Անկարան վերացրել է իր կողմից Շվեդիայի անդամակցության առնչությամբ ստեղծած խոչընդոտը։ Թե ինչով է պայմանավորված Էրդողանի նման որոշումը, հատկապես եթե հիշենք, թե նույն հարցի վերաբերյալ նա ինչպիսի դիրքորոշում ուներ, կերեւա թերեւս առաջիկայում։ Այս առնչությամբ նշանային է այն, որ Անկարան հայտարարել է, որ ցանկանում է ավելի սերտացնել հարաբերություններն Արեւմուտքի հետ։ Սա կարծես թե սիմվոլիկ նշանակություն եւ քաղաքական հետեւանքներ ունեցող հայտարարություն է, որը, ի դեպ, Մոսկվայում աննկատ չի մնացել։

Այդ արձագանքը, հաշվի առնելով վերջին օրերին թուրք-ուկրաինական բարձր մակարդակի շփումները եւ դրանց՝ Ռուսաստանին վերաբերող բաղադրիչը՝ «Ազով» խմբավորման ներկայացուցիչներին Ուկրաինային վերադարձնելու հետ կապված, շատ ավելի նման էր «դեմքը փրկելու» գործողության։ Մյուս կողմից էլ, եզրակացնել, որ, ահա, Թուրքիան նորից վերադառնալու է Արեւմուտքի «գիրկը», Ռուսաստանի հետ ունեցած «չափազանց ջերմ» հարաբերություններում որոշակի սառնություն մտցնելով, սխալ կլինի։ Սա ավելի շուտ պետք է հասկանալ որպես Արեւմուտքի, իսկ ավելի կոնկրետ՝ Միացյալ Նահանգների կողմից Թուրքիայի վրա գործադրած հզոր ճնշման հետեւանք։