Որքանով է «խաղաղության դարաշրջանն» իրատեսական, երբ սահմանին լարում կա

Որքանով է «խաղաղության դարաշրջանն» իրատեսական, երբ սահմանին լարում կա

Հայ-ադրբեջանական սահմանին նախօրեին կրկին լարվեց իրավիճակը։ Հայկական կողմը բախման հետեւանքով 4 զոհ եւ 1 վիրավոր ունեցավ։ Տեղի ունեցածն ինքնին մտահոգիչ է, քանի որ մի քանի ամիս տեւած «անդորրից» հետո սա առաջին լուրջ սրացումն էր։

Տեղի ունեցածի առնչությամբ Միացյալ Նահանգների Պետդեպի խոսնակը հայտարարեց, որ ԱՄՆ-ն անհանգստացած է «զինվորականների միջեւ մահացու բախումների մասին լուրերով, որոնք հանգեցրել են մի քանի զոհի»։ Ցավակցություն հայտնելով զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ նշել է․ «Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունների թափը։ Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է։ Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի եւ պատշաճ կերպով լուծվի: Ինչպես շարունակաբար շեշտում է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին»։

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինն էլ ցավակցել է Սյունիքի մարզի սահմանային գոտում զոհվածների ընտանիքներին: «Ցավակցում ենք Սյունիքի մարզի սահմանային գոտում զոհվածների ընտանիքներին եւ ցանկանում շուտափույթ ապաքինում վիրավորին»,- գրել է ԱՄՆ դեսպանը: Չի ուշացել նաեւ Եվրամիության դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը։ «Հայաստանի կողմից ադրբեջանցի զինվորին կրակելը ցավալի է, սակայն Ադրբեջանի պատասխանն անհամաչափ է եղել՝ արհամարհելով Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որ այդ միջադեպն ամբողջությամբ կքննվի»,- ասել է Բորելը: Նա նաեւ հավելել է՝ տեղի ունեցածը ցույց է տալիս, որ երկու կողմերի զինված ուժերի միջեւ հեռավորությունը պետք է մեծացվի։ Միաժամանակ նաեւ Բորելը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ԵՄ հանձնառությունը՝ հիմնված ինքնիշխանության ճանաչման, սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:

Տեղի ունեցածի առնչությամբ մտահոգություն հայտնելու իր «պարտականությունն է կատարել» նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: Սոցկայքի իր էջում նա հերթական ստանդարտ տեքստն է գրել․ «Կոչ ենք անում երկու կողմերին՝ ձեռնպահ մնալ ուժի կիրառումից։ Երկխոսությունը հարատեւ խաղաղության միակ ճանապարհն է»։

Ռուսաստանից էլ Հայաստանին եւ Ադրբեջանին զսպվածության կոչ են անում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է հայտարարել, որ պետք է ամեն կերպ խուսափել այնպիսի գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է սադրիչ համարել, եւ հավելել է, որ Մոսկվան ուշադիր հետեւելու է։ Իսկ ճշտող հարցին, թե արդյոք սահմանային այս էսկալացիան վտանգո՞ւմ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ նման միջադեպերն առնվազն չեն նպաստում գործընթացի առաջխաղացմանը կամ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բայց Մոսկվան հուսով է, որ գործընթացը կշարունակվի: Նման արձագանքները մեծ հաշվով նոր բան չէին։ Պարզապես որոշ դրվագներում հասցեականություն կար։ Սակայն մյուս կողմից էլ տեղի ունեցածը զուտ մարդկային ողբերգություն լինելուց զատ, նաեւ ցույց է տալիս, որ խաղաղության գործընթացը, որքան էլ հանրային հասանելի տիրույթում հայտարարվի, որ այլընտրանք չունի, իրականում բավականին փխրուն վիճակում է եւ ամենեւին էլ անայլընտրանք չէ։ Ու թեեւ անցյալ տարվա վերջին կանխատեսումները չափազանց դրական էին, իսկ այս տարվա հունվարին էլ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմաթ Հաջիեւն էր Berliner Zeitung-ին տված հարցազրույցում հերթական լավատեսության «դոզան» ներարկել եվրոպական հանրային կարծիքի մեջ, սակայն կյանքը լրիվ այլ բան է ցույց տալիս։ Կան չափազանց շատ հարցեր, որոնց առնչությամբ կողմերն ունեն եթե ոչ տրամագծորեն հակառակ, ապա գոնե իրար հետ քիչ համընկնող տեսակետներ։

Ավելին, դեպի խաղաղություն ընթացքը Երեւանում եւ Բաքվում տարբեր արագություններով է ընթանում։ Նունիսկ «խաղաղության» ընկալումն է Երեւանում եւ Բաքվում տարբեր։ Եթե Երեւանի համար այն «դեմքը փրկելու» համար է, ապա Բաքվի համար տարածաշրջանում ինքնահաստատվելու միջոց է։

Այս ամենի հանրագումարում կրկին հանգում ես հին ու բարի ճշմարտությանը․ հակամարտող կողմերի միջեւ խաղաղություն լինել չի կարող այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը միմյանց հանդեպ համարժեք փոխզիջումների չեն գնացել։ Փոխզիջումներն էլ պետք է լինեն իրապես փոխզիջում, ոչ թե միակողմանի զիջումներ։