Առաջարկել է բուհական շենքերը վարձակալության տալ

Առաջարկել է բուհական շենքերը վարձակալության տալ

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե՝ կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող կոմիտեն՝ որպես նոր մարմին, ստեղծվեց 2023թ. մայիսին, որպես բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի միասնական քաղաքականություն իրականացնող մարմին՝ մեկտեղելով նախկինում ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործած Գիտության կոմիտեի, Բարձրագույն որակավորման կոմիտեի, Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները:
Ի թիվս մի շարք հարցերի, խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը, մինչ այժմ կատարված աշխատանքներին եւ նախատեսվող քայլերին: Վարչապետ Փաշինյանը կարեւորել է ակադեմիական քաղաքում տեղակայվող բուհերի նախկին շենքերի արդյունավետ կառավարումը:

«Գուցե մեզ հարկավոր է նաեւ այսօրվանից գտնել ընկերություն, ով կտա հետագայում բուհական ֆիզիկական ենթակառուցվածքի կառավարման սխեմա, որովհետեւ մենք հիմա մտածում ենք, որ Երեւանում ինչքան պետական բուհական շենք կա, այդ բուհական շենքերը կարող են կենտրոնացվել եւ կառավարվել: Այսինքն՝ վարձակալության տրվի եւ այլն, եւ ամբողջ եկամուտն ուղղվի «Ակադեմիական քաղաքի» ֆինանսավորմանը: Կարծում եմ՝ այդ գույքի կառավարումն էլ է շատ լուրջ խնդիր, եւ պետք է մասնագիտացված, միջազգային հեղինակություն ունեցող ցուցակված ընկերություն գտնենք, ով գա եւ մեզ սխեմա առաջարկի, թե ինչպես է պետք կառավարել այդ ենթակառուցվածքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:  

Ստացվում է՝ կառավարությունը մի կողմից չունի բավարար ֆինանսական ռեսուրսներ իր՝ «Ակադեմիական քաղաք» մեգանախագծի ֆինանսավորումն ապահովելու համար, մյուս կողմից էլ՝ սրանով կարծես հաստատվում են այն կասկածները, որ քաղաքի կենտրոնում դատարկվելիք բուհական շենքերը վաղ թե ուշ դրվելու են կա՛մ վաճառքի, կա՛մ տրվեն վարձակալությամբ։