10 ամիս է կայք չունեն

10 ամիս է կայք չունեն

Լոս Անջելեսից Հայաստան տեղափոխված Զարեհ Սինանյանը մոտ 10 ամիս է՝ նշանակվել է սփյուռքի հանձնակատար եւ նրա առաջին քայլերից մեկը եղել է տվյալներով ահռելի բազա ունեցող սփյուռքի նախարարության նախկին պաշտոնական էջը ջնջելը։ «Սատրյոմ, սնովա նաչնյոմ» սկզբունքով առաջնորդվող Զարեհ Սինանյանը, սակայն, 10 ամսվա ընթացքում չի կարողացել ստեղծել սեփական կայքը, որտեղ կտեղադրեին իրենց հետ ինտերակտիվ կապի հասցեներ, տեղեկություններ, սփյուռքի ծրագրերով նորություններ։

Հատկապես կորոնավիրուսի համավարակի պայմաններում, երբ հազարավոր ՀՀ քաղաքացիներ այսօր դրսում հայտնվել են անօգնական վիճակում, մի մասն ուզում է գալ Հայաստան, մյուս մասը՝ գնալ, բոլորը տեղեկություններ են փնտրում հայրենիքի մասին, իսկ սփյուռքի հետ աշխատող կառույցը չունի կայք։ Յուրաքանչյուր «ճ» կլասի խանութ ունի սեփական կայքը։ Հանձնակատարի գրասենյակից փորձեցինք պարզել, թե ինչու մինչեւ հիմա կայք չունեն, չէ՞ որ այսօր սփյուռքի հետ կապի հիմնական միջոցն ինտերնետն է։ Գրասենյակի աշխատակազմից ստացանք հետեւյալ պատասխանը․ «Ի սկզբանե կայքը նախատեսված է եղել սփյուռքի նախարարության համար, եւ նախարարության լուծարումից հետո, պայմանավորված կառուցվածքային եւ գործառութային փոփոխություններով, անհրաժեշտություն առաջացավ ամբողջությամբ փոփոխել կայքի բաժինները եւ ծրագրերը:

Գրասենյակի` 2020 թ․ ծրագրերի հաստատումից հետո կայքի ծրագրավորումը սկսեց մեծ թափով առաջ գնալ, սակայն կորոնավիրուսի հետեւանքով դարձյալ առաջացավ որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն, որոնք դանդաղեցնում են կայքի գործարկումը»։ Նշենք, որ կորոնավիրուսը 2․5 ամսվա իրականություն է, իսկ նախորդ 6-7 ամիսներին ի՞նչ էին անում, չէ՞ որ կայք սարքելը 20, առավելագույնը՝ 30 օրվա գործ է։ Գրասենյակի մամուլի պատասխանատու Լյուսի Կարապետյանը փոխանցեց, որ ակտիվ գործում է իրենց ֆեյսբուքյան էջը, որի միջոցով շահառուներն ամեն օր ստանում են իրենց հետաքրքրող տեղեկատվությունը։ Նշենք․ ուղղակի ամոթալի փաստ է, որ մոտ 10 միլիոն սփյուռք ունեցող երկրի՝ սփյուռքի հետ աշխատող կառույցը կայք չունի։