«Եթե ոչ»-ի այլընտրանքը

«Եթե ոչ»-ի այլընտրանքը

Հայաստանի նորագույն շրջանի ավելի քան 30 տարվա պատմության ընթացքում իշխանափոխության պահանջներին միշտ հետեւել են իշխանափոխությանն առերեւույթ աջակցողների հարցադրումները՝ «եթե ոչ նա (իշխանության բարձրագույն ղեկավարը), ապա՝ ո՞վ»: Ղարաբաղյան Շարժման ընթացքում, երբ «Ղարաբաղ» կոմիտեն դեռ չէր հայտարարել, որ իշխանության է ձգտում, նույնիսկ Օպերայի հրապարակի ընդվզող ժողովրդի մեջ տարակուսած հարցադրումներ էին լսվում, թե կոմունիստներին ով կամ ովքեր պետք է փոխարինեն՝ առանց անգամ կասկածելու, որ Շարժման հարթակում կանգնած է ապագա իշխանությունը: Եվ երբ Հայոց Համազգային Շարժումն իշխանության եկավ, ակնհայտ դարձավ, որ կոմունիստներին փոխարինողներ իրականում կան: Կոմունիստական գաղափարախոսության անկումը, համակարգերի փոփոխությունները, նոր աշխարհակարգի ձեւավորումը եւ ժողովրդավարական Հայաստանի կերտման պահանջներն օրինաչափորեն հանգեցնելու էին իշխանափոխության: Այդ պահանջների հետեւում ողջ ապստամբ ժողովուրդն էր կանգնած:

Հայաստանում հաջորդ իշխանափոխության պահանջները սկսեցին լսվել եւ ուժգնանալ 1996թ. ՀՀ նախագահի ընտրություններին ընդառաջ: Այդ պահանջներին զուգընթաց, հանրային քննարկումների ասպարեզ էր նետվել «ո՞վ, եթե ոչ Տեր-Պետրոսյանը» հարցադրումը: Այն քաղաքական դաշտ էր նետվում արհեստականորեն, որպես լավ մշակված տեխնոլոգիա, եւ վտանգավոր էր, քանի որ կարող էր համակել հանրության մեծ հատվածների, որոնք թեպետ դժգոհ էին Տեր-Պետրոսյանի նախագահությունից, սակայն նրան այլընտրանք չէին տեսնում: 
1996թ. հունվարին «Ազգ» թերթում տպագրված «Այլընտրանք» վերտառությամբ հոդվածումս, կարեւորելով ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի առկայությունը, ընդգծեցի. «Լեւոն Տեր-Պետրոսյանի իրական մրցակիցը Վազգեն Մանուկյանն է, եւ, ըստ էության, ընտրությունը կայանալու է նրանց միջեւ: Ասել է թե՝ քաղաքական այլընտրանքը հանգում է Վ. Մանուկյանի թեկնածությանը»: Այս հոդվածս հասարակական-քաղաքական շրջանակներն ընդունեցին ոչ միայն կասկածներով, թե ընդդիմությունը միասնական թեկնածու կունենա, այլեւ սրերով, որ այդ թեկնածուն կարող է լինել Վազգեն Մանուկյանը: Մի քանի ամիս անց Վ. Մանուկյանը դարձավ ընդդիմության միասնական թեկնածուն, Տեր-Պետրոսյանի քաղաքական այլընտրանքը եւ փաստացի ընտրված նախագահը: Եվ պարզ դաձավ, որ «եթե ոչ Տեր-Պետրոսյանը, ապա՝ ո՞վ» հարցադրումն արհեստածին էր: 

1998թ. իշխանափոխությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ներիշխանական տարաձայնությունների հետեւանք էր: Տեր-Պետրոսյանի այլընտրանքը Ռոբերտ Քոչարյանը չէր, իսկ իշխանության իրական տերը Վազգեն Սարգսյանն էր, որի ընտրությունը, ի վերջո, կանգնեց Քոչարյանի թեկնածության վրա: 96-ի ընտրությունների արդյունքում իշխանությունից չհեռացած Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հեռանալ «հայտնի ուժերի» պահանջով: 

ՀՀ նախագահի հետագա բոլոր ընտրություններին ընդառաջ իշխանափոխության պահանջներն ուժգնացել են: Այդ պահանջներին զուգընթաց, ներհայաստանյան կյանք են նետվել նույն արհեստածին հարցադրումները. 2003թ.՝ «եթե ոչ Քոչարյանը, ապա ո՞վ», 2008-ին եւ 2013-ին՝ «եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ», թեպետ ներքաղաքական զարգացումների արդյունքում ձեւավորվել էին այդ այլընտրանքները՝ ի դեմս Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի: Այլ խնդիր է, որ 1996-ից ի վեր ընդդիմության այլընտրանքային թեկնածուները չկարողացան իշխանափոխություն իրականացնել՝ չնայած հանրության մեծ աջակցությանը: «Եթե ոչ նա, ապա ո՞վ» հարցադրումներն ասպարեզ են նետվում կոնֆորմիստների, քաղաքական պայքարի հանդեպ կրավորական կեցվածք ունեցողների համար, որոնք արագ որսում են հարցադրումները եւ եռանդագին շրջանառում: Նպատակը նույնն է՝ օրվա իշխանությանը զրկել քաղաքական այլընտրանքից՝ իշխանության պահպանումը դարձնելով անարգել: 

2018թ., երբ Սերժ Սարգսյանը գնում էր երրորդ անգամ զավթելու իշխանությունը, դարձյալ ասպարեզ էր նետվել «եթե ոչ Սարգսյանը, ապա ո՞վ» հարցադրումը: Եվ Նիկոլ Փաշինյանը, ում ընդամենը ամիսներ առաջ մերժում էր անգամ նրա երբեմնի թիմակից ՀԱԿ-ը, կարճ ժամանակում դարձավ այլընտրանք՝ վերցնելով իշխանությունը Սերժ Սարգսյանից, ինչն անհնար էր թվում 10 տարի շարունակ: 

Ներհայաստանյան քաղաքական պայքարի պատմությունն ապացուցել է, որ «եթե ոչ նա, ապա ո՞վ» հարցադրումն օդ է բարձրացել որպես հսկա օդապարիկ, որն աղմուկով պայթել է քաղաքական այլընտրանքների ի հայտ գալուն պես: 

Բացի այս հարցադրումից, մշակվել է իշխանության պահպանման եւս մեկ տեխնոլոգիա. հանրությանը վախեցնել նախորդ իշխանության վերադարձի հնարավորությամբ: Իշխանափոխությունը կանխելու համար 2003թ. հանրությանը վախեցնում էին Տեր-Պետրոսյանի վերադարձի հնարավորությամբ՝ փորձելով վերականգնել «մութ ու ցուրտ տարիների» հիշողությունը եւ Ղարաբաղի հանձնման հեռանկարը, իսկ 2013թ. հանրությանը սարսափեցնում էին Քոչարյանի վերադարձով՝ Մարտի 1-ի եւ կարծր կառավարման հիշողություններով: 2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում Տեր-Պետրոսյանի, 2013-ին՝ Ր. Հովհաննիսյանի առաջադրումը, 2018թ.՝ Ն. Փաշինյանի ղեկավարած հեղափոխության հաղթանակն ավելիով ապացուցեցին, որ նման տեխնոլոգիաները չեն աշխատում այն հանրության մոտ, որը տենդագին իշխանափոխության է ձգտում: 

Հետհեղափոխական այս ողջ ընթացքում եւս հանրությանը փորձում են վախեցնել Սարգսյանի եւ Քոչարյանի վերադարձի անհեռանկար հեռանկարով: Այդ տեխնոլոգիան բացահայտ եւ անթաքույց կիրառում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով հանրությանը մոլորեցնել-պահել նախկինների վերադարձի մութ թավուտում:

Նախկինների վերադարձով իշխանափոխության պահանջները կանխելը հանրության գիտակցության եւ հույզերի ուղղորդման հին տեխնոլոգիա է, որը կարող է աշխատել միայն որոշակի ժամանակահատվածի համար, առավել եւս, երբ իշխանափոխություն ակնկալողների մեջ նախկինների վերադարձը բացառող հանրության հատվածներ կան: 

Նիկոլ Փաշինյանի ինքնաեթերների հաճախականության աճին զուգահեռ, նվազում է նրա հանրային վարկանիշը, թեպետ խնդիրը միայն վարկանիշը չէ: Փաշինյանը կորցնում է լեգիտիմությունը: Իրավիճակն այլեւս չի հիշեցնում 2018 թվականը, երբ նա ուներ բացարձակ լեգիտիմություն: Լեգիտիմությունն իշխանության եւ հանրության համաձայնությունն է՝ ընդունել տվյալ իշխանության կառավարման իրավունքը, կառավարման ձեւը, մեթոդները, ուղեգիծը: Նույնիսկ վստահության բարձր քվեով ընտրված իշխանությունը կարող է կորցնել լեգիտիմությունը, երբ հանրության մոտ անհամաձայնություն է առաջանում կառավարման ձեւի, մեթոդների, քաղաքական ուղեգծի հանդեպ: Ընդ որում, իշխանությունը կարող է կորցնել լեգիտիմությունը՝ առանց այդ մասին անգամ կասկածելու: Լեգիտիմության կորստի հետ կառավարողները վաղ թե ուշ կորցնում են նաեւ իշխանությունը: Փաշինյանի կառավարման հանդեպ հանրության անհամաձայնությունն արագորեն աճում է: 

Փաշինյանի կառավարումն արդեն լրջագույն վտանգներ է առաջ բերում Հայաստանի պետականության համար.
1. վայրիվերումներով ուղեկցվող կասկածահարույց կադրային քաղաքականությունը 
2. Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վտանգավոր թեզերը՝ «կարգավորումը պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար», «լավրովյան պլանի» բացահայտումը եւ Երեւանի լռությունը 
3. բոլոր ոլորտներում իրավիճակի գնահատականի եւ ռազմավարության բացակայությունը
4. պետական նշանակության խնդիրների չընկալումը 
5. Փաշինյանի հուզախռով վարքագիծը, անընդունելի բառապաշարը, շատախոսությունը 
6. պետբյուջեի մսխումը եւ համակարգի կաշառումը պարգեւատրումներով 
7. կառավարման եւ որոշումների կայացման միահեծանությունը 
8. իշխանության չարաշահումը եւ իշխանությունների տարանջատման սկզբունքի արհամարհումը 
9. քաղաքական թիմում հակասությունների խորացումը: 
Այսեւայլ խնդիրներն առաջիկայում կարող են հանգեցնել կառավարման ճգնաժամի՝ առաջ բերելով իշխանափոխության խնդիրը, դրան զուգընթաց՝ «եթե ոչ Փաշինյանը, ապա՝ ո՞վ» կեղծ հարցադրումը: 

Հայաստանում իշխանափոխության պահանջներին զուգահեռ, առաջանում է նույնքան վտանգավոր մոտեցում, ըստ որի՝ «կարեւոր չէ, թե ով է գալիս իշխանության, կարեւորը՝ տվյալ իշխանությունը հեռանա»: Այս ձեւակերպումը շարունակաբար խեղել է հանրության քաղաքական գիտակցությունը՝ որպես հետեւանք հնարավոր դարձնելով «ազգովին խնդրելու» կանխատեսումը: Նախկիններին ազգովին մերժելուց հետո նոր քաղաքական այլընտրանքի ձեւավորումը դառնում է հույժ կարեւոր: 
Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում քաղաքական դաշտը հրկիզվել-մոխրացել է: Նաեւ այդ պատճառով է քաղաքական այլընտրանքի ձեւավորումը դժվար: 

Այդ այլընտրանքն առաջանալու է օրինաչափորեն, երբ հանրությունը որոշի եւ ձգտի կառուցել իրապես նոր, հզոր, արդար եւ ժողովրդավարական Հայաստան: Այլընտրանք միշտ էլ կա այն հանրության մոտ, որ դեռ չի կորցրել իր կողմնորոշիչները եւ անկախ պետականության հանդեպ սեփական պատասխանատվությունը: