Եթե կալանավորում են Միքայել Արզումանյանին, ինչո՞ւ է ազատության մեջ Ջալալ Հարությունյանը

Եթե կալանավորում են Միքայել Արզումանյանին, ինչո՞ւ է ազատության մեջ Ջալալ Հարությունյանը

 

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:

-Պարոն Շիրինյան, պատերազմից երկու տարի անց Հայաստանի գործող իշխանությունները պարտված պատերազմի համար մեղավորներ են փնտրում: Օրեր առաջ ձերբակալեցին ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին: Նա մեղադրվում է Շուշիի անկման համար:

-Եթե մարտի դաշտում լիներ Միքայել Արզումանյանը, կարող էր որոշակի իրավիճակային որոշումներ ընդունել, որոնք էլ իրենց հերթին կարող էին բացասաբար ազդել, սակայն, քանի որ Միքայել Արզումանյանը ՊԲ հրամանատար է, որը գտնվում էր բունկերում, ստրատեգիական քարտեզի առաջ, մշակում էր հետախուզական ծրագրեր՝ կոլեկտիվ կազմով, այլ ոչ թե միայնակ, ուստի նրան պետք չէ մեղադրել նման կարևոր նշանակություն ունեցող հարցերում: Ցանկացած որոշում նա համաձայնեցրել է Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի հետ: Այս ամենը փաստում է այն մասին, որ տեղի ունեցածի միակ մեղավորն Արզումանյանը չէ: Տարօրինակն այն է, որ վերջինս 12 օր հանդես եկավ որպես հրամանատար: Այստեղ ևս մեկ հարց է առաջանում. եթե կալանավորում են Միքայել Արզումանյանին, ինչո՞ւ է ազատության մեջ Ջալալ Հարությունյանը:

-Իսկ ինչո՞ւ չեն կալանավորում՝ ըստ Ձեզ:

-Ջալալի հետ կապված հավանաբար ունեն որոշակի խնդիրներ: Չեն կալանավորում, որպեսզի նրան անհանգստություն չպատճառեն:

-Այսինքն՝ վախենո՞ւմ են նրանից:

-Եթե խոսքը գնում է միտումնավոր պարտության տանելու մասին, ապա Հայաստանի և Արցախի իշխանություններին հանցակիցներ էին պետք, հետևաբար ՝ ո՞ւմ միջոցով պետք է նման քայլերի գնային, եթե ոչ՝ ՊԲ-ի ղեկավարության: Բոլորն անկախ իրենց կամքից դարձել են այս իշխանության հանցակիցը: Նրանք բոլորն էլ իրենց մեղքի բաժինն ունեն: Թե բունկերում ով է Ջալալ Հարությունյանի վրա մատ թափ տվել և բուն գործից ուշադրությունը շեղել, թող պարզի գործի քննությունը: Ինչո՞ւ բունկերում հայտնվեցին պատահական մարդիկ և այս մարդկանց ուշադրությունը շեղեցին:

-Այդ նույն Միքայել Արզումանյանը գործող իշխանությունների նշանակած կադրն է, եթե նրա հանցավոր անփութության պատճառով Շուշին ընկել է, սա չի՞ նշանակում, որ Փաշինյանը ևս մեղավոր է:

-Միանշանակ այս ամենը հենց Նիկոլ Փաշինյանով է պայմանավորված: Ամեն ինչի մեջ Նիկոլն ու Արայիկն են մեղավոր: Այժմ փորձ է արվում հասարակության մոտ տպավորություն ստեղծել, թե ինչպես պետք է հաջողություն արձանագրեինք, եթե բարձրաստիճան զինվորականները թերացել են: Ինչ էլ ասեն, մեկ է՝ շան գլուխն Արայիկի ու Նիկոլի տակ է թաղված: Բոլոր զինվորականներին փորձում են իրենց հանցակիցը դարձնել: Իրականությունն այլ է: Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, որ իրեն ասեն՝ մի «խեղճ հարիֆ», որի «ջեբը» պարտություն գցեցին զինվորականները: Նա այդ կարգավիրճակով փորձում է քարշ տալ իր գորշ գոյությունը:

 -Օրեր առաջ էլ Բրյուսելում տեղի ունեցավ հերթական եռակողմ հանդիպումը: Ի՞նչ կասեք այդ հանդիպման մասին:

-2018-ից սկսած Հայաստանի շահերը ներկայացնող չկա: Հայաստանը ներկայացնող չկա: Նիկոլն Ալիևի ներկայացուցիչն է: Նրանք եղբայրներ են: Հայաստանը մնացել է մենակ՝ բոլոր միջազգային կառույցներում: